Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի Բանավեճի ակումբը վերսկսում է իր գործունեությունը։ Բանավեճի ակումբի նախագահ Դավիթ Թովմասյանը Journalist.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ուսումնական տարում ևս սպասվում է մեծ առաջնություն․ «Այս տարի սպասվում է դիսցիպլինար առաջնություն, այսինքն՝ բնագիտական հոսքի ուսանողները կմրցեն իրար դեմ, իսկ հումանիտարը՝ իրար։ Արդյունքում կունենանք երկու հաղթող։ Մոտ օրերս ավելի հանգամանորեն կներկայացնենք»:
Այն հարցին, թե ինչ փուլում են գտնվում այս պահին աշխատանքները, և երբ կլինի առաջնությունը, Դավիթ Թովմասյանը պատասխանեց, որ դեռևս կազմակերպչական փուլում են, նախապատրաստում են հայտը, իսկ PR խումբը զբաղվում է իրազեկման համար նախատեսված վիդեոհոլովակներով, և շուտով ուսանողները հնարավորություն կունենան գրանցվելու բանավեճի 2021թ․-ի առաջնությանը։ Մասնակիցները կանցնեն վարպետաց դասընթացներ և ապա մրցութային փուլին առավելագույն միավորներ վաստակած 16 թիմերը կսկսեն բուն առաջնությունը նոյեմբեր ամսից։
Հիշեցնենք, որ Բանավեճի ակումբը ակտիվորեն սկսեց իր գործունեությունը 2021թ․-ի մարտից։ Երկշաբաթյա դասընթացներից հետո միմյանց դեմ բանավիճեցին ավելի քան 16 թիմեր։ Եզրափակչում հաղթող ճանաչվեց Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից կազմավորված «Յանուս» թիմը։
Էլեն Թևոսյան
2-րդ կուրս