«Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք…»
Հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում 2-րդ անգամ տեղի ունեցավ «Ոսկի սերմեր» անունը կրող մրցանակաբաշխությունը՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Էրիկ Գևորգյանի հիշատակին։ Կրթամրցանակի հովանավորը բեռլինաբնակ Մորիյո-Վիկտորիա-Զեյթունյան ընտանիքն է։ «Հայ Ձմեռ պապի» և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի համագործակցությամբ որոշվել է յուրաքանչյուր կիսամյակ հիմնադրամի 200․000 դրամի չափով սահմանած մրցանակը շնորհել ֆակուլտետի այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)․
• առաջադիմություն,
• գիտական նորարարություն,
• քաղաքացիական հանձնառություն
Մրցանակաբաշխությունը սկսվեց 14:00-ին։ Մինչ այդ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատի առջև հավաքվել էին «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, բարեգործ Լուսինե Զեյթունյանը, Էրիկի ծնողները՝ Արմեն և Էլմիրա Գևորգյանները և ֆիզիկոս Խաժակ Կարայանը, ով նաև Գևորգյանների ընտանիքի կնքահայրն է։
Մրցանակաբաշխությունը սկսվեց նախատեսված ժամին։ Այն տեղի ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի աշխատասենյակում։
Քիչ անց աշխատասենյակ մտան ֆակուլտետի տարբեր կուրսերի 3 ուսանողներ՝ Արզուն Գևորգյանը, Անահիտ Պետոյանը, Ասյա Հունանյանը, իսկ 4-րդ մասնակից Հրաչյա Ասատրյանը օնլայն էր միացել, քանի որ կոտրել էր ոտքը և ֆիզիկապես ներկա գտնվել չէր կարող։ Նրանք սկզբում ներկայացան և պատմեցին իրենց հետաքրքրությունների մասին։ Արզունն ասաց, որ ֆիզիկոս դառնալ երազել է դեռ մանկուց և իրեն ապագայում պատկերացնում է հենց այդ գիտության մեջ, իսկ Հրաչյան ֆիզիկոսների ընտանիքից է և չնայած 10-րդ դասարանում որոշել է այլ գծով շարունակել, բայց փոշմանել է։ Անահիտը իր ապագան տեսնում է Հայաստանի ատոմակայանում, իսկ Ասյան որոշել է ասպիրանտուրան շարունակել այլ երկրում, բայց վերադառնալ Հայաստան և զարգացնել ֆիզիկան սեփական երկրում։ Զրույցից հետո մասնակիցները դուրս եկան և քննարկում տեղի ունեցավ կազմակերպիչների միջև, որի արդյունքում մեկ հաղթողի փոխարեն ընտրվեցին երկուսը. որոշվեց 200.000 դրամը հավասարապես կիսել հաղթողների՝ Արզունի և Անահիտի միջև։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշում է, որ 4 ֆիզիկոսներն էլ փայլուն թեկնածուներ էին, քանի որ, ի հեճուկս իրենց երիտասարդ տարիքի, շատ բան են հասցրել անել՝ սովորելուն համատեղ աշխատել, դառնալ մրցանակակիր տարբեր ոլորտներում, տպել գիտական հոդվածներ, անցկացնել պրակտիկա դպրոցականների հետ և այլն։
Մասնակիցները նաև մոտիվացիոն նամակներ էին գրել, որոնցում իրենց երախտիքն էին արտահայտում Էրիկի և 44-օրյա պատերազմի մնացած զոհերին։ Հուզիչ էին հատկապես Հրաչյա Ասատրյանի հետևյալ տողերը․ «Ինձ համար մեծագույն պատիվ է Էրիկի պես հերոսի հետ ընդհանուր սկզբունքներ ունենալը։ Ես կուզեի, որ այդ գաղափարը լիներ շարունակական, և որ ես այդ շղթայի մի օղակը լինեի»։
Էրիկը, ով եղել է ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը, պատերազմ էր մեկնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո և իր գիտելիքներն իրացրել որպես թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։ Նա զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։
Մրցանակաբաշխություն ևս մեկ անգամ տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին և հաղթող է ճանաչվել ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ռուբեն Հարությունյանը։
Սեդա Կյուրեղյան
2-րդ կուրս