Ապարանի գունավոր շենքերը՝ «Ապագայի շարժվող արվեստից»

Ապարանի գունավոր շենքերը՝ «Ապագայի շարժվող արվեստից»

1384

2018 թվականից ի վեր Ապարանը եկող-գնացողին շատ է հետաքրքրում: Նոր շունչ, նոր դեմք ու դիմագիծ, որ հաճելիորեն զարմացնում են թե՛ բնակիչներին, թե՛ հյուր եկածներին: 2018 թվականից ի վեր Ապարանում արտաքին փոփոխություններ շատ եղան: Բարեկարգվեցին մայթերը, ասֆալտապատվեցին և լուսավորվեցին փողոցները, իսկ բնակիչներին արվեստին ավելի մոտ դարձնելու համար գունազարդվեցին բնակելի շենքերը:

5 տարի է արդեն, որ Արմինեն չի ապրում իր ծննդավայրում`Ապարանում։ Որոշել էր այս տարի այցի գալ հարազատ քաղաք` կարոտն առնելու ու հանգստանալու: Քաղաքը անակնկալի էր բերել նրան: «Ո՞վ կմտածեր, որ նախկին հին շենքերով, նեղ մայթերով և քարքարոտ ճանապարհներով քաղաքն այսօր այսքան կփոխվեր»,- մեզ հետ զրույցում ասաց նա և հավելեց. «Ժամանակն իրենն ասում է»…  Այն հարցին` ինչն է ամենից շատ դուր եկել Ապարանի արտաքին փոփոխությունների մեջ, Արմինեն պատասխանեց` շենքերը: Մի բառ ասաց, բայց աչքերի փայլն ու հրճվանքն այդ պահին հազար բառի փոխարինեցին: «Գիտես`ինչ սիրուն են շենքերը`գունավոր, պայծառ: Անընդհատ ուզում եմ նայել ու մտնել բազմագույն ներկապնակի մեջ»,- շարունակեց հերոսուհիս, իսկ ես քմծիծաղ տվեցի. երևի չգիտի, որ ես էլ եմ այդ քաղաքից:

Ապարանում ամեն քայլափողին շենքեր են, որոնք այսօր նոր ոճով են ներկայանում բնակիչներին, տրամադրություն ստեղծում և փոխանցում։

Այս նկարն արվել է 2019 թվականին։ «Ապարանի ջուրը». աշխարհահռչակ նկարիչ Սոլուսն այսպես է անվանել իր նկարը:

Այս շենքում էլ ապրել է Արմինեն։ Շենքի նոր տեսքը շատ էր զարմացրել նրան:  «Մեր շենքը, հիշում եմ,  նախկինում շատ մռայլ էր։ Հիմա շատ է փոխվել․ հյուրընկալ է դարձել ու լավ տրամադրություն է հաղորդում շքամուտքի բնակիչներին: Մտնողին բարև, դուրս ելնողին հաջողություն է մաղթում շենքի պատին նկարված արտասովոր աղջիկը»,- պատմեց Արմինեն։ Վերջում էլ ասաց, որ ամեն մեկը մի կերպ է ընկալում պատին նկարվածը․ «Մեր շենքին նկարված աղջկան տատիկս նմանեցնում է արևի, բակի երեխեքն ել ասում են`կարծես վագր լինի»…

Նկարի հեղինակը Կարեն Աշիմյանն է: Նա նկարել է Ապարանը երեխայի դեմքով`նկատի ունենալով մարդկանց միամտությունը, մանկական անկեղծությունը և հավերժ երիտասարդ լինելը:

Շենքներին նկարելու մտահաղացումն Ապարանի համայնքապետարանինն է։ 2019 թվականին ապարանում տեղի ունեցած «Ապագայի շարժվող արվեստ» խորագրով միջազգային սիմպոզիումի շրջանակներում ներառվել է նաև գրաֆիտին: Ապարանի համայնքապետարանի տուրիզմի և գովազդի մասնագետ Մարիամ Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նպատակ են ունեցել գույներով ու կարևոր թեմաներով ողողել Ապարանի փողոցները. յուրաքանչյուր նկար կարևոր ուղերձ ունի:

Բաղրամյան փողոցում է այս շենքը. վերջերս գունազարդվեց: «Gyumri Street Art» կազմակերպությունն է հեղինակել: Նկարը պատկերում է կեղծ իրականությունը, ավելի կոնկրետ՝ ապատեղեկատվության վտանգավորությունը: Պատկերն աղճատված է։ Նույնը տեղի է ունենում նաև մարդու ներաշխարհում, երբ կեղծ լուրերի է բախվում: «Նկարը մեծ խորհուրդ ունի և միաժամանակ գեղագիտական հաճույք է պարգևում անցող-դարձողներին: Փորձում ենք արվեստի միջոցով ևս պայքարել ապատեղեկատվության դեմ»,- ասաց Մարիամ Քոչարյանը:

Բաղրամյան փողոցն իր Կոմիտասի ու Չարենցի շենքերով, Դարյանի փողոցը՝ այծեղջյուրի պատկերով: Այսօր այս փողոցները բնակիչներին ավելի ծանոթ են մեծ ու փոքր շենքերով, որ կրում են արվեստի շունչն ու գույներով արտացոլում նկարչի տեսածն ու զգացածը: Բնակիչներն անգամ կատակում են. ոմանց պատուհանից երևում է Արարատը, մեր պատուհանից էլ երևում են Կոմիտասն ու Չարենցը:

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել