Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թիմը համալրվում է կազմակերպչական աշխատանքներին աջակցող նոր կամավորներով:
«Loft» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ Սիմֆոնիկ նվագախմբի աշխատակազմի և նոր կամավորների հանդիպումը: Հանդիպման սկզբում նվագախմբի փոխտնօրեն Աշխեն Բեգլարյանը ներկայացրեց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամավորներ» խորագրով նոր ծրագիրը՝ տեղեկացնելով, որ փորձելու են համակարգել 16–րդ համերգաշրջանի աշխատանքները:
Հանդիպմանը ներկա էին նաև նախորդ համերգաշրջանի կամավորները: Նրանք նույնպես ողջունեցին նոր կամավորներին և պատմեցին, թե ինչպես են անցնում աշխատանքները Սիմֆոնիկ նվագախմբում:
Կամավորներից Միլենան արդեն երկու տարի է՝ մասնակցում է նվագախմբի բոլոր ծրագրերին: «Շատ ուրախ եմ, որ մեր թիմը համալրվում է նոր կամավորներով: Այստեղ հրաշալի մթնոլորտ է տիրում: Հուսով եմ, որ շուտով կընկերանանք մյուս կամավորների հետ»,- ասաց նա։
Իսկ Թամարան, որը երեք տարի շարունակ կամավորությամբ է զբաղվել նվագախմբում, պատմեց, թե այդ ժամանակահատվածում ինչ հաջողություններ է գրանցել. «Սիմֆոնիկը մեծ հնարավորություններ է բացում երիտասարդների առաջ: Այս ընթացքում հասցրել եմ մի քանի լրատվամիջոցների հարցազրույցներ տալ, մանսակցել ԿԳՄՍ նախարարի հետ ասուլիսին, ծրագրի շրջանակում այցելել Երևանի ավագ դպրոցներ և շփվել աշակերտների հետ»:
Հանդիպման վերջում նոր կամավորները լրացրին հայտադիմումները և ծանոթացան համերգաշրջանի ծրագրին:
Անահիտ Նահապետյան
2-րդ կուրս