Մեդիա ակադեմիայի շրջանավարտները՝ հուշերով ու հաջողություններով

Մեդիա ակադեմիայի շրջանավարտները՝ հուշերով ու հաջողություններով

809

Շուրջ 100 ուսանողներ ավարտեցին Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան։ Ծրագրի վեց ամիսների ընթացքում ուսանողներին դասավանդել են Արմեն Գարամյանը, Կարեն Գիլոյանը, Շուշանիկ Հակոբյանը, Էդուարդ Քալանթարյանը, Ավետ Բարսեղյանը,  Մարատ Օրդյանը և այլք։ Դասերն ավարտվել են օգոստոսին, իսկ ավարտական երեկոն կայացել է սեպտեմբերի յոթին։ Ուսանողների մի մասն արդեն աշխատում է Հանրայինում։ 

Զրուցել ենք ակադեմիայի մի քանի շրջանավարտների հետ՝ հուշեր ու պատմություններ հավաքելու նպատակով։

Ակադեմիան ուներ երեք բաժին՝ մարզական լրագրություն, հաղորդավարություն և լրագրություն։ Էլենիտա Սարգսյանը, մի քանի ամիս սովորելով հաղորդավարության բաժնում, Լենա Մինասյանի՝ ակադեմիայի տնօրենի կողմից լրատվական բաժնում որպես լրագրող փորաձաշրջան անցնելու առաջարկ է ստացել։ «Գիտե՞ս՝ էդ պահին սառեցի, որովհետև աշխատանքից նոր էի դուրս եկել, սրտնեղած էի, ու պատկերացրու՝ քեզ կանչում են Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժին՝ փորձաշրջանի։ Առանց մտածելու ասացի՝ կգամ, ինձ ուղղակի ժամ ասեք»,- պատմում է Էլենիտան։

Էլենիտան հիշում է՝ ինչպես Ավետ Բարսեղյանը, ով հաղորդավարության բաժնի դասախոսներից է եղել, դասերից մեկի ժամանակ տեքստ է տվել իրեն։ Էլենիտան ընթերցել է, իսկ Ավետ Բարսեղյանը փորձել է հնարավոր բոլոր ձևերով շեղել նրան, սակայն տեսնելով, որ չի հաջողվում, ասել է՝ «Маладец»:

Իսկ Միլենա Առաքելյանը մարզական լրագրության բաժնում է սովորել։  Օլիմպիական խաղերի ժամանակ նետաձգության մեկաբաններից  մեկն  է եղել։ Հիմա ԲԿՄ (Բանակի կենտրոնական մարզական) ակումբի մամուլի քարտուղարն ու մամուլի պատասխանատուն է։ «Չգիտեմ ՝ լացեմ, թե ուրախանամ։ Ավարտվում է կյանքիս կարևոր փուլերից մեկը»,- ասում է Միլենան։ Ուսանողուհին մեծ ձեռքբերում է համարում այն, որ դասախոսները դարձել են իրենց ավագ ընկերները։

Կարինա Տերտերյանն ավարտել է լրագրության բաժինը։ Աշխատելով 421 media group-ում՝ հայերիս է ներկայացնում ողջ աշխարհի գիտական զարգացումները։ Կարինան պատմում էր, որ մի անգամ Լևոն Սարդարյանը բարկացած եկել է իրենց մոտ ու խոսել այն լրագրողներից, որոնք իրենց անվանաքարտով դուրս էին եկել ու կռիվ էին անում․ «Ասում էր՝ էրեխեք, հիշեք՝ ով ինչ անի, ես ձեր մեջքին կանգնած եմ, բայց որ հանկարծ լրագրողի անվանաքարտով ընկնեք կռիվների մեջ, ձեռքիցս չեք պրծնի»։

Ավելացնենք, որ ուսանողներն այս տարի սովորել ու ավարտել են անվճար, սակայն անվճար ուսուցումը կլինի շարունակական, թե՝ ոչ, դեռևս պարզ չէ։

Լուսինե Մելիքսեթյան

2-րդ կուրս

Կիսվել