«1080 ժամ»՝ ֆոտոպատմություն պատերազմից

«1080 ժամ»՝ ֆոտոպատմություն պատերազմից

602

«Սեպտեմբերի 27-ը հասարակ մի օր էր։ Սովորական օրերից ուշ վերկաց տվեցին, քանի որ կիրակի էր։ Արդեն 07։20` ստուգատեսն ավարտելուց հետո, օրվա պատասխանատուն  զորքն ուղեկցեց ճաշարան։ Երբ արդեն անձնակազմը շարված էր ճաշարանի դիմաց, հարևան զորամասի հրամանատարը հայտնեց․ «Սկսվելա, պատերազմը սկսվել ա․․․»։ Զինվորական անձնակազմին նաշաճաշ չտրվեց, ու հնչեց տագնապ ազդանշանը․․․»․ լուսանկարին կից գրված տեքստ է,
լուսանկարի, որ պատերազմի մասին պատմող ցուցահանդեսում է տեղ գտել։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 27-ին, Նկարիչների միությունում տեղի ունեցավ «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։

 «1080 Ժամ․․․ Անվերջությունից 1080 պակաս․․․ 1080 ժամը դարձավ պատմություն։ Ահեղ կռիվների մեջտեղում մենք ապրում էինք․․․ Պատկերներում այդ կյանք է՝ ապրելու և ապրեցնելու 1080 ակնթարթը, կռվի խաղաղ կողմը․․․»․ այս խորագրով ֆոտոպատմության հեղինակը 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՌՀ ուսանող Միքայել Նազարենկոն է, որը, իր պաշտպանական դիրքերից ամեն օր մի ակնթարթ լուսանկարելով, ստեղծել է  «1080 ԺԱՄ»-ը։

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով և մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների։ Հաջորդիվ ցուցադրվեց ֆիլմ, որտեղ պատկերված էին պատերազմից դրվագներ, պատմություններ զինվորների ապրումների մասին։

Միջոցառմանը ներկա էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որն իր շնորհակալական խոսքն ու խոնարհումն ուղղեց պատերազմի մասնակիցներին։ Նրա խոսքով՝ այս սերունդն ապացուցեց, որ այս երկրի տերն ինքն է, և հավելեց․ «Մենք պետք է ապրենք, աշխատենք, պայքարենք, հզորանանք և պարտադրենք խաղաղություն։ Ցանկանանք խաղաղ ճանապարհով լուծել մեր խնդիրները, իսկ դրա ամենահզոր ճանապարհը կրթված երիտասարդություն, հասարակություն ունենալն է»։             

Իր ելույթում  Միքայել Նազարենկոն շեշտեց․ «Ժամանակը գնում ա, կյանքը շարունակվում ա։ Մենք բոլորս պարտավոր ենք շարժվել առաջ։ Լուսանկարների կից գրված ա՝ «վերջ, որը կարող է դառնալ նոր բանի սկիզբ», և կարծում եմ, որ էսպես շարժվելով՝ մենք կարող ենք ավելի ամրանալ։ Չէ՞ որ ամեն մեկս զինվոր ենք, ուղղակի տարբեր մասնագիտություններով»։

Լուսանկարներում պատկերված են պատերազմի կենցաղն ու շարժումը։ Ամեն մի լուսանկարին կից հեղինակը թողել է մակագրություններ՝ «Ճանապարհ դեպի․․․» , «Լվացքի դասընթացներ առաջնագծում», «Թիկունքը հզոր» և այլն։  

Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության հավանավորությամբ, ՀՌՀ Ուսանողական խորհրդի, «Ֆորմիկա Արտ» կազմակերպության , Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ Նկարիչների Միության աջակցությամբ։

Ցուցահանդեսը բաց էր նաև սեպտեմբերի 28-29-ին՝  ժամը 11։00- 22։00։

Ալյոնա Մուժիկյան

2-րդ կուրս

Կիսվել