«Ապրած և չապրած տարիներ»-ի հետքերով

«Ապրած և չապրած տարիներ»-ի հետքերով

545

«․․․Եվ կշարունակվեն Սերոբի և Հասմիկի չապրած տարիները, կշարունակվեն երկար, կտևեն դարեր, մինչև որ այս գերեզմանատունն էլ կանցնի գետնի տակ ու հողը կքարանա․․․։» Շատերիս հայտնի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործության հերոսների սիրո դժբախտ պատմությունը դարձավ դաս գյուղական խիստ ավանդույթները դատապարտելու և արմատախիլ անելու համար։ Երջանիկ երիտասարդները զոհ գնացին դարերից եկած անմիտ բարքերին։ Վարդգես Պետրոսյանը եղավ այն գրողը, ով այս ուսուցողական  ստեղծագործության միջոցով վեր հանեց մարդկային անազնիվ, սահմանափակ մտածելակերպը, ապացուցեց, որ մարդը պետք է ապրի այնպես, որ իր կյանքի տարիները իրոք համարվեն ապրած։ Իր ստեղծագործության մեջ Վարդգես Պետրոսյանը ներկայացրել է տարբեր ճակատագրեր, իսկ ամբողջ պատմվածքը պտտվում է երիտասարդներ Հասմիկի և Սերոբի ինքնասպանության շուրջ, որի միջոցով ցույց է տրվում իրական սիրո մեծ ուժը, և գյուղացիների անիմաստ ավանդույթների ողերգական հետևանքները։

Այս պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա։ Վարդգես Պետրոսյանը հազար ինը հարյուր վաթսունական թվականների գնում է Հրազդանի գյուղերից մեկը, որտեղ էլ, իմանալով այս պատմության մասին, որոշում է, որ այն պետք է դառնա իր գրքի մի մասը, որպեսզի ապագա սերունդը չմեծանա նույն տաղտուկ միջավայրում։ Դեպքերը տեղի են ունեցել Վերին Ախտա (այժմ Լեռնանիստ) գյուղում։ Հերոսների իրական անուններն են Իսաբեկ և Ելիս։ Հեղինակը  հանդես է գալիս Լևոն կեղծանվամբ, ով հայտնի լրագրող է, որին էլ վստահված է ինքնասպանության մասին նյութ գրելը։ Լևոնը, գալով գյուղ, ապշում է, երբ տեսնում է գյուղացիների դատապարտող հայացքները, որոնք դաջված էին անգամ երիտասարդների ծնողների երեսին։ Թվում է, թե այս սարսափելի պատմությունը կարեկցանք և ցավ պետք է արթնացնի գյուղացիների, ուսուցիչների, տնօրենի մեջ։ Սակայն ամեն ինչ լրիվ հակառակն է։ Անգամ դատապարտվում են այն աշակերտները, ովքեր մասնակցում էին իրենց համադասարանցիների թաղման արարողությանը։  Պարզվում է, որ սերը այդ ժաանակներում անզոր է եղել դարերով արմատացած և իր բույնը դրած ավանդույթների դեմ։ Սիրահար պատանիները գերադասում են մեռնել, քան ապրել ամոթանքի մեջ, որը պատասխանն էր իրենց անկեղծ սիրո։ Այս պատմությունից անցել են  տասնյակ տարիներ, սակայն գյուղում մինչև այժմ այն հիշում են, պատմում, սերունդներին դաստիարակում այլ ոգով, որպեսզի նմանատիպ անիրավ դեպքեր այլևս չկրկնվեն։ Այժմ գյուղը գտնվում է ավելի լավ վիճակում։ Վերացել են այդ գաղափարները և բռնի սովորույթները։

Այս ստեղծագործությունը շատերին է վերափոխել, ովքեր հասկանում են, որ մեզ տրված կարճ կյանքը պետք է ապրեցնել միայն սիրով և ջերմությամբ։ Տարիները մարել են տխեղծ և բիրտ ավանդույթները գյուղացիների մտքերից։ Իսկ Հասմիկի և Սերոբի (Ելիս և Իսաբեկ) գերեզմանատունը մնացել է որպես կյանքի դաժանության լուռ ու անխոս վկան, որ դարեր հետո կանցնի հողի տակ, սակայն վեր հանելով սիրո հաղթանակած և հզոր էությունը։ Այս ստեղծագործությունը եկավ ևս մեկ անգամա անմահացնելու երիտասարդ զույգի սերը, իսկ չարախոսներին այլևս ոչ ոք չի հիշում։ Նրանք չէին էլ պատկերացնում, որ իրենց դատաստանը կկնքի ապագա սերունդը, և ի վերջո սերը կհաղթի՝ անգամ ժամանակին։

Սյուզաննա Դեմիրճյան

2-րդ կուրս

Կիսվել