Չպատմված հուշեր անվանի հայ կոմպոզիտորների մասին

Չպատմված հուշեր անվանի հայ կոմպոզիտորների մասին

1269
Վլադիմիր Հախվերդյան և Սիլվա Մարդանյան
Վլադիմիր Հախվերդյան և Սիլվա Մարդանյան

76-ամյա Սիլվա Մարդանյանը բացառիկ հուշեր ունի հայ մեծանուն կոմպոզիտորների մասին։ Նրա ամուսինը՝ Վոլոդյա Հախվերդյանը, 1979-1991 թվականներին եղել է Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան տնօրենը։

Կոմպոզիտորների տունը, ըստ արխիվային տեղեկությունների, ստեղծվել է 1960-ական թվականներին։ Սկզբնական շրջանում բաղկացած է եղել 12 տնակից։ Յուրաքանչյուրում կար առանձին ռոյալ կամ դաշնամուր։ Որոշ ժամանակ անց տնակների թիվն ավելացավ ևս 13-ով, որպեսզի կոմպոզիտորները ստեղծագործելիս միմյանց չխանգարեն։

Վլադիմիր Հախվերդյան, Էդվարդ Միրզոյան, Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտորների տանը հեռուստացույց դիտել հնարավոր չէր, ոչ մի ալիք չէր միանում: Առնո Բաբաջանյանը և մյուս կոմպոզիտորները շատ էին սիրում ֆուտբոլ դիտել, և որպեսզի այդքան սպասված խաղերը բաց չթողնեին, հաճախ էին հյուրընկալվում Վոլոդյա Հախվերդյանի տանը: Այդպես էլ մի անգամ ֆուտբոլ դիտելու էին եկել Առնո Բաբաջանյանը և Ալեքսանդր Հարությունյանը: Այդ օրը խաղում էին Երևանի «Արարատը» և Մոսկվայի «Սպարտակը»:

Սիլվա Մարդանյանը պատմում է. «Բաբաջանյանը ապրում էր Մոսկվայում, ու թվում էր, թե կերկրպագի Մոսկվայի թիմին, բայց նա երկրպագում էր «Արարատին»: Իսկ Ալեքսանդր Հարությունյանը, ընդհակառակը, ամբողջ խաղի ընթացքում ոգևորվում էր Մոսկվայի «Սպարտակի» ունեցած հաջողություններով: Պատկերացնու՞մ եք` ինչպիսի վեճ էր սկսվել այդ երկուսի միջև: Բաբաջանյանը բարկանում է, ասում.

 -Ա՜յ տղա, ի՞նչ գործ ունես, հայկական թիմը թողած՝ Մոսկվայի թիմին ես բալետ անում:

Ալեքսանդր Հարությունյանը հարցնում է Բաբաջանյանին, թե ինչո՞ւ մեկնաբանի խոսքերի վրա չի բարկանում, իսկ իր ասածների վրա բարկանում է:

-Որովհետև նրան փող են տալիս, իսկ քեզ` չէ:

Ֆուտբոլային խաղն ավարտվում է, բայց երկուսն էլ շարունակում են նեղացած ու միմյանց վրա բարկացած մնալ: Ալեքսանդր Հարությունյանը մեքենա  չուներ ու եկել էր Բաբաջանյանի հետ` վերջինիս մեքենայով: Հիմա, քանի որ նրանք վիճել էին, Ալեքսանդրը չէր կարող Բաբաջանյանի հետ գնալ, դե Բաբաջանյանն էլ արդեն գնացել էր: Այն ժամանակ տաքսիների արժեքը մոտ երեք ռուբլի էր:  Ալեքսանդրը, որ պատրաստված չէր եկել, Վլադիմիր Հմայակիչից գումար է խնդրում, որ կարողանա վերադառնալ Կոմպոզիտորների տուն: Նրանց գնալուց հետո ամուսինս ասում է, որ  հիմա, եթե զանգահարի Էդվարդ Միրզոյանին,  նա կասի, որ երկուսն էլ գնացել ու սկսել են բողոքել: Շատ հաճախ էր պատահում, որ անձնական վեճերն ու խնդիրները կարգավորելու համար դիմում էին Միրզոյանին։

Քիչ հետո հենց Էդվարդ Միրզոյանն է զանգահարում ու ասում.

-Վլադիմիր Հմայակի՛չ, գոնե դու ասա, տեսնեմ` ո՞վ է մեղավոր:

Կոմպոզիտորների տանը հանգստացող երաժիշտները միայն ֆուտբոլ դիտելու համար չէ, որ գնում էին Վլադիմիր Հմայակիչին հյուր։ Սիլվա Մարդանյանի պատմելով՝ հաճախ այդ այցելություններն անսպասելի էին։

-Ես երբեմն անհանգստանում էի, դե բնական է, չէ՞ որ աշխարհահռչակ մարդիկ են:  Բայց նրանք զարմանալիորեն  ոգևորվում էին ամենահասարակ դետալներով: Ու մինչ մտածում էի՝ ի՞նչ պատրաստեմ, նրանք ուղղակի հարցնում էին, թե տանը ավելուկ կամ փիփերթ չկա՞: Առնո Բաբաջանյանը երկար տարիներ ստամոքսի խնդիրներ է ունեցել: Երբ գալիս էր Կոմպոզիտորների տուն, ինքն իր համար աղցաններ էր պատրաստում: Իսկ երբ մեր տուն էր գալիս, ես արդեն գիտեի, թե ինչ պետք է հյուրասիրեմ:

Կոմպոզիտորների հեղինակային համերգները տեղի էին ուենում Բեթհովենի անվան համերգասրահում, որ շահագործման է հանձնվել 1984 թվականից և ունեցել է 601 նստատեղ։ Երբ միջոցառումներ էին կազմակերպվում, Սիլվան ամեն ինչ անում էր, որպեսզի դահլիճը լեցուն լիներ։ Եթե, օրինակ, ուզբեկական «Յալլա» անսամբլի  համեգին մարդիկ իրենց ցանկությամբ էին գնում, ապա Վլադիմիր Սպիվակովին ավելի շատ ինտելիգենցիան էր ցանկանում լսել։

Առաջին շարքում՝ Էդվարդ Միրզոյան, Կարեն Դեմիրճյան, Ֆադեյ Սարգսյան, երկրորդ շարքում՝ Վլադիմիր Հախվերդյան, Ռևիկ Վարդանյան, Բաբկեն Սոսյան...
(1980-ականներ, Բեթհովենի անվան դահլիճի կառուցման ընթացքում)

-Քանի որ Կոմպոզիտորների տունն անտառի մեջ է, շատ հաճախ այնտեղ հասնելը դժվար էր։  Սպիվակովի համերգի համար մենք մեքենաներ տրամադրեցինք, ինչպես նաև բերեցինք «Իմպուլս» գործարանի աշխատողներին։ Վախենում էինք, որ նրանց համար Սպիվակովը հետաքրքիր չի լինի, բայց նրանք, չնայած աշխատանքը նոր էին վերջացրել և շատ հոգնած էին, ամբողջ ընթացքում շունչները պահած լսում էին մեծանուն ջութակահարին, – հիշում է ստեղծագործական տան տնօրենի կինը։

Սիլվայի հիշողության մեջ ևս մեկ դեպք է տպավորվել Կոմպոզիտորների տանը հանգստացողների մասին։ Ասում է ՝ շատերը սիրում էին իրենց ազատ ժամերին որսորդությամբ զբաղվել կամ ուղղակի զբոսանքների գնալ: Այդպիսի զբոսանքներից մեկից հետո Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Գրիգոր Հախինյանը, Ադամ Խուդոյանը  ու ևս մի քանիսը գնում են Վլադիմիր Հմայակիչին հյուր:

Էդվարդ Միրզոյան և Արամ Սաթյան

-Մեր տանը նույնպես դաշնամուր կար, առավոտյան ժամը հինգն էր, իսկ նրանք բոլորը հերթով նվագում էին: Մեր տունը սեփական չէր. բնակարան էր։ Ես անհարմար էի զգում ասել, որ գուցե հարևաններին խանգարում է նվագի ձայնը: Քանի որ դաշնամուրն իմ աղջկանն էր` Գոհարիկինը, ես ասացի.

-Հիմա հարևանները կասեն, թե Գոհարիկը ինչի՞ է էս ժամին սովորում երաժշտականի դասերը:

Էդվարդ Միրզոյանը ծիծաղելով ասաց.

-Հարևանները կասեն` Գոհարիկը գժվել ա:

Հինգն անց կեսին էր, երբ բոլորը գնացին, իսկ մենք պատրաստվում էինք քնել։ Նորից դռան զանգը լսվեց: Վոլոդյան բացեց դուռը:

-Վոլոդյա ջան, մոռացել ենք, բարի գիշերի կենացը չենք խմել,-ասել էր Էդվարդ Միրզոյանը։

Լուսինե Գուլյան

3-րդ կուրս

Կիսվել