«Լույսը բացվելու ա, ախպե՛րս, տուն ենք գնալու․․․»․ Տիգրան Արշակյան

«Լույսը բացվելու ա, ախպե՛րս, տուն ենք գնալու․․․»․ Տիգրան Արշակյան

1172

«Տիգրանը վառ անհատականություն էր, յուրահատուկ մարդկային տեսակ։ Ավելի ուշ հասկացանք, որ ամեն մեկս մի կերպար էինք մեր ընկերության մեջ, Տիգրանը լույսի ու բարության մարմնավորումն էր․․․ Ցանկացած հարցում հստակ գիտեինք՝ Տիկոն մի բան կանի»,- պատմում են հերոս Տիգրանի ընկերները։

 44 օրյա պատերազմն անտարբեր չանցավ նաև Արշակյանների ընտանիքի կողքով։

Հոկտեմբերի 14-ին անմահների շարքին դասվեց նաև Տիգրան Արշակյանը։ Հերոսը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից էր՝ հինգ տարվա սպասված զավակ։ Ծնվել էր 2000 թվականի դեկտեմբերի 16-ին։

Մոր՝ Աննայի խոսքերով՝ գեղեցկադեմ տղան փորքուց հետաքրքիր ու յուրահատուկ բնավորություն ուներ, ամեն փոքր բանի համար սիրում էր պայքարել, մինչև այն իրենը կդարձներ։ Սիրում էր բարձունքներ նվաճել, հետո հպարտանալ իր նվաճումներով։

«Տղաս երկու տարեկանում սարից Սուրբ ոտքով ա բարձրացել։ Շատ երկար ճանապարհ էր։ Տիգրանս մանկուց շատ ակտիվ ու ժպտերես էր»,- հիշում է  մայրը։

Իսկ քույրը՝ Էլենը, ասում է՝ իսկական հայ եղբայր է ունեցել և ավելացնում․ «Եղբայրս շատ մաքուր էր ու անկեղծ, բայց միևնույն ժամանակ՝ փակ։ Եթե որևէ բան լիներ, որից ինքը կնեղվեր, երբեք ցույց չէր տա, չէինք իմանա՝ ինչ է կատարվում, որովհետև միշտ ժպտում էր, կատակներ անում, բոլորիս ուրախացնում։ Երբեմն հոգուս հետ էր խաղում, արգելում էր որոշ բաներ, ու միշտ վիճում էինք էդ թեմաներով, հետո իրար պինդ գրկում։ Ուրիշ էր, բոլորից տարբերվող ու հոգատար։ Բոլորին օգնում էր ցանկացած հարցում՝ առանց սպասելիքներ ունենալու»։

Տիկին Աննան ասում է՝ Տիգրանը հոգով զինվոր է եղել միշտ․ «Ծառայության մեկնելուց առաջ անընդհատ ասում էր՝ «Ե՞րբ կլինի՝ ես էլ գնամ բանակ», իսկ երբ ստացավ ծանուցագիր, ոնց որ աշխարհի տերը լիներ։ Ուզում էր, շատ էր ուզում ծառայել։ Երբեք չի բողոքել ծառայությունից, շատ քիչ էր խոսում բանակային կյանքից, բայց ինչ էլ որ պատմում էր, մեջը բողոք չկար։ Համարյա ամեն օր զանգում էր, երբեմն օրը մի քանի անգամ, հարցուփորձ անում ամեն ինչից ու ամեն մեկից»։

Տիգրանի մարտական ընկերը՝ Արան, մեզ հետ զրույցում նշեց, որ երբեք չի մոռանա, թե ինչպես էր Տիգրանը պատերազմի դաշտում ոգևորում բոլորին․ «Ես վիրավոր էի, ուշագնաց, բայց տպավորությունն էնպիսին էր, ասես հա՛մ տեսնում էի Տիգրանին, հա՛մ լսում։ Գոռում էր․ «Ախպերս, խի՞․․․ Լույսը բացվելու ա, ախպե՛րս, տուն ենք գնալու․․․Դիմացի՛»․․․ Տիգրանը  բոլորիս փրկեց։ Երբ նա վիրավորվեց, նրանից երեք-չորս մետր էի հեռու։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ու չհասցրինք հասկանալ՝ ինչ կատարվեց։ Կես ժամից ավել կրակի գոտում էինք, անդադար կրակում էին։ Մի պահ ձայն տվեցի Տիգրանին, չպատասխանեց։ Հասկացա, որ նրա հետ մի բան էն չի, վազեցի մոտն ու տեսա, որ ընկած ա գետնին՝ վիրավորումներով։ Միակ բանը, որ էդ պահին մտքովս անցավ անել, դա ձեռքս նրա սրտին դնելն էր։ Հասկացա, որ զարկերակը խփում ա։ Միանգամից առաջին իսկ պատահած մեքենայով Տիգրանին  հասցրի մոտակա հոսպիտալ ու զանգեցի եղբորս՝ խնդրելով, որ տեղյակ պահի Տիգրանի ծնողներին՝ տեղափոխեն Երևան»։

Օրեր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈւԱԶ» մեքենայով 130 կմ անցնելով՝ իր ընկերներերին հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը ԱԹՍ-ն բեկորային մահացու վիրավորում է հասցնում Տիգրանին: Ընկերները նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: Այդ ընթացքում Տիգրանը կոմայի մեջ է հայտնվում և 4 օր կյանքի ու մահվան կռիվ տալով՝ մահանում։

Կոմայի մեջ Տիգրանը, լսելով մոր ձայնը, արտասվել է․ «Միակ մխիթարությունս այն եղավ, որ տղաս գոնե վերջին անգամ լսեց իմ ձայնը»,- եզրափակեց Տիգրանի մայրը։

Մարիամ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել