Լիտերատուսի արկածները՝ ինֆոտների ներկայացուցիչների ձեռքերում

Լիտերատուսի արկածները՝ ինֆոտների ներկայացուցիչների ձեռքերում

701

 «Պատմեք՝ ձեր ինֆոտներում ինչպիսի գործունեության եք ծավալում հիմա՝ մեդիայի հետ կապված»․ Մեդիանախաձեռնությունների կենտրոնում այսպես սկսվեց ինֆոտների ներկայացուցիչների ծանոթությունը սուրճի սեղանի շուրջ: Կային չորս տարբեր ինֆոտների ներկայացուցիչներ, որոնք փորձում էին հնարավորինս լավ ներկայացնել իրենց մարզը մինչ կենտրոնի կազմակերպած դասընթացի սկսվելը:

«Վայոց ձորի Մարտիրոս գյուղում է գտնվում 1286 թ. կառուցված Վիմափոր եկեղեցին, իսկ Սպիտակավորում Գարեգին Նժդեհի աճյունի մի մասն է թաղված»,- նշեց Քրիստինեն՝ Վայք ինֆոտան ներկայացուցիչը․  մասնակիցները նախ ներկայանում էին, հետո պատմում իրենց գործունեության, մեդիայի հետ իրենց կապի մասին:

Նարեկը մի քանի տարի է՝ Իջևանի ինֆոտանն է  աշխատում․ մեդիագրագիտության դասեր է վարում: Օգտագործում է Media.am-ի ձեռնարկները, նյութերը, խաղերը, երբ դասընթացը վերաբերում է հենց մեդիային, իսկ Էդգարը՝ Սպիտակի ինֆոտնից, մեդիագրագիտություն է դասավանդում և ինքնակրթվում այդ ձեռնարկներով։

Դասընթացը կազմակերպված էր ութ ինֆոտների համար։ Մասնակցում էին Վայքի, Իջևանի, Գյումրիի, Սպիտակի ինֆոտների ներկայացուցիչները։ Մնացած՝ Թալինի, Սյունիքի, Գեղանիստի, Արմավիրի ինֆոտների ներկայացուցիչների համար դասընթացը հեռավար էր, քանի որ վերջիններիս հարմար չէր եղել գալ Մեդիաանախաձենությունների կենտրոն։

Մասնակիցների ներկայանալուց հետո մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց դասընթացի նպատակը՝ ինֆոտների ներկայացուցիչների միջոցով մարզերում դասընթացների միջոցով ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը։  Պատմեց նաև Media.am-ի հիմնական գործունեության մասին՝ վերլուծություն և փաստերի ստուգում: Այս ամենի հիման վրա է ստեղծվել «Լիտերատուսի արկածները» խաղը, որն ամբողջովին վերաբերում է փաստերի ստուգմանը: Մասնագետի խոսքով՝ քանի որ խաղը շատ է սիրվել, Media.am-ի թիմը որոշել է պատրաստել նաև սեղանի համար նախատեսված տարբերակը: Ներկաները տնային առաջադրանք ունեին՝ խաղալ խաղն առցանց տարբերակով, որպեսզի դասընթացի ընթացքում կարողանային խաղալ սեղանի համար նախատեսվածը:

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ խաղն ունի իր պատմությունը: Ինֆորմիա քաղաքի իշխանուհուն՝ Վերիտասին, որը ստուգված տվյալների իշխանուհին է, գողանում է մանիպուլյացիաների իշխանը՝ Մանիպուլուսը, իսկ մեդիագրագետ Լիտերատուսը գնում է որոնելու իշխանուհուն: Տասն աշխարհով է անցնում և այդ ընթացքում բացահայտում է կեղծիքներ, ստուգում է ֆեյսբուքյան լուսանկարներ, լրագրողական նյութեր և այլն: Խաղը երեք փուլ ունի և ստեղծված է երեխաներին դպրոցական տարիքից փաստերի ստուգում, ճիշտ տեղեկություն ստանալ սովորեցնելու նպատակով: Առցանց տարբերակում կա հինգ լեզվով խաղալու հնարավորություն:

Առաջին փուլում մասնակիցները շարեցին խաղաքարտերը և սկսեցին խաղը: Քարտերը հերթով բացելով՝ փորձում էին գուշակել, թե որտեղ է արվել քարտում պատկերված նկարը: Ճիշտ գուշակելու համար նրանք պետք է հաշվի առնեին բոլոր մանրուքները՝ եղանակը, նկարում առկա դետալները, ժամանակը, որպեսզի չշեղվեին ճիշտ ուղուց:

-Խորանարդիկով քայլ արա՛, Էդգա՛ր,- ասաց Քրիստինեն և հավելեց,- այս նկարում անձրև է, եղանակը լավը չէ, իսկ մյուսում արև է, պայծառ եղանակ:

Խաղի նպատակն է ճիշտ հուշումներով կարողանալ գտնել նկարի վայրը և դա անել հնարավորինս քիչ քայլ անելով խորանարդիկով:

-Գետամե՜ջն է, հաստատ Գետամեջն է: Առաջին փուլը վերջացրինք,- ոգևորվեց Սամվելը:

Մասնակիցների խոսքով՝ իրենք նպատակային են սովորում այս խաղը: Սովորում են, որպեսզի իրենց մարզերի ուսուցիչներին սովորեցնեն, իսկ ուսուցիչներն էլ աշակերտներին: Լուսինեն ասում է՝ մարզի ուսուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունել խաղի տարբերակով երեխաներին կրթելու հնարավորությունը և ցանկություն հայտնել սովորելու խաղի կանոնները:

Դպրոցականները վերջում հոլովակներ պետք է նկարահանեն, որտեղ պետք է պատմեն, թե ինչ հասկացան խաղից,  ինչ նոր բան սովորեցին, և լավագույնները Մեդիաանախաձենությունների կենտրոնի կողմից կարժանանան մրցանակների։

Դասընթացը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին, իսկ արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 12-13-ին։

Լիլիթ Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել