Լեռնագնացությունն՝ այլընտրանք

Լեռնագնացությունն՝ այլընտրանք

591

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Հովհաննիսյանն իր հանգիստը կազմակերպում է լեռնագնացությամբ։ Լիանան սկսնակ է, արշավների մասնակցում է ոչ մեծ հաճախականությամբ։ Անկեղծանում է՝ ամեն անգամ նոր դժվարությունների է հանդիպում։ Խնդիրներն հաջորդ անգամ շտկվում են։ Արշավներով սկսել է հետաքրքրվել 2018թ.-ից, երբ անդամակցել է ՀԲԸՄ սկաուտական խմբին։ Խումբն ունեցել է լեռնագնացության ակումբ, որի հետ էլ անցկացրել է իր առաջին արշավը։ Հետագայում խումբը փոխվեց, որոշ ժամանակ անց ակումբն այլևս չկար, սակայն Լիանան շարունակեց այս անգամ այլ արշավական խմբերի հետ։

-Ի՞նչը հետաքրքրեց Ձեզ լեռնագնացության մեջ, որ որոշեցիք հետագայում ևս արշավել։

-Առաջին արշավիս ուղղությունը Կապանու լեռն էր, բարձրությունը՝ 2781մ.։ Գնացինք հոկտեմբերին, ու ես գաղափար չունեի, որ այնտեղ կարող էր արդեն ձմեռ լինել, մտածում էի՝ սիրուն աշնանային արշավ է լինելու, բայց այնտեղ բավականին հաստ շերտով ձյուն էր։ Ես պատրաստված չէի, գնացել էի ոչ հարմարավետ կոշիկներով ու ամբողջ ճանապարհին ես ու խմբի մյուս անդամներն ինձ հետ մրսել ենք։ Ամբողջ ճանապարհին ես մտածում էի, որ էլ երբեք արշավների չեմ մասնակցի, քանի որ ճանապարհն առաջին անգամվա համար նախ երկար էր, հետո շատ ցուրտ էր, ու ես հոգնել էի։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ հասանք գագաթին, որովհետև այն տեսարանը, որը բացվում է գագաթին հասնելուց հետո, դրա համար արժե նույնիսկ երկու օր քայլել, միայն թե տեսնել՝ ինչ տեսարան է բացվում քո առաջ։

-Արշավը միայն հանգստի՞ եղանակ է։

-Ես միշտ լեռնային տուրիզմը համարել եմ թերապիա։ Բացի նրանից, որ դու ֆիզիկական ուժ ես ծախսում ու կոպվում ես, նաև կտրվում ես քաղաքային աղմուկից, կտրվում ես մարդկանցից։ Ամբողջ ճանապարհին քո մտքերը կենտրոնացած են բնությունը տեսնելու, վայելելու ու հանգստանալու վրա։ Արշավները մեծ հնարավորություն են նոր մարդկանց հետ ծանոթանալու համար։ Դու մի ամբողջ օր անցկացնում ես քո մոտ ընկերների հետ ու հենց այդտեղ է ձևավորվում ամենասիրուն հիշողությունները։ Ծանոթանում ես քո երկրին, այնպիսի պատմամշակութային եկեղեցիների ու կոթողներին, որոնք թաքնված են, ու իրենց հասնելու համար պետք է քայլես ինքնուրույն։ Այլ տարբերակ չկա, ոչ մի մեքենա քեզ այնտեղ չի հասցնի։

-Տարվա ո՞ր եղանակին է ավելի հարմար արշավելը։

-Սիրում եմ արշավների մասնակցել ամռանը, որովհետև ամբողջ ճանապարհի ընթացքում դու ծաղկած, կանաչ բնության միջով ես քայլում։ Արշավային ճանապարհները բավականին երկար են։ Մենք քայլում ենք մոտավորապես ամենաքիչը 15կմ ու ավելի շատ, սա փոքր արշավների մասին է խոսքը: Բացի այդ, ամառվա այդ շոգ եղանակին Երևանից ուղղակի փախչում ես լեռներ, որտեղ իրոք շատ հաճելի եղանակ է։ Նույնիսկ լեռներ կան, որտեղ ձյունն էլ չի հալել, իսկ օգոստոս ամսին ձյուն տեսնելն իրականում շատ հաճելի զգացողություն է։

-Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ արշավն իրականացնելու համար։

-Բոլոր արշավները սկսվում են առավոտյան 7-ին ու ավարտվում երեկոյան 7-ին կամ ամենաուշը 8-ին։ Առավոտյան խումբը Երևանից ուղևորվում է տվյալ ուղղություն։ Քանի որ ամբողջ ճանապարհը անցնում ենք ոտքով, բավականին երկար է տևում քայլելը, մոտավորապես 3-4 ժամ։ 1 ժամ մնում ենք գագաթին ու նույնքան էլ իջնում ենք։ Կարևոր պայման է այն, որ եթե արշավը 1 օրով է, պետք է մինչև մութն ընկնելը հասցնել իջնել գագաթից, քանի որ բնակելի տարածքներից շատ մեծ հեռավորության վրա ենք գտնվում։

-Ամենաերկար արշավը ո՞րն է եղել։

-Իմ ամենաբարձր գագաթն ու ամենաերկար արշավը եղել է դեպի Աժդահակ լեռ, բարձրությունը՝ 3597մ.։ Ճանապահը երկար էր, մենք մոտ 10-15կմ անցել ենք բեռնատար մեքենաներով, սովորական մեքենաների համար անանցանելի ճանապարհով։ Դրանից հետո 13կմ քայլել ենք դեպի գագաթ։

-Ավարտելուց հետո ո՞րտեղ եք իջևանում։

-Եթե արշավը մեկ օրով է, ապա սկզբնակետն ու վերջնակետը Երևանն է։ Հիմնականում արշավները սկսվում են որևէ բնակելի հատվածից, դա կլինի գյուղ կամ որևէ արվարձան։ Գագաթից իջնելիս այդ վայրում մեզ սպասում է մեքենան, որը բոլորիս հասցնում է Երևան։

-Ի՞նչ հմտություններ են պետք  սկսնակ արշավականին, որ խնդիրների քիչ հանդիպի ճանապարհին։

-Եթե արշավներին մասնակցում ես ոչ հարմարավետ կոշիկներով, ապա դա նախ դժվարացնում է քո ճանապարհը, երկրորդ ուղեկցորդների ու խմբի մյուս անդամների ճանապարհը։ Այդ պարագայում լեռներց իջնելիս դու սայթաքում ես ու քեզ օգնական է պետք։ Կամ քարքարոտ ճանապարհի դեպքում դու ստիպված ես դանդաղ իջնել, ու ուղեկցորդներից մեկը պետք է քեզ հետ լինի, որպեսզի չվնասվես։ Ուղղակի պետք է գիտակցել, որ բնակելի տարածքից գտնվում ես մեծ կիլոմետրերի հեռավորության վրա ու բնության մեջ ամեն բան կարող է պատահել։ Կարող ես արևահարվել կամ ցրտահարվել և այլն։ Հարկավոր է այդ ամենին պատրաստված գնալ։ Սկսնակ արշավականները անպայման պետք է հետևեն ուղեկցորդի հրահանգներին։

-Ե՞րբ կլինի հաջորդ արշավը, մտքեր կա՞ն արդեն։

-Հաջորդ արշավս անպայման լինելու է, որովհետև դեռ շատ գագաթներ ու շատ-շատ վայրեր կան Հայաստանում, որոնք ես պիտի տեսնեմ։ Օրինակ՝ Արագածը, Դիմաց և Արտանիշ լեռները, Հուստուփ լեռը, Թռչկանի ջրվեժը։

Քնարիկ Վարդանյան

3-րդ կուրս

Կիսվել