«Եթե դու Երևանում հազարավորներից մեկն ես, Շենիկում դու քո տեսակով մեկն ես»․...

«Եթե դու Երևանում հազարավորներից մեկն ես, Շենիկում դու քո տեսակով մեկն ես»․ Անուշ Մկրտչյան

445

20-ամյա Անուշը հասցրել է իր փորձով ապացուցել, որ գյուղում ծնվել-մեծանալը չի խոչընդոտում հաջողություններ գրանցելուն, նոր բարձունքներ նվաճելուն։ 

-Անուշ, կպատմե՞ք մի քիչ Ձեր մասին որտեղի՞ց եք սերում, որտե՞ղ եք բնակվում հիմա և ներկայումս ինչո՞վ եք զբաղվում։

-Հայրական կողմս Մուշից է, մայրական կողմս՝ Սասունից։ Ավելի շատ տեղեկություններ ունեմ մայրական կողմիս մասին․ Մկթենք գյուղից ենք, Գևորգ Չաուշի զարմից։ Հիմա ապրում եմ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, որն էլ վերանվանվել է Սասունի համանուն գյուղի անվամբ։ Այստեղ հիմնականում ապրում են սասունցիներ, մշեցիներ, ջավախցիներ էլ կան։ Սովորում եմ ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ բաժնում, աշխատում եմ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում որպես համայնքային կազմակերպիչ, զբաղվում եմ հասարակական տարբեր աշխատանքներով, կամավորական տարբեր ծրագերով։

-Ձեր բնավորության մեջ սասունցիներին հատուկ գծեր կա՞ն։

-Բնավորությանս մեջ, ինձ թվում է, սասունցիներին հարիր չորկողությունն է ու մի քիչ էլ խենթությունը, որը սասունցիներն ասում են ձռություն (ծռություն), ու երևի կյանքում տարբեր առիթներով նպատակասլացությունը, որը ինձ միշտ օգնել է, չգիտեմ՝ ինչքանով է սասունցի լինելու հետ կապված։

-Իսկ շենիկցի լինելու առավելությունը ինչո՞ւմ է կայանում։

-Շենիկցի լինելը, և առհասարակ, գյուղից լինելը ինձ համար, կարելի է ասել, պարգև է, որովհետև ես քաղաքները, անընդհատ «վազքի մեջ» կյանքը չեմ սիրում։ Գյուղում ես հանգստություն եմ գտնում, գյուղում ես ինձ տանն եմ զգում, որովհետև այնտեղ բոլորը բոլորին ճանաչում են։ Եթե, օրինակ, դու Երևանում հազարավորներից մեկն ես, Շենիկում դու քո տեսակով մեկն ես։ Ու ես միշտ կարևորում եմ համայնքներ հետ վերադառնալը, որովհետև դժվար է փոփոխություն անել մենակ, բայց հետևանքները շատ ավելի ակնհայտ ու կարևոր կլինեն մեր փոքր համայնքներում, քան եթե նույն բանը անենք 70 հոգով Երևանում։

-Մի քանի բառով պատմեք Ձեր իրականացրած «Տնաշեն» նախագծի մասին։

-Տնաշենը ոչ ֆորմալ կրթական հարթակ էր, որը այս պահին չի իրականացվում, բայց հետագայում իրեն ընդլայնելու մտքեր ունեմ։ Նպատակը Շենիկի երիտասարդների համար հարթակ ստեղծելն էր, որտեղ տարբեր ոլորտներից մարդկանց հետ կհանդիպեին, փորձի փոխանակում կանեին։ Մենք տարբեր բանախոսներ էինք ունենում, երեխաները հանդիպումների ժամանակ իրենց հուզող հարցերն էին տալիս։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել։

-Վերջերս սկիզբ եմ դրել իմ բիզնեսին՝ Հայաստանում էթնիկ տուրիզմի զարգացմանը, նպատակ ունեմ ստեղծել էթնիկ հյուրատների ցանց․ առաջիկա երկու-երեք տարիներին զբաղվելու եմ հենց այդ գործով, բացի իմ բուն մասնագիտական կրթությունից։ Համալսարանն ավարտելուց հետո մտածում եմ մագիստրատուրան կշարունակեմ արաբական որևէ երկրում միջազգայնագետի մասնագիտությամբ։ Բայց երազանքներիցս մեկը Արցախում Tech for Armenia (Դասավանդի՛ր, Հայաստան) ծրագրով ուսուցիչ լինելն է, այնպես որ, հավանաբար, բակալավրից հետո միանգամից մագիստարտուրա չեմ տա, երկու տարի երևի կգնամ Արցախ, հետո նոր կշարունակեմ կրթությունս։

-Ո՞րն է Ձեր կարգախոսը։

-Երկու կարգախոս ունեմ․ մեկը Գանդիի «Եղիր այն փոփոխությունը, որը ուզում ես տեսնել աշխարհում»-ն է, որի վերջաբանը մի քիչ փոխել եմ՝ դարձնելով «Եղիր այն փոփոխությունը, որը ուզում ես տեսնել քո շրջապատում», և մի աֆրիկյան ասացվածք կա՝ «Եթե ուզում ես գնալ արագ, գնա մենակ, եթե ուզում ես գնալ հեռու, գնա միասին»։

-Եվ որպես վերջաբան՝  նկարագրեք Անուշին 10 տարի անց։

-Իրականում բարդ է պատասխանել այս հարցին, որովհետև կյանքն այնքան արագ է ընթանում, որը մի ամսվա պլան ունենալն էլ արդեն երկարաժամկետ է։ Մտածում եմ՝ մասնագիտական հաջողությունների որոշ չափով հասած կլինեմ, կայացած կլինեմ իմ մասնագիտության մեջ, նույն ժամանակ իմ բիզնեսը զարգացրած կլինեմ, գուցե արդեն սեփական ընտանիք կունենամ, և կարծում եմ, որ 10 տարի անց էլի նույն էներգիայով ու խանդավառությամբ, կամ մի քիչ ավելի հասուն ձևով կշարունակեմ իմ ծրագրերը, որոնց մեջ հիմնականը մեր մարզերի, գյուղական համայնքների զարգացումն է, ու իմ պես գյուղի երեխաներին հնարավորություն տալն է, որպեսզի իրենք իրենց բացահայտեն։ Երևի ես 10 տարի անց շատ երեխաների համար կլինեմ ոգեշնչող կերպար, որ կարելի է լինել գյուղից ու հասնել շատ հաջողությունների։

Լյուդմիլա Շիրվանյան

2-րդ կուրս

Կիսվել