ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Եղիազարյանը զոհված զինվորների մասին գրքույկներ է պատրաստում և դրանք նվիրում հերոսների ընտանիքներին: Այդ փոքրիկ գրքույկներում հերոսների մանկության, պատանեկության կամ զինվորական ծառայության շրջանի լուսանկարներն են ու դրանց մեջ ամփոփված հիշողությունները։ Լուսինեի հետ զորուցել ենք իր նախաձեռնության վերաբերյալ:
-Ինչպե՞ս առաջացավ ֆոտոալբոմներ ստեղծելու գաղափարը։
-Հերթական պատվերս պատրաստելիս՝ մտածեցի, որ նկարներով կարելի է ինչ-որ գրքույկ ստեղծել, ու առաջին միտքը, որ ունեի, դա իմ զոհված ընկերոջ՝ Արմանի նկարներով գրքույկ ստեղծելն էր: Քանի որ ստացված ու հաջողված էր գրքույկը, որոշեցի մնացած իմ ծանոթների և ընկների նկարներով ևս պատրաստել ու նվիրել իրենց ընտանիքներին: Նարեկի, Վահագի, Արտակի գրքույկները սարքելու ընթացքում հասկացա, որ բոլորն էլ մեր հերոսներն են՝ անկախ նրանից՝ ճանաչել ենք իրենց, թե՝ ոչ: Որոշեցի, որ հնարավորության չափով շատ գրքույկներ պետք է պատրաստեմ ու նվիրեմ մեր հերոսների ընտանիքներին և այդպես էլ սկսեցի ֆոտոոլաբոմները ստեղծելը։
-Սկզբում նշեցիք, որ հերթական պատվերը պատրաստելիս է գաղափարը առաջացաել. կարո՞ղ եք մանրամասնել։
-Ինստագրամում էջ ունեի, որտեղ վաճառում էի իմ ստեղծած դիզայնով նոթատետրեր՝ օրը պլանավորելու համար նախատեսված, ինչպես նաև զինվոր ունեցողների համար նոթատետրեր: Երկու տարին հետհաշվարկ անելու համար, սթիկերներ և նման բաներ էի վաճառում, որոնց պատվերները պատրաստելիս էլ առաջացել է միտքը։
-Ինչպե՞ս եք պատրաստում ալբոմը, գուցե ինչ-որ հերթականությամբ, որը փորձում եք չխախտել։
-Նախկինում ունեի օրինաչափություն՝ էջերը պատրաստաված էին հատուկ գրություններով ու հերթականությամբ, որով բոլորը շարունակում էի պատրաստել, բայց, երբ գրանցումների ծավալը մեծացավ, կային տարիքով ավելի մեծ մարդիկ, հերոսներ, ովքեր չունեին այդ օրինաչափությանը համապատասխան նկարներ: Որոշեցի ինչ-որ հատուկ հերթականութամբ չպատրաստել, այլ ամենքի նկարները և ունեցած հիշողությունները հարմարացնել ու գտնել համապատասխան խոսքեր։
-Իսկ ի՞նչ օրինաչափություն եք կիրառում:
-Սկզբում փոքր տարիքի նկարներներից էր լինում ծնողների հետ, այնուհետև առանձին, համապատասխան գրությամբ. մեկը կարող եմ մեջբերել. «Աչքերիս առաջ մեծացած փոքրիկ տղան այսօր արդեն հավերժի զինվոր է», և խոսքերը ուղեկցվում էին հերոսի փոքր տարիքի և զինվորական շրջանի նկարներով, հետո արդեն դպրոցական տարիքից նկարներ կային, ընտանեկան նկարներ և վերջում՝ ընկերների հետ: Բայց այս օրինաչափությամբ այլևս չեմ աշխատում, այլ հերոսների ունեցած նկարները համապատասխանեցնում եմ ինչ-որ բանաստեղծությունների, երգերից հատվածների հետ։
-Դուք ինքներդ եք նվիրու՞մ ալբոմը զոհվածների ընտանիքներին. հետո պահո՞ւմ եք կապը նրանց հետ։
-Եթե բնակվում են Երևանում և հնարավորություն է լինում անձամբ հանդիպելու, հանդիպում ենք, իսկ նրանք, ովքեր ապրում են մարզերում, Հայփոստի միջոցով եմ ուղարկում։ Կապը, այո՛, բոլորի հետ պահում եմ, հատկապես նրանց, ում հետ հասցրել ենք հանդիպել: Ինձ համար մեծ պատիվ է իրենց ճանաչելը և շփվելը։ Իսկ նրանց, ում չեմ հասցրել տեսնել, հուսամ դեռ կհանդիպենք, բայց համացանցի միջոցով փորձում ենք շփվել և պահել կապը միմյանց հետ։
-Ինչպե՞ս եք որոշում՝ որ հերոսի համար պետք է պատրաստեք ալբոմը, մինչ նվիրելը զրուցու՞մ եք զինվորի ծնողների կամ ընկերների հետ։
-Սկզբում պատրաստել եմ ինձ ծանոթ հերոսների համար: Այնուհետև, երբ արդեն կար ֆինանս ու կարող էի շատ պատրաստել, ես ինստագրամում գրեցի այդ մասին, ընկերներիս խնդրեցի տարածեն, ու, կարելի է ասել, մեր հերոսների ընտանիքներն ինձ ընտրեցին։ Ես պատիվ ունեմ, որ իրենք ինձ են դիմել, ու ես կարողացել եմ ինչ-որ կերպ իրենց ժպիտ պարգևել։ Զրուցել եմ զինվորների ընկերների հետ, նաև շատերի ծնողների, բայց ես միշտ նախընտրում եմ ընկերների կամ բարեկամնրի միջոցով պատրաստել և ուղարկել, որպեսզի հերոսների ծնողների համար անակնկալ լինի։
-Բոլոր կատարված աշխատանքներից կարո՞ղ եք առանձնացնել մեկը, որի վրա երկար եք աշխատել, և ինչով է այդ աշխատանքը յուրահատուկ դարձել Ձեզ համար։
-Դա եղել է Սահակյան Տիգրանի գրքույկը, երբ իր քույրն ուղարկեց նկարները. ես երկար ժամանակ լուռ ուղղակի թերթել եմ։ Յուրահատուկ ինչ-որ բան կար Տիգրանի մեջ, ես երկար իր նկարներն էի նայում՝ չկարողանալով ընտրել դրանցից մի քանիսը ընտրել: Հետո սկսեցի իր ինստագրամը փնտրել, հասկացա, որ ինքը, նաև երգել է, ու Տիգրանի քույրիկի հետ շատ զրուցեցի, նոր բաներ իմացա Տիգրանից: Ափսոսում էի, որ 18 տարի եմ ունեցել նրան ճանաչելու համար, բայց չեմ ճանաչել։ Տիգրանը աստվածային ձայն ունի ու գեղեցկություն, նրան նաև Մոնթե են ասում: Նրա աշխատանքի վրա ամենաերկարն եմ տանջվել: Տանջվել երկու իմաստով՝ աշխատել եմ ամբողջ գիշեր և տանջվել եմ այն մտքից, որ իր նման լույս տղան ու ևս հազարավոր լույս տղաներ մեզ հետ չեն ֆիզիկապես: Հանդիպել եմ իր քրոջ հետ անձամբ, ու շփումը դեռ շարունակվում է, ինչի ցանկությունը ինձ մոտ շատ մեծ է, եթե Տիգրանին չեմ ճանաչել, գոնե իր քրոջ հետ կշփվեմ, իր ընտանիքի հետ:
-Երբ աշխատանքը ավարտված է լինում, ի՞նչ զգացողություններ եք ունենում այն զոհվածի ընտանիքին նվիրելիս։
-Իրականում շատ դժվար է լինում, որովհետև նորից վերապրում ես 44 օրվա դժոխքը, նորից հիշում ես ամենքի պատմությունը, բայց ծնողների արձագանքից հետո մի տեսակ հանգստություն կա, որովհետև հասկանում ես, որ կարողացել ես մի փոքր գոնե իրենց ժպիտ նվիրել: Նրանք հիմա շատ ունեն մեր ուշադրության, հոգատարության կարիքը, երբ զանգում ու շնորհակալություն են հայտնում, ես ինձ վատ եմ զգում, բայց ներսից մի փոքր ուրախություն է լինում, որ կարողացա իրենց մեջ մի փոքր լույսի շող տեսնել, կարողացա իրենց դեմքին ժպիտ նկարել, բայց դա իմ շնորհակալության ձևն է: Իրենց որդու, իրենց ամենաթանկի կյանքն ինձ են նվիրել, ու ես այս ձևով ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Իրականում շատ դժվար է և՛ աշխատանքը կատարելը, և՛ իրենց հետ կոնտակտի մեջ լինելը, նաև արձագանքներ լսելը։
-Ձեր նախաձեռնությունը շարունակական կլինի՞:
-Շարունակական կլինի, շուտով պատրաստած գրքույկների թիվը կհասնի մինչև հարյուրը, իսկ նոր գաղափարներ հնարավոր է ընթացքում լինեն: Մտածում էի ինչ-որ բան կարելի է ստեղծել մեր վիրավոր զինվորների համար, ովքեր ներկա պահին հիվանդանոցային պայմաններում բուժում են ստանում։
Մարիամ Ստեփանյան
3-րդ կուրս