Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ կանանց նկատմամբ բռնությունն ու կանանց դիմադրական պայքարն արտացոլող պարային ներկայացում:
Միջոցառումը կազմակերպված էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից: Ներկա էին երիտասարդներ, կոալիցիայի անդամներ, ովքեր կրում էին շապիկներ՝ «Մեղավորը բռնացողն է», «Բռնության մեջ ընտանիք չկա», «Կոտրենք բռնության շղթան» և այլ գրություններով: Երեկոն սկսվեց պարային ներկայացմամբ, որի միջոցով ցուցադրվում էր կանանց դիմադրական պայքարը:
Պարից անմիջապես հետո կոալիցիայի անդամները մարդկանց բաժանեցին մոմեր՝ ընտանեկան բռնությունների հետևանքով զոհ դարձած կանանց հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցելու համար։
Journalist.am-ի հետ զրույցում Կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ այս միջացառումների շնորհիվ փորձում են հաղթահարել մեր երկրում բռնության բարձր ցուցանիշը. «Կարողացել ենք հասնել հասարակական և հանրային դաշտում մտածողական, պատկերացումային փոփոխությունների, որպեսզի բռնությունների մասին չլռեն և, իհարկե, կա փոփոխություն. մարդիկ ընդունում են, որ խնդիրը առկա է՝ ի տարբերություն տարիներ առաջվա մերժողական վերաբերմունքի: Բայց, ցավոք սրտի, ցուցանիշներն ու թվերը չեն իջնում, և հատկապես անցյալ տարվա արհավիրքները, որոնց առճակատվեց մեր պետությունը, սրում են խնդիրը ընտանիքների ներսում»:
Միջոցառումն ավարտվեց ներկաներին միջոցառման կազմակերպիչների կողմից թռուցիկներ և բուկլետներ բաժանելով, որոնցում առկա են ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար գործող թեժ գծերի հեռախոսահամարները:
Հիշեցնենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ստեղծվել է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին՝ քսանամյա Զարուհի Պետրոսյանի դաժան սպանության դեպքի կապակցությամբ: Այդ իսկ պատճառով ամեն տարի հոկտեմբերի 1-ը կոալիցիան նշում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր:
Նկարները վերցված են Coalition to Stop Violence against Women էջից
Անի Հակոբյան
2-րդ կուրս