Կայացավ «La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսը և «Տարեք ինձ» երգի...

Կայացավ «La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսը և «Տարեք ինձ» երգի պրեմիերան

389

Սեպտեմբերի 8-ին Երևանի «Փարիզ» հյուրանոցի 12-րդ հարկում գտնվող «Մենամարտր» ռեստորանից լսվում էին հանճարեղ շանսոնիե Շառլ Ազնավուրի երգերը։ Ազնավուրյան մեղեդին հուշում էր, որ ժամը 17։00-ին պետք է սկսվեր Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսը, որին կհաջորդեր  «Տարեք ինձ» (Emmenez-moi) երգի պրեմիերան` հայերեն թարգմանությամբ և նոր գործիքավորմամբ։

Երաժշտությունը, լույսերը, գինով և ֆրանսիական պանրով լի հյուրասիրության սեղանը փարիզյան մթնոլորտ էին ստեղծում։

Ներկաներից 25-ամյա Զառա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման մասին տեղեկացել է «Newmag»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի շնորհիվ և ցանկացել է անպայման ներկա գտնվել.

«Կհամարձակվեմ ասել, որ այն, ինչ Ազնավուրինն է, նաև իմն է։ Ես կարդացել եմ «Newmag»-ի կողմից հրատարակված Ազնավուրի մյուս գրքերը, և սա բացառություն չէր կարող լինել»,-ասաց նա։

Միջոցառումը վարում էր Ազնավուրի գրքերի վերիֆիկանտ Հասմիկ Առաքելյանը, ով ողջունեց ներկա գտնվողներին հայերեն և ֆրանսերեն լեզվով։ Այնուհետև ցուցադրվեց տեսանյութ, որը պատմում էր Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի և «Տարեք ինձ» (Emmenez-moi) երգի  մասին։ 

Ուրախ մթնոլորտը փոխակերպվեց տխրության, երբ Հասմիկը անդրադարձավ «La Bohème. Անցած օրեր» գրքի թարգմանիչ Համլետ Գասպարյանի մահվանը։ Նա ծանր հիվանդությունից հետո մահացել է ընդամենը երկու շաբաթ առաջ։ «Newmag» հրատարակչությունը Ազնավուրյան շարքը ստեղծելիս համագործակցել է երկու ընկերների՝ Համլետ Գասպարյանի և Սամվել Գասպարյանի հետ։ Հասմիկը խոսքը փոխանցեց Սամվել Գասպարյանին, ով, ցածր և տխուր տոնայնությամբ խոսեց Համլետ Գասպարյանի մասին և ասաց, որ նրա մահվան լուրը չափազանց ծանր էր իր համար.

«Ես սովորել էի Համլետին, իսկ նա՝ ինձ։ Երբ որ ես թարգմանություն էի անում, Համլետը միշտ ականջումս էր»,- ասաց նա։

Սամվել Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա անձամբ ճանաչել և հանդիպել է Ազնավուրին։ Նրա խոսքով՝ Ազնավուրը հաճախ էր ասում, որ ինքը սկսում է այնտեղից, որտեղ իր հասակակիցները կանգ են առնում.

«Նա անընդհատ սովորում էր՝ ասելով, որ եթե ցանկանում ես երկար ապրել, պետք է ուղեղդ միշտ աշխատեցնես։ Նա անգամ 94-տարեկանում ճապոներեն էր սովորում»,-ասաց նա։

Սամվել Գասպարյանը խոսեց նաև «Տարեք ինձ» (Emmenez-moi) երգի մասին։ Նա գլուխը թեքեց Շուշան Պետրոսյանի կողմը և նայելով նրան՝ խոստովանեց, որ սկզբում չէր ցանկանում, որ Ազնավուրից բացի  ինչ-որ մեկը երգեր այդ երգը, որովհետև համոզված էր, որ այն միայն Ազնավուրն է կարողանում երգել.

«Մինչև Շուշան Պետրոսյանի երգելը, ես տրամադրված էի, որ պետք է ասեմ, որ այն լավ չի ստացվել, սակայն, երբ լսեցի նրա կատարումը, ցնցվեցի»,-ասաց Սամվել Գասպարյանը։ Շուշան Պետրոսյանը Սամվել Գասպարյանի խոսքերին պատասխանեց գլխի շնորհակալական շարժումով։

«Newmag» հրատարակչությունը Ազնավուրի երգերի հայաֆիկացումը իրականացրել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ գործընկերությամբ։ Հեռուստաընկերության PR պատասխանատու Հայկուհի Ասատրյանը հակիրճ խոսքով պատմեց նախագծի իրականացման մասին։ Նշեց, որ  մարդիկ լսում են Շառլն Ազնավուրին, նրա սիրտ շոյող երաժշտությունը, բայց չեն ըմբռնում նրա պոեզիան.

«Այս նախագիծը մեր բոլորի համար մեծ հնարավորություն է լսել, ճանաչել, հասկանալ պոեզիան և այն նուրբ, քնքուշ բառերը, որոնք թաքնված են Շառլ Ազնավուրի երգերի մեջ»-ամփոփեց իր խոսքը։

Հասմիկ Առաքելյանը նշեց, որ միջոցառման հովանավորն  Ամունդի ԱԿԲԱ-նն է: Ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը խոսեց ֆրանսերեն՝ թարգմանչուհի Զարինայի թարգմանությամբ։ Նա նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները դարավոր բնույթ են կրում, և Շառլ Ազնավուրն իր ուրույն ներդրումն է ունեցել այդ գործում.

«Պետք է ասել, որ Շառլ Ազնավուրը յուրօրինակ կամուրջ էր հայ-ֆրանսիական բարեկամությունը ամրապնդելու համար»,-ասաց նա։

Միջոցառման ժամանակ խոսեց նաև Շուշան Պետրոսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց իրեն այդքան մեծ պատվի արժանացնելու համար.

«Իմ ամենալավ երազում չէի մտածի երբևէ, որ կհանդգնեմ անդրադառնալ Ազնավուրի երգերին ու դրանք կատարել,- ասաց նա։

Նա հիշեց իր մանկությունից մի դրվագ, որը ճակատագրական էր եղել նրա համար։ Իր խոսքով՝ ինքը հենց Ազնավուրի շնորհիվ հայտնվեց երգարվեստում։ Նա ջերմ ժպիտով  հիշեց, թե ինչպես մաեստրո Երզնկյանի դստեր հետ գնացել էին Երզնկյանի մոտից բանալի վերցնելու, երբ պարզվեց, որ «Քեզ համար Հայաստան» երգի մեջ կար մի կտոր, որը ոչ մեկը դեռ չէր կատարել։ Երզնկյանի դուստրը հայտնել է հորը, որ Շուշանը լավ է երգում, և մաեստրոն խնդրել է Շուշանին երգել այդ կտորը։ Նրան հավանել են և տարել Ֆրանսիա, որտեղ էլ ելույթ են ունեցել Ֆրանսիայի առաջին հեռուստաալիքում.

«Դա դարձավ իմ առաջին պրոֆեսիոնալ ելույթը բեմում և առհասարակ առաջին քայլը երգարվեստում», – պատմեց նա։

Դեռ միջոցառման սկզբից բոլորը անհամբեր սպասում էին «Տարեք ինձ» երգի պրեմիերային, որը կայացավ միջոցառման ավարտին։ Երգի հնչյունները ստիպեցին մարդկանց մեղմ օրորվել, իսկ Շուշան Պետրոսյանը իր տեղում  նստած ձայնակցում էր երգին։ «Տարեք ինձ» երգը հայերեն թարգմանել է Պերճ Թուրաբյանը, երգի գործիքվորումը կատարել է Մարտին Միրզոյանը։

Միջոցառման ավարտին խոսեց ««Newmag»-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Ազնավուրին նվիրված շարքի ստեղծմանը իրենց ավանդը ներդրած մարդկանց։ Ըստ նրա՝ այս երեկոյի օրվա խորհուրդը միմյանց նկատմամբ խնամքով վերաբերվելն է.

«Վերջին մեկ տարին ցույց տվեց, որ մենք երբեմն այնքան անփույթ ենք, որ չենք նկատում, որ մարդն ամենափխրուն էակն է, և նա, ով մեր կողքին է, վաղը կարող է չլինել։ Այդ իսկ պատճառով պետք է խնամքով վերաբերվենք մեկս մյուսի հանդեպ»,-ասաց նա։  Միջոցառման  ավարտին, ինչպես Ազնավուրի հոգին է պահանջում, Փարիզ հյուրանոցի «Մենամարտր» ռեստորանում հյուրասիրվեց գինի  և պանիր։

Քրիստինե Թորոսյան

2-րդ կուրս

Կիսվել