Memories

Memories

681

15․09.020/14։22 (զանգ)

-Ի՜, այ տղա՞, բարև։

-Բարև, բարև, ո՞նց եք, պատմեք տենամ։

-Այ տղա, մենք հեչ, դու քեզնից ասա, ո՞նց ա, հարմարվե՞լ ես արդեն։Հա, բա ինչ պիտի անեմ։ Ձեր դասերը ո՞նց ա, ի՞նչ եք անում։

-Նոր–նոր հունի մեջ ենք ընկել, տեսնենք ոնց կստացվի։

-Ա՞ն, Ան իրիկունը գրեմ խոսանք։

-Դէ՜, լավ, որ խնդրում ես(ծիծաղում է)․․․

15․09․2020/ 20։38

Ինչպես խոստացել էր, գրեց։ Խոսեցինք երկա՜ր, ամեն ինչի ու համարյա թե ամեն մեկի մասին։ Ես զարմանում էի իր այդքան դրական լինելու ու իր էներգետիկայի վրա։ Ամեն ինչ գիտեր բոլորի մասին, բայց շա՜տ քչերին էր վստահում, մոտ թողնում, ու քչերն էին նրան իրապես ճանաչում։ Բախտս բերել է այդ հարցում, ես այդ քչերից մեկն եմ։ Խոսակցության վերջում ասաց․

-Լսի, շատ եմ կարոտել,վաղն էլ լիքը ազատ ժամանակ ունեմ, զանգելու եմ հոգիդ հանեմ։

-Լավ, դէ էլ մի, ես դաս ունեմ ու զբաղված մարդ եմ։

-Հա բա, մի սովորող էլ լինե՜ս։

-Ըհըմ։

-Չէ, լուրջ զանգելու եմ։

-Դու հանգիստ ծառայի, արի, էդ ժամանակ կխոսենք։

-Լավ։

Բավական ժամանակ անցավ, ո՛չ ինքը գրեց, ոչ էլ իմ համարձակությունն էր տեղը․․․ Մտածում էի՝ լավ տեղ է ընկել, խնդիր չի լինի․․․

27․10․2020/ 07։40

Զարթուցիչ․․․

Արթնացա, աչքերս տրորեցի, սովորությանս համաձայն վերցրի հեռախոսս, որ քիչ հեռու էր դրված, մտա ֆեյսբուքյան էջս ՝ ստուգելու՝ ինչ նորություն կա։

«Հաղթելու ենք»։ Ընկերներիս մեծ մասն արդեն տեղադրել էին այդ օրերի խորհրդավոր բառակապակցությունն իրենց էջերում։ Մինչև ուշքի եկա, փորձեցի հասկանալ ինչն ինչոց է, տանեցիներն էլ զարթնեցին։ Դուրս թռա սենյակից, արդեն չեմ հիշում ինչ այլայլված տեսք էի ստացել ՝ մայրս վախեցավ։ Ասացի ՝ պատերազմ ա. ինչ-որ աշխույժ քննարկում սկսվեց տանեցիների միջև։ Էդ ընթացքում ոչ-ոք չէր էլ մտածում՝ պատերազմ կսկսվի․․․

«Մեր հավատքն անկոտրում է, հավատամքը անսասան,
Սերն է մեր հոգու սնունդը, վիրավորին բալասան․․․»

Հոկտեմբեր 3․․․

Անքուն օրեր էին, լարված էինք բոլորս, փորձում էինք մի փոքր օգնություն թիկունքից էլ ապահովել, թեկուզ մի չնչին աշխատանքով։ Ում աչքերին նայում էիր, բոլորը հույս տվող, կարեկցող թախծոտ ժպիտով հայացք էին նետում վրադ ու կախում գլուխը։ Բոլորը բոլորի հանդեպ ուրիշ էին, բոլորն ապրում էին բոլորով, ցավում մյուսի ցավով՝ համարելով իրենը։ Բոլորը շտապում էին․ ամեն մեկը մի-մի բան գրկած՝ մեկը տաք ծածկոց, մեկը նոր գնած գուլպաներ, գլխարկներ, ձեռնոցներ․ սահման պիտի ուղարկեին։ Կանայք, երեխաներ, ում հույսն այդ պահին մի զանգից էր կախված, ապավինում էին Աստծուն, եկեղեցուց դուրս չէին գալիս։ Զանգ կար, հույս կար, Աստված կար, լույս կար թունելի վերջում․․․

«Մեր թշնամուն մենք հաղթելու ենք, Աստուծով»։

Հոկտեմբեր 5

-Մա՜մ, դուռը․ լավ ես կբացեմ։

-Մա՞ր (ընկերուհին է) , եկա՞ր արդեն, ես մտածում էի կուշանաս։

-Ան, արի, բան պիտի ասեմ։

-Ի՞նչ կա, ասա տեսնեմ։

-Հովոն, Ան․․․(լացակումած)։

Աչքերս լցվեցին, ամեն ինչ պարզ էր, էլ ոչինչ հետաքրքիր չէր․ ե՞րբ, ի՞նչ, ո՞նց։
Ամեն ինչ մի պահ սառեց․ ես։ Տարօրինակ զգացողություն էր, ոչինչ չէի զգում, նույնիսկ լացս չէր գալիս։ Էդ պահին ամենամեղավորն էի ինձ զգում, մտքում մի նախադասություն էր պտտվում ՝ դու ես մեղավոր։

Սկսեցի հեծկլտալ․․․

Այդ օրվանից հետո սկսեցի ավելի շատ հավատալ՝ հաղթելու ենք․․․

Մտածում էի, որ, ինչպես պատգամավորներից շատերն էին ասում, անիմաստ չի նահատակվել ․․․

Բայց․․․ կարծում էինք հաղթեցինք, սակայն պարզվում է հանձնեցինք․․․

Հովոն չէր սիրում, երբ իրեն Հովհաննես էին ասում․․․

Ինքն ամենահամեստն էր, սուսիկ-փուսիկը դասարանում, միշտ որպես հաշտարարի իրեն էին տանում տնօրենի մոտ։ Գիտեր բոլորի գաղտնիքները, բայց ոչ-ոք չէր էլ մտածում այդ մասին (քչերս գիտեինք)։

Վերջին զանգի սցենարը ես պիտի գրեի, միշտ ասում էր․

-Ես ու Մարիամն ենք, չէ՞ հաղորդավարները լինելու, դէ բոյովները մենք ենք էլի․․․

Ես էլ վստահեցնում էի՝ ասելով, որ միայն իրենց խոսքերն են պատրաստ, ասում էի ոչ մեկին չեմ տա՝ իրենք են արժանի։

Միասին էինք գնում պարապմունքի։ Միշտ հարցնում էր․

-Ընկեր Գրիգորյանը իմ մասին բան չի՞ ասում։

-Բա ոնց չէ, ասում ա, որ շա՜տ համեստ, հավասարակշռված տղա ես, բարի ես, նպատակիդ էլ հաստատ կհասնես, որովհետև սկզբունքային ես․․․։

Հրճվում էր, որ ինձնից լսում էր էս խոսքերը ու ամեն պարապմունքից հետո կամ հաջորդ օրը նույն հարցն էր տալիս։

Մի օր դասամիջոցին կանչեց միջանցք, ձեռքիս գիրք կար (չեմ հիշում՝ ինչ գիրք), վերցրեց գիրքը, թէ՝ մի վայրկյան տուր, մեջը շոկոլադ դրեց, հետ տվեց․

-Դէ, դասարանի ամենալավ աղջկան, վերցրու․․․

«Toast to the ones that we lost on the way
‘Cause the drinks bring back all the memories
And the memories bring back, memories bring back you»

Անահիտ Ամիրխանյան
2-րդ կուրս

Կիսվել