ԲԹՍ-ն ու Հայաստանը

ԲԹՍ-ն ու Հայաստանը

960

Քեյ փոփ կամ պարզապես կորեական երաժշտություն, ֆիլմեր ու դորամաներ, որոնք շատ արագ տարածում գտան Կորեայից այսքան հեռու գտնվող մեր հայրենիքում՝ Հայաստանում։ Կորեական հայտնի ԲԹՍ խմբի երգիչները երիտասարդների` հատկապես աղջիկների համար դարձան կուռքեր ու սիրելի հերոսներ։

 Խումբն արտադրում է իր սեփական երաժշտությունը։ Նրանց երգերի բառերը պատմում են հոգեկան առողջության ու երիտասարդության խնդիրների, կորուստների և ինքնասիրության մասին։ Հայաստանում կորեական մշակույթի տարածումը շատ մեծ է։ Մոտավորապես 10 հոգանոց 14-18 տարեկան աղջիկների խմբից գոնե 1-ը կամ 2-ը կհայտարարի իր քեյ փոփեր լինելու մասին։ Այս կապակցությամբ զրուցեցինք Լուսինե Սարգսյանի հետ, որը ԲԹՍ խմբի երկրպագու է։ Նա ներկայացրեց, թե ինչ է քեյ փոփը, ինչպիսին են խմբի անդամները էկրաններից այն կողմ և այլն։ Լուսինեին ասացի, որ  այսօր քեյ փոփը ճանաչելու ենք իր օգնությամբ և խնդրեցի պատմել դրա մասին։

«Քեյ փոփը կամ կորեական փոփը կորեական երաժշտություն է, որը ձևավորվել է Հարավային Կորեայում։ Երբ որ ԱՄՆ-ում ձևավորվում էին ջազը, ռոքն ռոլը ու նմանատիպ այլ ուղղություններ, կորեացիները, ոգեշնչվելով այդ ամենից, որոշակի հատվածներ քաղեցին արդեն ձևավորված երաժշտական կտորներից, խառնեցին իրենց ավանդական կորեական երաժշտությանը ու դարձրին քեյ փոփ։ Այսինքն այն փոփ ժանրի երաժշտություն է, բայց կորեական փոփ»,- ասաց զրուցակիցս։

Այն հարցին, թե ինչ հետաքրիր փաստ կհիշի խմբի մասին, պատասխանեց․ «Օրինակ այն, որ 7 հոգանոց խմբով ապրել են մեկ սենյականոց բնակարանում՝ ֆինանսական վատ վիճակում լինելու պատճառով։ Նրանց անդըհատ վիրավորել են իրենց արտաքինի, երգել ու պարել չկարողանալու պատճառով, ինչը նրանց համար ավելի ծանր էր, քան հենց ֆինանսական բարդությունները։ Նրանց գաղափարը միասնականությունն է ու երբեք չհանձնվելը»։

Լուսինեն շարունակեց փոքր-ինչ մտախոհ տոնով․ «Մարդկանց մի մասը ԲԹՍ-ի տղաներին  անվանում է ‹‹զղիկ››, քանի որ նրանք  մազերն են ներկում, ականջօղեր կրում և այլն։ Քննադատողները չեն կենտրոնանում, որ նրանք իրենց երգերում անըդհատ հիշեցնում են, որ եթե դու ունես նպատակներ, ապա չի կարելի դրանցից ետ կանգնել։ Սրան զուգահեռ նրանք ցույց են տալիս նաև իրենց անցյալը, թե ինչպես են շատ դռներ փակվել իրենց առաջ, սակայն իրենք չեն ընկճվել, շարունակել են, ու այսօր մենք նրանց տեսնում ենք մեծ բեմերում։ Օրինակ՝ վերջերս ելույթ ունեցան ՄԱԿ-ի գրասենյակում»։ Խմբի մեծ ճանաչում ունենալն ու սիրված լինելը Լուսինեն կապում է նրա տված մեծ դրական էներգիայի ու մոտիվացիայի հետ։

Խմբի երկրպագուներին անվանում են արմիներ։ Հայաստանում կան արմիներ, արմի խմբեր։ Շատ հաճախ նրանց համար կազմակերպվում են  միջոցառումներ, որոնց ժամանակ երգում են ԲԹՍ-ի երգերն ու պարեր պարում։

Լուսինեին պատմեցի, որ շատ հաճախ ականատես եմ եղել, թե ինչպես են իրար հանդիպում երկու քեյ փոփերներ։ Գրեթե բոլոր հանդիպումները լինում են շատ հուզական։ Ես զարմանում էի, թե ինչպես են երկու անծանոթ մարդիկ, միայն իմանալով դիամացի քեյ փոփեր լինելը, ողջունում իրար որպես հարազատներ։ Խնդրեցի Լուսինեին պարզաբանել՝ ինչո՞ւ։ «Սա գալիս է նրանից, որ Հայաստանում այդքան էլ շատ չեն քեյ փոփերները, ու մենք երբ տեսնում ենք իրար, նույնիսկ մեկ օրը չի բավականացնում, որպեսզի քննարկենք ամեն բան։ Մեր երկրում քեյ փոփն ավելի տարածված կլիներ, եթե չլինեին որոշակի կաղապարները, թե ինչպիսին չպիտի լինի տղան սա սահմանափակում է մարդկանց մտածելակերպը։ Նրանց չեն սիրում նաև այն պատճառով, որ նրանք ընդունում են ԼԳԲՏ համայնքին››։

Լուսինեի արտահայտած մի քանի մտքեր հարց առաջացրին` ինչո՞ւ են խնամված տղաները մեր երկրում ծաղրի ու արհամարhանքի արժանանում։ Սրա կապակցությամբ զրուցեցի հոգեբան Տաթև Մաշինյանի հետ։  Ըստ նրա՝ անհանդուրժողականության գլխավոր պատճառը հայկական մենթալիտետն է․ ‹‹Մարդկանց մի մեծ, զգալի խմբի կողմից խնամված, նուրբ դիմագծերով տղաները ստանում են ‹‹զղիկ›› որակավորումը։ Սակայն ԲԹՍ-ի դեպքում ունենք նաև մյուս ծայրահեղ բևեռը՝ ֆանատները, որոնք յուրաքանչյուր բացասական կարծիք ընդունում են մեծ ագրեսիայով։ Յուրաքանչյուր պարագայում չի կարելի բռնել կա՛մ մի, կա՛մ մյուս ծայրահեղ թևը։ Հորդորս հանդուրժողականությունն է։ Կարծում եմ՝ ներկայումս մեր ազգում ավելի են շատանում խելացի ու հանդուրժող երիտասարնդերը, որոնք ամեն բան շատ հանգիստ են տանում և կարողանում են իրենց կարծիքը փոխանցել նաև դիմացիններին, շրջապատին հասցնել հանդուրժողականության»։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել