Հերոս Ռոլանդ Սարգսյանի ծննդյան 40-ամյակին նվիրված հուշարձան-պուրակը բացվեց Արագածոտնի մարզի Շողակն գյուղում

Հերոս Ռոլանդ Սարգսյանի ծննդյան 40-ամյակին նվիրված հուշարձան-պուրակը բացվեց Արագածոտնի մարզի Շողակն գյուղում

578

Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական շրջանում գտնվող  Շողակն գյուղում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Ռոլանդ Սարգսյանի ծննդյան 40-ամյակին նվիրված միջոցառումը, ապա` հերոսի հիշատակն անմահացնող հուշարձան-պուրակի բացումը։

Միջոցառմանը ներկա են գտնվել հերոսի ընտանիքի անդամները, զինակից ընկերները,  համագյուղացիները, ինչպես նաև հյուրեր` Երևանից, Արցախից ու ԱՊՀ երկրներից։ Նախքան հերոսի անմար հիշատակին նվիրված պուրակի բացման ու հուշաղբյուրի օծման արարողությունը,  ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, այնուհետև դիտեցին հերոսի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը։

Միջոցառման ժամանակ բարձրաձայն ընթերցվեցին 44-օրյային մասնակցած և զոհված զինծառայողների անուները, որից հետո հայրենասիրական երգերով ու պարերով ելույթ ունեցան «Կարին» ավանդական երգի-պարի համույթը, ինչպես նաև խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, հերոսի մասին պատմող ֆիլմի հեղինակ Սարգիս Սարգսյանը, սիրված երգիչ Դավիթ Ամալյանը, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը, Ապարան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը և Ռոլանդ Սարգսյանի զինակից ընկերները։

Սարգիս Սարգսյանը իր ելույթում նշեց, որ միշտ պետք է շնորհակալ լինել հանուն մեզ իրենց կյանքը չխնայած զինվորներին. «Իրենք չապրեցին, որ մենք ապրենք, ուրեմն պետք է ապրենք և պարտավոր ենք ապրել»,- ասել է նա։

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ռոլանդ Սարգսյանի հիշատակն անմահացնող խաչքար-հուշարձանին և քայլերթով այցելեցին հերոսի գերեզման։

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել