ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն իրավունքի և իրավագիտության վերաբերյալ անցկացրել են օնլայն դաս-քննարկում

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն իրավունքի և իրավագիտության վերաբերյալ անցկացրել են օնլայն դաս-քննարկում

113

Հոկտեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովը կազմակերպել է առցանց հանդիպում, որին մասնակցել է ֆակուլտետի շուրջ 60 ուսանող։ Հանդիպման ողջ էությունը կայացել է իրավագիտության հետ ծանոթության և մի շարք իրավական հարցերի քննարկումներում։ Դասընթացը վարել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տաթև Մարտիրոսյանը։

Հանդիպման ընթացքում եղել է ակտիվ հարց ու պատասխան. ուսանողները հնչեցրել են իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու ստացել սպառիչ պատասխաններ։

Քննարկումներում իրավագիտությունը տարանջատել են ըստ կրողների ու սուբյեկտների, անդրադարձել  մարդու ընդանուր իրավունքներին։

Բուռն քննարկումներ են եղել նաև ՀՀ սահմանադրությամբ սահմանված իրավունքների  շուրջ։ Ուսանողների ուշադրությունն առավելապես գրավել են լրագրողի ազատ գործունեության հիմքերը հանդիսացող օրենքներն ու կարգավորումները, ինչպես նաև սահմանափակումներին առնչվող օրինագծերը։

Արդեն ավարտին Տաթև Մարտիրոսյանը պատրաստել ու հնչեցրել է 10 բլից հարց, ճիշտ տպատասխանողին էլ նվիրել է «Սրճարան աշխարհի ծայրին» գեղարվեստական գիրքը։ Բլից հարց ու պատասխանում հաղթել է 2-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Կյուրեղյանը։

Հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ։ Ուսանողների խոսքով՝  սա ու նմանատիպ դասընթացները շատ կարևոր են իրենց բովանդակությամբ, քանի որ և՛ հիշեցնում են իրենց անցածը, և՛ շատուշատ նոր գիտելիքներ տալիս։

Աննա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել