Կիբերհարձակումներն ու կիբերանվտանգության եղանակները

Կիբերհարձակումներն ու կիբերանվտանգության եղանակները

1013

Հնագույն քաղաք Տրոյայի բնակիչներն առաջիններից էին, որ դարձան տեղեկատվական պատերազմի զոհ։ Այսօր տեղեկատվական պատերազմները տարածվել են ամբողջ աշխարհում և համարվում են հզոր զենք։ Ժամանակակից աշխարհը պատերազմ է վարում մի քանի գոտում՝ ներառյալ համացանցը։ Տեղեկատվական պատերազմ, կիբերհարձակումներ ու պաշտպանություն այս տերմինները մեզ համար առավել կարևոր և շրջանառելի դարձան հատկապես 44-օրյա պատերազմի շրջանում։

Կիբերհարձակումների ու պաշտպանության եղանակների մասին զրուցեցինք կիբերանվտանգության մասնագետ Հակոբ Պապինյանի հետ։

Հակոբ, առաջին հերթին կցանկանայի՝ իբրև մասնագետ բացատրեիր, թե ինչ է կիբերհարձակումը։

-Կիբերհարձակումը համակարգչային համակարգերի վրա հարձակումն է տարբեր նպատակներով։ Նպատակները կարող են լինել շատ տարբեր՝ թե՛ տեղեկություններ գողանալը, թե՛, օրինակ, ներթափանցումն ընկերության համակարգիչներ և ոչ ցանկալի գործողությունների կատարումը։

Ո՞րն է ամենատարածված կիբերահարձակման եղանակը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից։

-Ամենատարածված հարձակումը ֆիշինգն է։ Սրա նպատակն է մարդկանց գաղտնաբառերի յուրացումը։ Այն տեղի է ունենում հետևյալ կերպ․ հաքերները պատրաստում են արդեն իսկ գոյություն ունեցող հայտնի կայքին արտաքնապես նման կայք, ուղարկում են մարդկանց, որոնք, չգուշակելով անգամ դրա կեղծ լինելը, մուտքագրում են իրենց տվյալնները և հայտնվում ծուղակում։

Պաշտպանվելու հիմնական եղանակն ուշադրությունն է։ Ուշադիր լինել, օրինակ, կայքի հասցեին․ facebook.com-ի փոխարեն կարող է պատահել facebok.com տարբերակը և այլն։

Ինչպե՞ս կարելի է խուսափել վիրուսներից, որոնք օգտատերի իմացությունից անկախ փորձում են խափանել համակարգիչը, սմարթֆոնները կամ պարզապես յուրացնել օգտատերերի անձնական տվյալները։

-Վիրուսներից ամենալավ պաշտպանությունն  օպերացիոն համակարգի անըդհատ թարմացումն է։

Ինչպե՞ս կարող է պաշտպանել իր անձնական տվյալները շարքային քաղաքացին։

-Հիմնական և մեծ խորհուրդս է չօգտվել հանրային վայֆայից, դնել բարդ գաղտանաբառեր, քանի որ սովորաբար մարդիկ հեշտ հիշելու համար բոլոր կայքերում օգտագործում են նույն գաղտանաբառը, ինչն անըդնունելի է։

Հետաքրքրեց հատկապես հանրային վայֆայից չօգտվելու հանգամանքը, քանի որ բոլորս շտապում ենք գտնել բաց վայֆայ ու միանալ։ Ուրեմն ինչո՞ւ խուսափել սրանից։

-Հանրային վայֆայների վրա չկա գաղտանաբառ, և թրաֆիքը փոխացվում է ոչ կոդավորված տեսքով։ Այսինքն յուրաքանչյուր հաքեր կարող է հեշտությամբ այդ վայֆայի միջոցով հետևել յուրաքանչյուրիս։

-Կարծում եմ՝ նկատի կունենանք։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Իսկ  հավելյալ խորհո՞ւրդ։

-Հիմնական հորդորս է լինել առավել ուշադիր անձնական տվյալների նկատմամբ, չվստահել ամեն կայքի և մուտք գործել  միայն ծանոթ հարթակներ. այդպիսով դուք կլինեք պաշտպանված։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել