Արտաշես Քալանթարյանի 90-ամյակին՝ զեկուցումներով ու մրցանակներով

Արտաշես Քալանթարյանի 90-ամյակին՝ զեկուցումներով ու մրցանակներով

652

Սեպտեմբերի 16-ին լրացավ գրող, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի ծննդյան 90-ամյակը, ինչի առիթով  ԵՊՀ Ժուռնալիստիկայի  ֆակուլտետում կազմակերպվել էր մրցույթ։ Ուսանողներին նախապես ներկայացվել էին հետևյալ թեմաները՝ զեկույց կազմելու և ներկայացնելու համար՝ «Արտագաղթը և հայրենադարձությունը Ա․ Քալանթարյանի ստեղծագործության մեջ», «Ա․ Քալանթարյանը ՝ լրագրող», «Տեսաուղերձ Զավեն Շառաֆյանին («Իսկ դու որտե՞ղ էիր» ստեղծագործության գլխավոր հերոս)»։

Հանձնաժողովի անդամներն էին Ա․ Քալանթարյանի դուստր Ալիս Քալանթարյանը և որդին՝ Արտակ Քալանթարյանը, «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը,  Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանը, իսկ ժյուրիի նախագահն էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ և դասախոս Դավիթ Պետրոսյանը։

Մասնակիցներին տրվեց 10 րոպե՝ իրենց զեկույցները ներկայացնելու համար։ Հաղթողները ստացան մրցանակներ, որոնք հանձնեց Արտակ Քալանթարյանը։ Շողեր Սահակյանը և Բագրատ Մարտիրոսյանը ստացան 200000- ական ՀՀ դրամ, Էլիզա Գալստյանը և Մարինե Մկրտչյանը, հավաքելով հավասար միավորներ, ստացան 100000-ական ՀՀ դրամ, իսկ Թերեզա Հովհաննիսյանը, Աննա Հակոբյանը, Միլենա Մկրտչյանը, Իննա Թումանյանը, Զառա Ղազարյանը և Տաթև Ալիխանյանը  ստացան էլեկտրոնային «Քինդլ» գիրք։ Մյուս մասնակիցներին Արտակ Քալանթարյանը խոստացավ նվիրել Արտաշես Քալանթարյանի տպագիր գրքերից։

Մեզ հետ զրույցում մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագրի ուսանող Զառա Ղազարյանը հիշում է, թե ինչպես առաջին անգամ մտավ համալսարան, և առաջին դասը տեղի ունեցավ Արտաշես Քալանթարյանի անվան լսարանում․ «Մեր դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մեզ հարցրեց՝ արդյոք գիտե՞նք, թե ում անունն է կրում լսարանը։ Մենք չգիտեինք, և նա ասաց, որ պարոն Քալանթարյանը մեծ գրող և հրապարակախոս է։ Եվ ես մտածեցի, որ եթե լրագրող չդառնամ, հույս կա, որ գրող կդառնամ (ժպտում է)։ «Իսկ դուք որտե՞ղ էիք» գիրքն ընթերցելիս Զառան փորձել է իրեն պատկերացնել գլխավոր հերոսի դերում․ «Այս դեպքում նմանությունները շատ էին, որովհետև երկուսս էլ նույն համալսարանն էինք ավարտել, նույն ֆակուլտետը։ Ես ամբողջությամբ մոռանում էի իմ աղջիկ լինելը, մտնում Զավեն Շառաֆյանի կերպարի մեջ»։

Մեր հաջորդ զրուցակից Իննա Թումանյանը, որը ևս Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR  մագիստրոսական ծրագրի ուսանողուհի է, նշեց, որ ընտրել է առաջին թեման, քանի որ արագաղթը և հայենադարձությունն իր համար շատ կարևոր  և ցավոտ թեմաներ են,  ինքն էլ դրսում ապրող հարազատներ ունի․ «Երբ տեսա այս թեման, միանգամից սա ընտրեցի։ Կարդացի «Բացեք ձեր աչքերը» ժողովածուն և սկսեցի գրել»։

Ալյոնա Մուժիկյան

2-րդ կուրս

Կիսվել