Այսուհետև հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը կպատժվի օրենքով

Այսուհետև հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը կպատժվի օրենքով

584

Սիփան Ասատրյանը Երևանի ավագանու անդամ է: Նա ունի տեսողության խնդիրներ և իր աշխատանքի շնորհիվ փորձում է թեթևացնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները։

«Journalist.am»-ի հետ զրույցում պատմում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և առկա խնդիրների մասին։

-Ինչպե՞ս դարձնել Երևանն ավելի հարմարավետ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

-Պայմանների ցանկը մեծ է, այս պարագայում դրանք ձայնային լուսացույցերն են, շոշափելի սալիկների առկայությունն է քաղաքում և հասարակական վայրերում։ Քաղաքի որոշ խաչմերուկներում տեղադրված են նախազգուշացնող սալիկներ, որոնց հասնելուն պես անձն ազդանշան է ստանում, որ իր առջև խաչմերուկ կամ աստիճան կա, տարբեր խաչմերուկներում տեղակայված են ձայնային լուսացույցներ, ի դեպ, խաչմերուկների վրա տեղակայվող լուսացույցները ճանապարհային ոստիկանությունն է տեղադրում, իսկ հետիոտնային կանչով լուսացույցները՝ Երևանի քաղաքապետարանը։

-Կարողանու՞մ եք հանգիստ տեղաշարժվել, ի՞նչ առօրյա խնդիրների հետ եք առնչվում։

-Այո՛, հանգիստ տեղաշարժվում եմ, բայց դա կապված չէ միջավայրային հարմարավետության հետ. դա իմ հմտությունների հետ է կապված: Միջավայրային պայմանները բավարար չեն չտեսնող անձանց քաղաքում տեղաշարժվելու համար։

-Կարո՞ղ եք թվարկել փոփոխություններ, որոնք թեթևացրել են հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը, նաև  շնորհիվ Ձեզ:

-Ամենամեծ փոփոխությունը համարում եմ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր օրենքի ընդունումը, որն  ուժի մեջ է մտել 2021թ հունիսի 4-ին, օրենքն արդեն համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային, որը Հայաստանը ստորագրել էր 2010թ։

-Ըստ նոր օրենքի՝ ի՞նչ կարևոր փոփոխություններ են սպասվում։

-Եթե մինչև հիմա հաշմանդամությունը ճանաչվում էր բժշկական մոդելի հիման վրա, այսինքն՝ անձը դիտարկվում էր որպես հիվանդ խնամյալ և արտոնությունների կարիք ունեցող անձ, ըստ նոր օրենքի, անձի հաշմանդամությունը պետք է ճանաչվի ֆունկցիոնալության միջազգային դասակրագման հիման վրա, այսինքն՝ օրենքը միտված է լինելու անձի ֆունկցիոնալությունը վերականգնելուն և ոչ թե տանը փակելուն և միայն դեղեր կամ նպաստ տրամադրելուն։

-Դեռ զգու՞մ եք խտրական վերաբերմունք։

-Նշեմ, որ, ըստ նոր օրենքի, հնարավորություն է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների կողմից դատ բացելուն, երբ տեղի ունենա հաշմանդամի հիմքով խտրականություն, անձը ՀԿ-ի աջակցությամբ կարող է դատ բացել։

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում կրթական համակարգում։

-Նախ նշեմ, որ պետության քաղաքականությունը գնում է դեպի համընդհանուր ներառման, այսինքն՝ այլևս դպրոցներում չեն կարող մերժել երեխաներին, ովքեր ունեն կրթության առնձնահատուկ կարիք։

-ԵՊՀ-ում ի՞նչ ծրագրեր են իրականացվում, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետության համար։

-Պետհամալսարանը տրամադրում է անձնական օգնական, սակայն անձնական օգնականի պարտավորությունները, կարծես թե հստակեցված չեն. գործառույթները պետք է նշված լինեն, որպեսզի դա չմնա դասախոսների կամ համալսարանի ղեկավարության բարի կամքի դրսևորում։

-Կարող եք նշել մատչելի վայրեր, որոնցից անձամբ օգտվել եք։

-Մոլերը կարելի է համարել բավականին մատչելի. ներսում և մուտքի մոտ աստիճաններ չկան, հիմնականում պահպանված են ստանդարտները, ուղղակի չտեսնողների համար սալիկների գործածումը ապահովված չի։

-Այս տարվա ընթացքում Երևանի Քաղաքապետարանն ինչ նոր ծրագրեր կիրականացնի:

-Դա 100 արդեն գործող ավտոբուսներն են և ապագայում 211-ն էլ կներկրվեն, որոնք համապատասխան են լինելու եվրոպական ստանդարտներին՝ ցածր հատակով, ձայնային բարձրաձայն ազդարարման համակարգով, լուսատախտակով, որը, նաև չլսողների համար է  նախատեսված: Այս տարի պետք է թվով 63 հետիոտնային կանչով լուսացույց տեղադրվի քաղաքի տարբեր հատվածներում և այդ կանչող լուսացույցները հագեցած են ձայնային ազդարարման սարքերով, այսինքն՝ կոճակը սեղմելուց հետո, բացի կանաչ լույսից  նաև ձայնային ազդանշան է տրվում։

Մարիամ Ստեփանյան

3-րդ կուրս

Կիսվել