Ինչպես ստուգել փաստերը և փաստերով էլ պատասխանել քաղաքական գործիչների մանևրներին

Ինչպես ստուգել փաստերը և փաստերով էլ պատասխանել քաղաքական գործիչների մանևրներին

525

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Մարտիրոսյանն առաջին կուրսից արդեն աշխատանքի է անցել Infocom.am  լրատվամիջոցում: Նա փաստեր ստուգող լրագրող է։ Նարեկի հետ զրուցել ենք փաստերի ստուգման, դրա կարևորության և կիրառման ամենապարզ եղանակների մասին:

-Ի՞նչ է փաստերի ստուգումը:

-Եթե շատ պարզ, ապա փաստերի ստուգումը գործիքների իմացություն է, որոնց միջոցով կարող ես ստուգել փաստերը, գտնել մանիպուլյացիաներն ու կեղծիքը, ինչպես նաև իրականացնել հետաքննություններ բաց տվյալներով (OSINT):

-Որքանո՞վ է այն արդիական այսօր:

-Կարծում եմ, որ փաստերի ստուգումն ապագայի մասնագիտություններից է։ Ամբողջ աշխարհում արդեն լայն կիրառում ունի լրագրության այս ժանրը, սակայն Հայաստանում մատների վրա կարող ենք հաշվել և՛ փաստեր ստուգող լրատվամիջոցներին, և՛ լրագրողներին։ Փաստերի ստուգումը միայն լրագրողների համար չէ, այն անհրաժեշտ է յուրաքանչյուրին, քանի որ այս գործիքներից ընդամենը մի քանիսի իմացությունը մարդկանց կազատի մանիպուլացվելու և քարոզչական հոսանքների տակ ընկնելու վտանգից։  Հետևաբար այն արդիական է, և այդպես լինելու է առաջիկա գոնե 100 տարիներին։

-Ի՞նչ փակ թեմաների եք բախվել՝ փաստերի ստուգում կատարելիս:

-Փակ թեմաներ հաճախ են լինում։ Հիմնականում դրանք լինում են ուժային կառույցների մասին նյութեր գրելիս։ Մասնավորապես ՊՆ-ն շատ փակ կառույց է, ու տեղեկություն ստանալը շատ բարդ է լինում։ Բացի սրանից, լինում են տարբեր իրավիճակներ, երբ հետաքննություններ, ուսումնասիրություններ անելիս ինչ-որ կետից առաջ գնալ այլևս չի լինում։ Նման դեպքերում սովորաբար կողքի եմ դնում այդ նյութը, սկսում եմ զբաղվել այլ թեմաներով, հնարավոր է մի ամիս, երկու կամ երեք ամիս անց վերադառնամ այդ թեմային ու արդեն ստացվի բացել այդ փակ թեմաները։

-Փաստերի ստուգման ի՞նչ պարզ գործիքներ խորհուրդ կտաք, որոնք կարող ենք օգտագործվել առօրյայում:

-Փաստերի ստուգման ամենապարզ գործիքները որոնողական համակարգերն են, նկարներ որոնելու հմտությունները։ Սակայն խնդիրը միայն գործիքն իմանալը չէ, այստեղ շատ կարևոր է հմտություններն ու քննադատական միտք զարգացնելը։ Գործիքներին տիրապետելը, բայց չֆիքսելը, թե ինչն է պետք ստուգել, իսկ ինչը ոչ, գործիքների իմացությունը հավասարեցնում է զրոյի։ Պետք է ցանկացած տեսած, կարդացած բառին հարց տալ։ Նույնիսկ երբ ամենամոտ ընկերդ քեզ ինֆորմացիա է փոխանցում, պետք է հարց առաջանա`  ճի՞շտ է, թե՞ ոչ։

-Ինչո՞վ է յուրահատուկ լրագրության մեջ հենց փաստերի ստուգման բաժինը:

-Վերևում նշեցի մի քանի կետեր, որոնք յուրահատուկ են դարձնում փաստերի ստուգումը, բայց բացի սրանցից կա մի այլ կետ, որը ինձ համար ամենակարևորն է։ Փաստերի ստուգման գործիքներին տիրապետելով և հմտությունները զարգացնելով` հնարավոր է գտնել ցանկացած տեղեկություն, որն անհրաժեշտ է։ Միայն համակարգիչ և համացանցին հասանելիություն ունենալով՝ կարող ես իմանալ ավելին, քան ամբողջ օրը շրջելով և մարդկանց հետ խոսելով։ Կարճ ասած, եթե ունես համակարգիչ և ինտերնետ, ուրեմն հասանելիություն ունես ամբողջ աշխարհին։

-Ամենաարդիական թեմաները Հայաստանում, որոնց շուրջ փաստերի ստուգում են իրականացնում:

-Ամենաարդիականը, երևի թե, կորոնավիրուսային հիվանդության մասին անընդհատ հնչող կեղծ տեղեկություններն են։ Բացի սրանից, մյուս թեմաները մեծամասամբ քաղաքական ուղղվածության են, քանի որ ամենաշատը քաղաքական գործիչներն են փորձում մանևրել, մանիպուլացնել, մոլորեցնել, ասել միայն այն, ինչն իրենց է հարմար, և այս ամենին հակազդելու, զսպելու և իրականությունը ներկայացնելու համար պետք է լինեն հենց փաստեր ստուգողները։ Մեր նպատակը ճշմարտության հասնելն ու մարդկանց չմոլորեցնելն է։

-Ի՞նչ հետաքրքիր դեպք է պատահել աշխատանքի  ընթացքում, որը մինչ օրս հիշում եք:

-Հետաքրքիր ու ազդեցիկ դեպք եղել է իմ առաջին հոդվածի ժամանակ։ Այդ հոդվածը գրելու ընթացքը բավականին երկար էր: Այն հրապարակելուց հետո հոդվածիս արձագանքեց Կոտայքի այդ ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա իմ գրած փաստերը որակեց իբրև անհիմն, որոշները՝ նույնիսկ կեղծ։ Սա հետաքրքիր էր այն իմաստով, որ իմ առաջին նյութն էր ու չէի սպասում, որ միանգամից այդպես արձագանք կգտնի, ու շատ լարվել էի։ Ամեն դեպքում ես պատասխանեցի Պետրոսյանի ներկայացրած կետերին, փաստեր ներկայացրի և ապացուցեցի, որ ոչ թե ես, այլ իրենք են սխալվում, որից հետո նա այլևս չանդրադարձավ հոդվածիս։

Շուշան Սիրադեղյան

3-րդ կուրս

Կիսվել