Նկարչական փոքր խմբակից մինչև Թերլեմեզյանի շրջանավարտ

Նկարչական փոքր խմբակից մինչև Թերլեմեզյանի շրջանավարտ

874

Մեր զրուցակիցն է Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի շրջանավարտ Հարություն Մնացականյանի հետ։

-Հայտնի է, որ նկարել սկսել եք վաղուց. ինչպե՞ս բացահայտվեց Ձեր տաղանդը։

-Չգիտեմ՝ այդ ժամանակ արդեն տաղանդ ունեի, թե ոչ, բայց մանուկ հասակից սիրել եմ նկարել։ Ընկերներս ժամերով սպասում էին, թե երբ եմ ավարտելու նկարելը և միանամ իրենց՝ ֆուտբոլ խաղալու. ինչ խոսք, շատ էի սպասեցնում։

-Ինչպե՞ս ընդունեցին մտերիմները Ձեր նկարիչ դառնալու որոշումը։

-Չեմ ասի, թե շատ ուրախ էին, կամ ոգևորված, մտածում էին՝ տարիքի հետ կփոխվի աշխարհայացքս, բայց ես հաստատ էի որոշել։ Առաջին հերթին մտածում էին, թե նկարելով ինչպե՞ս բավարար գումար կվաստակեմ, բայց ես պնդում էի, որ, այնուամենայնիվ, մարդիկ կգնահատեն աշխատանքս։

-Նկարչական խմբակ հաճախելը օգնե՞ց ավելի ամրապնդել Ձեր երազանքը։

-Իհարկե, այդտեղից սկսվեցին առաջին քայլերս։ Սկսեցի չսահմանափակվել միայն գունագեղ պատկերներ նկարելով, ճեպանկարներ, գծանկարներ էի անում. այդ ամենն ինձ համար նորություն էր։ Ուսուցիչս էլ էր ոգևորում հաճախ, նրա համար իր բոլոր աշակերտները հանրաճանաչ նկարիչ դառնալու պոտենցիալ ունեին (Ժպտում է)։

-Մրցույթների մասնակցե՞լ եք, երբ դեռ նկարչական խմբակ էիք հաճախում։

-Այո, մեկ անգամ, ու այն ինձ հաջողություն բերեց, գրավեցի երկրորդ տեղը։ Նկարել էի Չարենցի «Ամբոխները խելագարված» խորագրով կտավ։

-Նպատակների մեջ մտնո՞ւմ էր Թերլեմեզյանի ուսանող դառնալը։

-Սկզբում նույնիսկ երազանք էր։ Առաջին անգամ, երբ հաճախեցի, զգացի, որ չեմ կարող, սա այն խմբակը չէ, որին սովոր էի, այստեղ ավելի պրոֆեսիոնալ է։ Բայց վարպետների հորդորների ու նկարներս 3-4 անգամ նորից նկարելու շնորհիվ հասկացա, որ դեռ սկիզբն է, պետք է փորձել։ Հիմա երջանիկ եմ որոշմանս համար։

-Վերջերս եք վերադարձել Գերմանիայից, Ձեր նկարներն էլ էին տեղ գտել ցուցահանդեսում. ինչպիսի՞ տպավորություններ ունեք։

-Անբացատրելի։ Մտածում էի, որ իրական չէ, հավատս չէր գալիս։ Կարծում եմ՝ գերմանացիներին դուր եկավ արվեստի գործերս։ Իմ նկարներից երկուսը ներգրավված էին ցուցահանդեսում։ Նույնիսկ առաջարկել են գնել, դեռ մտածում եմ այդ մասին։

-Մտադրվա՞ծ եք լքելու երկիրը, որովհետև վերջերս շատ եք արտերկրում լինում։

-Պատճառը ցուցահանդեսներն են։ Ի վերջո, ես սիրում եմ նաև ճանապարհորդել։ Երկրից դուրս շրջելիս նոր գաղափարներ եմ ունենում, դրանք վերջում ամփոփում եմ կտավներիս մեջ։ Ընդմիշտ չեմ բացակայի, բնականաբար, բայց ճամփորդությունս կշարունակեմ։

-Ազատ ժամանակ ունենալիս ինչպե՞ս եք լիցքաթափվում։

-Ընկերներիս միջոցով։ Շատ եմ սիրում նրանց հետ ժամանակ անցկացնել, մենք շատ նման ու միաժամանակ շատ տարբեր ենք մարդ տեսակներով, դա հետաքրքիր խոսակցություններ ունենալու համար լավ նախապայման է։ Շատ ժամանակ համոզում եմ իրենց նկարել միայն այն դեպքում, եթե միասին որևէ տեղ գնանք. դա միշտ արդյունավետ է։

-Իսկ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք նրան, ով հիմա կարծում է, որ իր մոտ ոչինչ չի ստացվում և հիասթափված է։

-Կարևորը չհանձնվելն է։ Այվազովսկին էլ է ինձ նման եղել, հետո աշխարհահռչակ դարձել։ Ամեն մեկս պոտենցիալ ունի լավագույնս իրեն դրսևորելու համար, դե մոտիվացիան էլ երբեք մի կորցրեք, ես էլ եմ այդպես անում։

Լենա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել