Նորմալ խոսելուց մինչև տեսողության կորուստ․ համակարգչային խաղերը հանգեցնում են հոգեբանական, ֆիզիկական...

Նորմալ խոսելուց մինչև տեսողության կորուստ․ համակարգչային խաղերը հանգեցնում են հոգեբանական, ֆիզիկական և մտավոր լուրջ խնդիրների. մասնագետներ

985

Համակարգչային խաղերի խնդիրներն ու դրանց լուծումները երեխաների և դեռահասների շրջանում

«2 շաբաթ շարունակ միայն համակարգչային խաղեր եմ խաղացել ու տնայիններս չեմ ներկայացրել, իսկ ծնողներիս ստել եմ` ասելով, թե ամեն ինչ արված է»,-սա 11-ամյա Մարինե Զաքարյանի խոստովանությունն է, ով իր` համակարգչային խաղերից կախման խնդիրը գիտակցել է ծնողների օգնությամբ։

«Օրվա մեջ գրերթե 15 ժամ համակարգչի դիմաց էի լինում։ Դասապատրաստման համար տախատեսված 2-3 ժամն անցկացնում էի Roblox խաղալով։ Ծնողներս, կարծելով՝ լավ եմ սովորում, գումար էին տալիս, որ կարողանամ խաղալ։Սակայն մտածելով, որ դպրոցից կտեղեկացնեն ծնողներիս, որոշեցի պատմել նրանց»-ներկայացնում է Մարինեն։

Ներառական կրթության մասնագետ, մանկական հոգեբան Անի Սարգսյանը, ծանոթանալով իրավիճակին, առաջարկել է էկրանների առջև անցկացնելու ժամաքանակը հասցնել 2 ժամի։

«Ունեցանք 19 հանդիպում, որի ընթացքում նախատեսված 2 ժամը բաժանեցինք 20-20 րոպեների։ Այդպես նա օրվա մեջ խաղում էր մի քանի անգամ։ Սակայն ինձ ամենաշատը անհանգստացնում էր երեխայի` շփման կարիք չունենալը կամ մաքուր օդին զբոսնելու ցանկություն չունենալը»,-նշում է Անի Սարգսյանը։

Հոգեբանի փոխանցմամբ` արդյունքում երեխայի մանր-մունր ստերը վերացան, բարձրացավ պատասխանատվության զգացումը, նույնիսկ համացանցի միջոցով հասել էր որոշ հաջողությունների։

4-ամյա Արտակ Ավետիսյանի մոտ խնդիրն ավելի լուրջ է։ Մայրը պատմում է` տղայի վարքը տարբերվում է իր տարիքի երեխաների վարքից. նրանք խոսում են պարզ, իսկ իր բալիկը ո՛չ խաղում է մյուսների հետ,  ո՛չ խոսում։

«Տղաս հավելյալ սննդի հանդեպ հետաքրքություն չէր ցուցաբերում, մենք էլ մուլտերի միջոցով էինք կերակրում։ Բայց սկսեց քմահաճություններ անել ու անըդհատ հեռախոսը պահանջել։ 3 տարեկանում նա գիտեր հայերեն 20 բառ և շատ բառեր օտար լեզվով, բայց չկար մի նախադասություն, որը կասեր ամբողջովին հայերեն։ Հետո անտարբերությունը, օրինակ դրսում ավազով  խաղալու կամ ջրում թռվռալու հանդեպ, ինձ ստիպեցին հասկանալ, որ խնդիր ունենք»,-ներկայացնում է մայրիկը։

Մանկական հոգեբան Անի Սարգսյանը առաջին հանդիպման  ժամանակ նկատել է` չնայած մեկ նախադասության մեջ 3 լեզու կիրառելուն` երեխան չի արտաբերում ոչ մի լիարժեք նախադասություն։

«Մի քանի լեզուներ լսելուց երեխայի մոտ խանգարվել էր լեզվամտածողությունը, ինչի պատճառով չէր կարողանում մի լեզվով խոսել։ Չէր արձագանքում, հրահանգներին չէր ենթարկվում։ Բայց հաճախ բակ  իջնելը, տնից բացառապես առանց հեռախոսի դուրս գալը լավ ազդեցին երեխայի վրա։ 15-20 րոպե լացելուց հետո  շուրջն էր նայում ու հետաքրքիր բաներ փնտրում»,-նշում է հոգեբանը։

Մասնագետի ներկայացմամբ՝ թույլ էր զարգացած նաև երեխայի ուշադրությունը։ Բայց համեմատելով 1-ին և 11-րդ ամիսների արդյունքները` հոգեբանը վստահեցնում է՝  երեխան այլևս կախում չունի խաղերից, կարողանում է 3-4 բառից կազմված հայերեն նախադասություններ արտաբերել ու օրվա մեջ նայում է մուլտեր բացառապես հայերենով։

«Դպրոցում, երբ ուսուցչուհիս գրատախտակին բան էր գրում, չէի տեսնում»,- այս մասին պատմում է 8-ամյա Տիգրանը, ով շուրջ 3 տարի  ակնոց է կրում համակարգչային խաղերի պարճառով և ավելացնում՝ նախկին 3-4 ժամի փոխարեն խաղում է  2-2,5 ժամ, այն էլ՝ «Brawl Stars»։

«Եկավ ասաց լավ չեմ տեսնում գրատախտակը։ Մտածեցի ուղակի աչքերն են հոգնել, բայց ապահովության համար որոշեցինք ակնաբույժի դիմել։ Պարզվեց՝ իսկապես խնդիր կա։ Ակնոց նշանակեցին, բժիշկն էլ հատուկ խաղեր էր անցկացնում տեսողության լավացման համար, որոնք քիչ-քիչ սկսեցին օգուտ տալ»,- պատմում է Տիգրանի մայրը՝ Կարինեն։

Ակնաբույժ Աստղիկ Կյուրեղյանը փաստում է`  տեսողական խնդիր հիմնականում ունենում են դեռահասները։ Տարածված է, երբ երեխաները չարաշահելով համակարգիչների, հեռախոսների  առկայությունը, ունենում են աչքերի կարմրություն, հոգնածություն կամ ցավ։

 «Էկրանների չարաշահումը կարող է հանգեցնել աչքի չորացման և մեր արցունքների պաշտպանական ֆունկցիաների անկման։ Դա բերում է չոր աչքի համախտանիշի զարգացմանը։ Առողջ տեսողության համար ակնաբուժական օրենք կա, ըստ որի  30 րոպե համակարգչով զբաղվելուց հետո 10-15 րոպե պետք է ընդմիջել»,-ասում է ակնաբույժն ու ավելացնում՝ աչքերի պաշտպանման համար կարևոր է համակարգիչն օգտագործել դոզավորված, զբաղվել սպորտով և հետևել սննդակարգին։

Համակարգչային և մոբայլ խաղերի տարբերություններն ու առավելությունները

Rockbite Games ընկերության ինժիներ (Quality Assurance Engineer) Գուրգեն Գրիգորյանի խոսքով, ի  տարբերություն հեռախոսային խաղերի, որոնք ունեն թույլ գրաֆիկա, համակարգիչներն ավելի հզոր են։ Նույն խաղի համակարգչային ու մոբայլ տարբերակների գեյմփլեյն է տարբերվում։ Սակայն նշում է, որ մոբայլ խաղերը սկսել են ավելի լայն տարածում գտնել, քանի որ հեռախոսը միշտ մեզ մոտ է։

«Ասում են՝ խաղերը դրդում են դաժանության, սակայն կան շատ խաղեր, որոնք  օգնում են  մարդու միտքը, դատողությունը, վերլուծական կարողությունները մարզել։ Ես ինքս որոշ խաղերի միջոցով շատ բան եմ սովորել, դարձել եմ մանրուքների նկատմամբ ավելի ուշադիր, ավելի վերլուծողական եմ սկսել մտածել»,-վստահեցնում է Գ․Գրիգորյանը։

Օրենսդրական կարգավորումներ

Փաստաբան Արշակ Ղազարյանը նշում է՝ համակարգչային խաղերի ստեղծման և դրանից օգտվելու սահմանափակումների հետ կապված ՀՀ Օրենսդրությամբ որևէ կարգավորում չկա։

«Սա խնդիր է, և անհրաժեշտ է օրենսդրական կարգավորումներ մտցնել։ Մասնավորապես ստեղծել մի մարմին, որը կզբաղվի խաղ ծրագրավորողների լիցենզիայով և կսահմանի հատուկ կարգ»,- մեկնաբանում է փաստաբանը։

Խաղերի մասին

Երեխաների կողմից տարածված և սիրելի խաղերից են Brawl Stars-ն ու Roblox-ը։

Brawl Stars-ը շարժական MOBA(Multi Online Battle Arena) խաղ է, որը մշակվել և հրապարակվել է Supercell-ի (Բջջային խաղերի մշակման ընկերություն) կողմից: Համաշխարհային թողարկումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:

Խաղացողի նպատակն է առաջ ընթանալ խաղի գավաթի ճանապարհով, մասնակցել այլ խաղացողների հետ մարտերին, ինչպես նաև բացել և կատարելագործել յուրահատուկ ունակություններով հերոսների: Ամբողջ խաղի ընթացքում մասնակիցները հաղթանակի հասնելու համար պետք է սպանեն, թալանեն, ծեծեն բոլոր այն մասնակիցներին, ովքեր իրենց խանգարում են։ Երբ խաղացողը սպանում է թշնամուն, նրա բոլոր բյուրեղները ընկնում են գետնին, և ցանկացած այլ խաղացող կարող է դրանք վերցնել։Մասնագետները մտահոգված են, քանի որ խաղն ամբողջությամբ քարոզում է ագրեսիա, դաժանություն և ատելություն, հեշտությամբ ազդում է երեխայի վարքի վրա և նրան դարձնում ագրեսիվ։

Roblox-ը բազմաբնույթ խաղացողների առցանց հարթակ է, որը թույլ է տալիս օգտվողներին ստեղծել իրենց սեփական հարթակը և խաղալ այլ օգտվողների կողմից ստեղծված խաղեր: Պլատֆորմը պարունակում է օգտագործողների կողմից ստեղծված խաղեր և վիրտուալ աշխարհներ, որոնք ընդգրկում են ժանրերի լայն տեսականի։ Roblox- ը խաղացողներին թույլ է տալիս գնել, վաճառել և ստեղծել վիրտուալ իրեր: 2020 թվականից պրեմիում օգտագործողները կարող են նաև աքսեսուարներ պատրաստել: Խաղը մասնակիցներին կտրում է իրական կյանքից և տանում վիրտուալ աշխարհ, որտեղ ամեն բան հնարավոր է, և նա ամեն բան կարող է անել իր ցանկացածով։ Երեխաները այս ամենով տարված իրական կյանքում դրսևորում են իրենց այնպես, ինչպես խաղում՝ հաշվի չառնելով իրենց հնարավորություններն ու ընդունակությունները։

Անունները փոփոխված են

Մարիամ Թեյմուրազյան

3-րդ կուրս

Կիսվել