«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվեն նաև Կաննի փառատոնի ֆիլմերը

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվեն նաև Կաննի փառատոնի ֆիլմերը

589

Սեպտեմբերի 24-ին Անի Գրանդ Հոթելում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին և արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Ասուլիսին ներկա էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի  տնօերն Սուսաննա Հարությունյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանարապետության դեսպանության մշակույթի հարցերով կցորդ  Աննա Մովյոն, Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի օգնական Հասմիկ Պետրոսյանը, Երևանում «Գյոթե» կենտրոնի ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մի շարք ներկայացուցիչներ և ուրիշներ:

Հայաստանը շարունակում է սերտորեն համագործակցել մյուս երկրների հյուպատոսությունների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների հետ փառատոնի շրջանակներում տարբեր հեղինակավոր կինոփառատոններում հաղթած, մրցանակների արժանացած ֆիլմերը մեր երկրում ներկայացնելու համար:

Այս տարի մեծ նշանակություն կտրվի ֆրանսիական ֆիլմերի ներկայացմանը Հայաստանում: ՀՀ-ում Ֆրանսիայի Հանարապետության դեսպանության մշակույթի հարցերով կցորդ Աննա Մովյոն ասաց, որ Մոսկվա կինոթատրոնում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ոչ միայն դասական, այլ նաև ժամանակակից ֆիլմեր. «ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ Առաջին հերթին կներկայացվի Կաննի կինոփառատոնի 2021 թվականի  ծրագիրը՝ Լեոս Կարաքսի «Անետ» (Կաննի բացման ֆիլմ), Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա» և մի քանի այլ ֆիլմեր»: Նրա խոսքով՝ կներկայացվեն նաև համատեղ արտադրության ֆիլմեր, որոնց շարքում են Հովիկ Հակոբյանի «Ստորգետնյա» և Ալեքսիս Պազումյանի «Լեռնային Ղարաբաղ. երկու երեխաներ  պատերազմում» ֆիլմերը:

«Գյոթե կենտրոն»-ի ղեկավար Միքելաձե-Բախսոլիանին ուրախությամբ նշեց, որ համագործակցում են արդեն 17 տարի.  «Ուրախ ենք որ փառատոնն այս դժվար տարիներին ևս գոյատևել է, իսկ մենք աջակցել ենք: Մեզանից զատ այս տարի «Ոսկե ծիրանին» աջակցել է նաև Գերմանիայի միջազգային օգնության հիմնադրամը»:

«Փառատոնը մշտապես անդրադարձել է մեր կինեմատոգրաֆիային և այս տարին բացառություն չէ»,- նշեց Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի օգնական Հասմիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ կինոփառատոնին ներկա կգտնվի իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի «Ոսկե արջ»-ի դափնեկիր, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդը: Հենց նրա  «Ահեդի ծունկը» ֆիլմով է տրվում 18-րդ կինոտոնի մեկնարկը: Լապիդը նաև վարպետության դաս կանցկացնի հանրության համար։

Հիշեցնենք նաև, որ այս տարի կինոփառատոնը առաջին անգամ համագործակցում է Արգետինտինայի դեսպանության հետ, ինչի արդյունքում կցուցադրվի նաև Ալեխանդրո Մանյոնեի «Մարոյի գաղտնիքը» ֆիլմը։

Մամլո ասուլիսի վերջում փառատոնի հիմնադիր  Սուսանա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

«Ոսկե Ծիրան»-ի 18-րդ միջազգային կինոփառատոնը Հայաստանում տեղի կունենա հոկտեմբերի 3-10 ընկած ժամանակահատվածում:

Կինոփառատոնի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ոսկե Ծիրան»- ի պաշտոնական կայքէջում:

Անի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել