Աննա Խաչատրյանը՝ Մեդիա ակադեմիայի առաջին շրջանավարտ

Աննա Խաչատրյանը՝ Մեդիա ակադեմիայի առաջին շրջանավարտ

650

2020թ.-ին Հանրային հեռուստաընկերությունում  բացվել է Մեդիա ակադեմիա: Դիմորդները 3000-ից ավելի էին: ավարտել են 100-ը, իսկ հեռուստաընկերությունում աշխատանքի են անցել մոտ մեկ տասնյակ ուսանողներ։ Առաջին շրջանավարտներից է Աննա Խաչատրյանը, ով journalist.am-ին պատմել է Մեդիա ակադեմիայի հնարավորությունների, ձեռքբերումների և դժվարությունների մասին։

Աննա՛, որոնք են առաջին տպավորություններն ու զգացողությունները, որոնք ունեցել եք Մեդիա ակադեմիա մտնելիս։

-Երբ առաջին անգամ ոտք դրեցի Առաջին ալիք, մտածում էի՝ իմ տեղը չէ, միջավայրն անծանոթ, ի վերջո, հայտնի մարդկանց կողքին վախենում էի մնալ, խոսել, արտահայտվել։ Բայց երբ առաջին դասաժամին Մարատ Օրդյանը պատմեց իր կյանքի պատմությունը, մուտքը Հանրային հեռուստաընկերություն, հասկացա, որ ամեն ինչ նոր էր սկսվելու։ Փայլուն գաղափարներով, բարձր տրամադրությամբ ամեն անգամ գնում էի դասերին, որոնք սպասածիցս ավելի պրոդուկտիվ ու հետաքրքիր էին։

Ի՞նչն էր Ձեզ ամենաշատը մոտիվացնում այդ միջավայրում։

-Ոչ թե ինչը, այլ՝ ով. Մերի Ներսիսյանն իմ մոտիվատորն էր։ Ուզում էի լացել, գնում էի նրա մոտ, ուզում էի կիսվել հաջողություններով, գնում էի նրա մոտ: Կարճ ասած, ակադեմիայում, կարծես, մեր մայրիկը լիներ Մերին։

Նշեք ամենամեծ առավելությունը, որի համար արժե սովորել այնտեղ։

-Շփումը «էկրանի» մարդկանց հետ։

Որքանո՞վ է ազդել այս ակադեմիան լրագրության ոլորտի որակի վրա։

-Կարծում եմ՝ դրա մասին ավելի հստակ կարող է խոսել Հանրայինը: Բայց ակնհայտ է, որ այսօր մեկ տասնյակին հասնող մարդիկ արդեն աշխատում են «Լուրերում»:

Ամենամեծ բացահայտումը, որ ունեցաք այնտեղ  ուսանելու ընթացքում։

-Առաջինը բացահայտեցի ինքս ինձ ու սկսեցի հավատալ սեփական ուժերիս։

Ձեր առաջին ռեպորտաժը, որը առաջինն էր նաև պրոֆեսիոնալիզմի առումով, Տավուշի մասին էր։ Ի՞նչու հենց Տավուշը:

-Ինձ շատ է դուր գալիս մարզային լրագրությունը։ Տավուշն իմ մարզն է, և շատ եմ ցանկանում, որ իմ բոլոր լրագրողական աշխատանքները լինեն Տավուշի մասին։

Կարող եք ընդգծել թերություններ  կամ գուցե  ակնկալիքներ, որոնք չեն արդարացել:

-Իմ սուբյեկտիվ համոզմամբ՝ Հանրայինի Մեդիա ակադեմիայում ամեն բան բավականին լավ ու ճիշտ է կազմակերպված։ Այն ստացված է և լիարժեք։

Ձեր ամենամեծ ձեռքբերումը Մեդիա ակադեմիայից։

-Ստացած գիտելիքներն են, իմ ընկերները և դասախոսները՝ Աելիտա Չիլինգարյանը, Մերի Ներսիսյանն ու Լևոն Սարդարյանը։

Լինելով առաջին սերունդի ներկայացուցիչ՝ ի՞նչ խորհուրդ կտաք  ապագա  ուսանողներին։

-Խորհուրդ կտամ վստահ լինել իրենց կարողությունների վրա։ Այդ կարողությունների զարգացումը կնպաստի ոչ միայն Մեդիա ակադեմիայում սովորելուն, այլև հետագայում Առաջին ալիքում աշխատելուն։ Այս հնարավորությունը կմոտիվացնի նրանց։

Նարե Օհանյան

3-րդ կուրս

Կիսվել