Լրագրության, տարիների փորձի և արտասահմանում կրթություն ստանալու մասին

Լրագրության, տարիների փորձի և արտասահմանում կրթություն ստանալու մասին

770

Լրագրող Ալինա Նահապետյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Չնայած երկար տարիների փորձի՝  նա զարգացնում է գիտելիքները և հմտությունները՝ շարունակելով իր կրթությունն արտասահմանում՝ Եվրոպայի քոլեջի Նատոլինի բաժանում։

-Ունեք հեղինակած հոդված, որը հրապարակվել էր Open Caucasus Media վրացական լրատվամիջոցում, որի շնորհիվ արժանացել եք մրցանակի: Ըստ Ձեզ, ո՞րն էր այս հոդվածի բացառիկությունը:

-Հոդվածի վրա աշխատելը բավական ժամանակատար էր։ Քանի որ նախկինում փակ հաստատությունների մասին հրապարակումներ չունեի: Անհրաժեշտ էր մանրամասն ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկների աշխատանքը, ծանոթանալ ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին։ Երկար ժամանակ հատկացրել էի Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հրապարակված զեկույցների ուսումնասիրմանը։ Քանի որ հոդվածը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող դատապարտյալների պահման պայմաններին, հարցազրույցներ էի ունեցել ցմահ դատապարտված, բայց վաղաժամ ազատված անձի հետ։ Հավաքագրված տվյալները բավական ծավալուն էին, և անհրաժեշտ էր հոդվածի այնպիսի կառուցվածք ընտրել, որը մատչելի կլիներ ընթերցողի համար։ Առհասարակ, ցանկացած հոդված, որի ստեղծման ժամանակ լրագրողն անում է իր տնային աշխատանքը, նա նոր հմտություններ է ձեռք բերում՝ լինի տվյալների վերլուծություն, հարցազրույց վարելու հմտություն, թե աղբյուրներից  օգտվելու հմտություններ:

-Դեռևս ուսանողական տարիներից աշխատել եք մասնագիտական տարբեր ուղղվածություններով և թղթակցել եք տարբեր կայքերի. ի՞նչ է ձեզ տվել տարիների փորձը։

-Փորձը, որը ձեռք եմ բերել աշխատելով թե՛ տպագիր, թե՛ օնլայն մեդիայում, և թե՛ հեռուստատեսությունում, հնարավորություն է տվել աշխատել լրագրողական տարբեր ժանրերում և տարբեր ձևաչափերում։ Շատ կարևոր է իմանալ մեդիայի ներքին խոհանոցը, արտադրական ամբողջ պրոցեսը՝ սկսած թեմայի ընտրությունից մինչև ընթերցողին հետաքրքիր ձևաչափով թեման ներկայացնելը։ Հասկանալ խմբագիրների մոտեցումները և այս կամ այն լրատվամիջոցի օրակարգը։

-Աշխատելով Հայաստանում՝ միաժամանակ գործակցում և թղթակցում էիք արտասահմանյան լրատվամիջոցների հետ. ի՞նչ ակնառու տարբերություններ ունեն տեղական և արտասահմանյան լրատվամիջոցները։

-Աշխատելոճի տարբերությունն ակնհայտ է։ Եթե հայկական մեդիայում աշխատելիս քո նյութը կարող է մեկ խմբագրի կողմից խմբագրվել կամ առհասարակ չխմբագրվել, հաշվի առնելով լրագրողի փորձն ու տվյալ լրատվամիջոցում տարիներ աշխատելու հանգամանքը, արտասահմանյան լրատվամիջոցում քո հոդվածը խմբագրման է ենթարկվում համաժամանակյա երկու խմբագրի կողմից, հետո ներկայացվում է գլխավոր խմբագրին կամ տվյալ բաժնի խմբագրին։ Անպայման իրականացվում է փաստերի ստուգում և ցանկացած տեղեկատվություն, փաստ, որը ներկայացվել է քո հոդվածում ստուգվում է, և դու, որպես լրագրող, պետք է ներկայացնես, թե որտեղից ես վերցրել այս կամ այն փաստը։

-Թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս մասնակցել եք բազում կրթական ծրագրերի և թրեյնինգների, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից ո՞ր ծրագիրը կառանձնացնեք։

-Բոլոր թրեյնինգները, որոնց ես մասնակցել եմ, չեն եղել ինքնանպատակ։ Լրագրողների համար նախատեսված շատ ծրագրեր կան, բայց անհրաժեշտ է, որպեսզի լրագրողը հստակ իմանա, թե իրեն ինչ կտա այս կամ այն ծրագրին մասնակցելը։ Կառանձնացնեմ OCCRP-ի հետաքննական լրագրողների համար նախատեսված ծրագիրը, որը ծանոթացրել է մեդիա շատ գործինքների հետ աշխատելուն:

-Այժմ սովորում եք Եվրոպայի քոլեջի Նատոլինի բաժնում, ինչո՞ւ նման որոշում կայացրիք:

-Եվրոպական քոլեջում սովորելու մասին սկսեցի մտածել, երբ աշխատեցի Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ՝ «Եվրոպան և մենք» հաղորդման շրջանակներում։ Այս տարի առաջին անգամ քոլեջում հայտարարվել էր հատուկ կրթաթոշակ հենց լրագրողների համար: Հաշվի առնելով մասնագիտական աճի հնարավորություններն ու միջազգային լրագրությամբ զբաղվելու հեռանկարները՝ կայացրի նման որոշում։

-Երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետին ի՞նչ նոր գիտելիք կարող է տալ Եվրոպական քոլեջը։

-Որքան սովորում ես, այդքան հասկանում, որ դեռ շատ բան չգիտես։ Սա գաղտնիք չէ, և սխալ է մտածել, որ եթե ունես համալսարանական դիպլոմ և մասնագիտությամբ աշխատում ես, ուրեմն սովորելու կարիք այլևս չկա։ Եվրոպական քոլեջում սովորելու հնարավորությունը բացառիկ է, քանի որ դու հնարավորություն ունես սովորել մի միջավայրում, որտեղ դասավանդում են ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն ունեցող պրոֆեսորներ։ Դու հնարավորություն ունես ծանոթանալ միջազգային առաջնորդների և քաղաքական գործիչների հետ ու քեզ հուզող հարցերը քննարկել կլոր սեղանների շուրջ։ 

-Կարո՞ղ եք նշել հայկական մեդիայի դրական և բացասական կողմերը։

-Հայաստանյան մեդիան այժմ չափազանց բևեռացված է։ Բայց դրականն այնն է, որ կան լրագրողներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ապացուցում են, որ Հայաստանում հնարավոր է զբաղվել որակյալ լրագրությամբ։

-Ի՞նչը կփոխեիք մեր լրագրությունում:

-Ընթերցողին թերագնահատելու մոտեցումը։ 

-Պրոֆեսիոնալ լրագրողի համար ի՞նչը պետք է լինի առաջնային։

-Մասնագիտական էթիկան։

Մարիամ Ստեփանյան

3-րդ կուրս

Կիսվել