Պարը ՝ հոգու թռիչք. Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միությունը 20 տարեկան...

Պարը ՝ հոգու թռիչք. Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միությունը 20 տարեկան է

862

Հոկտոեմբերի 17-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության 20 ամյակին նվիրված գալա համերգ։

Միջոցառման բացումը ազդարարվեց Սարգիս Նաջարյանի խրոխտ ձայնով, և դահլիճը քարացած սկսեց սպասել առաջին ելույթին: Առաջինը բեմում էր Պարի պետական անսամբլը, հնչում էր Խաչատուր Ավետիսյանի «Կակաչներ» ստեղծագործությունը: Բեմը մի ակնթարթում լցվեց տասնյակ կարմիր հագած գեղեցկուհիներով: Հանդիսատեսը օրորվում էր Խ. Ավետիսյանի մեղեդու ներքո: Համարից հետո թնդացին ծափերը, իսկ պարուհիները, արդեն հանգիստ ու բեմից հաճույք ստացած, խոնարհվեցին ու հեռացան:

Ետնաբեմում ամեն բան ավելի հուզումնառատ էր. պարողները անհանգիստ առաջ-ետ էին անում, խաղում իրենց մատների հետ, կրկնում շարժումների հերթականությունը, հոգոց էին հանում: Նրանց անհանգիստ սրտխփոցը փոխանցվում էր ետնաբեմում գտնվող յուրաքանչյուրին: Բեմ դուրս գալուց րոպեներ առաջ Մանե Աղաջանյանը դողացող ձայնով ու աչքերի անթաքույց փայլով անկեղծորեն կիսվեց, որ սա այն պահն է, երբ իր սիրտը ուղղակի տեղում չի մնում: Ետնաբեմում էր նաև Պարարվեստի գործիչների միության նախագահ Գագիկ Մխիթարյանը, ով իր խոսքում կարևորեց պարող երեխաների ծնողների դերը: Խորին շնորհակալություն հայտնելով պարողների ծնողներին՝ Գ.Մխիթարյանը նշեց, որ այս միջոցառման միակ հովանավորը հենց նրանք են: 

Համերգը մշակութային հրավառություն էր, որտեղ հնչում էր խաչատրյանական, ավետիսյանական, սայաթնովյան ազգային երաժշտությունը, իրենց ողջ հմայքով ներկայացվում էին հին հայկական տարազները: Բոլոր համարների ընթացքում պարողները լայն ժպիտով էին պարում: Անժպիտ էր միայն «Կիլիկիա» կատարումը. այս համարի ընթացքում շատերը հուզվեցին: Իսկ երբ բեմում էր «Արմեններ» պարային համույթը, հանդիսատեսի ծափերը թնդացին համարի սկզբից մինչև վերջ: Արդեն դահլիճից հետևելով ծնողների փայլող աչքերին՝ հասկանալի էր, թե որքան շատ էին նրանք հպարտանում իրենց «արմեններով»: Հայկական պարի ելևէջները պարեցնում էին դահլիճում յուրաքանչյուրին, ռիթմերի ներքո շարժվում էին բոլորի ոտքերը: 

Սարգիս Նաջարյանը բեմ դուրս եկավ՝ հայտարարելու համերգի փակումը.

«Իսկ այժմ պարային հրավառություն. բեմ ենք հրավիրում միության բոլոր անդամներին»:

Կրկին հնչեց երաժշտությունը: Բեմում էին պարողների ուսուցիչները և զարդարում էին բեմը իրենց հմուտ պարերով: Ազգային պարը սերունդներին փոխանցողները ավարտեցին պարը, գրկեցին, շնորհավորեցին իրար, հնչեցին ծափերը, ու վարագույրը փակվեց:

Անժելա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել