Ապագա Հոգեբան Վերջինյա Բարսեղյանին հրավիրել ենք՝ զրուցելու հոգեբանության վերաբերյալ հայ հասարակության պատկերացումների, հոգեբանական թեստերի և այլ հարցերի մասին։
-Ողջույն, Վերջինյա։ Նախ՝ հոգեբանի մասնագիտությունն այսօր շատերը լավ չեն պատկերացնում։ Կբնութագրե՞ս հոգեբանությունը։
-Հոգեբանությունը տարբեր տեսակետներից կարող ենք բնութագրել։ Եթե ընդհանուր բնութագիր տանք, կարող ենք ասել, որ հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է հոգեկանի կառուցվածքը, գործառույթները, մարդու խառնվածքը, բնավորության առանձնահատկությունները և այսպես շարունակ։ Մարդու հոգեկանը շատ խորն է և անհատական։ Բանիմաց ու խելացի հոգեբանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի լսելու դիմացինին և օգնի նրան։
-Ըստ Ձեզ` հոգեբանին ի՞նչ կերպ է ընկալում հայ հասարակությունը։
-Հայաստանում հոգեբանի՝ որպես մասնագետի ընկալումը շատ է տարբերվում` համեմատած այլ երկրների հետ: Մեր երկրում շատ հաճախ հոգեբան և հոգեբույժ հասկացությունները տարանջատված չեն: Պետք է հասկանալ, որ կա հստակ տարբերություն, և շատ լավ է, երբ մարդիկ այցելում են հոգեբանի և կարողանում են իրենց խնդիրներն ավելի լավ հասկանալ և արագ գտնել դրանց լուծումները:
-Դուք նշեցիք, որ կա տարբերություն հոգեբանի և հոգեբույժի միջև։ Մի փոքր մանրամասնեք, խնդրում եմ։
-Հոգեբանը երբեք իրավունք չունի անձին բուժել դեղորայքով։ Հոգեբանն անձին տալիս է հնարավորություն խոսելու, անկեղծանալու, և որ ամենակարևորն է, հոգեբանը ուղղություն է տալիս, որպեսզի անձը կարողանա իր խնդիրներն ինքնուրույն հասկանալ և լուծել։ Հոգեբույժը բուժում է դեղերի միջոցով։
-Դուք ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի եք։ Հետաքրքիր է` ձեզ արդեն դիմո՞ւմ են` մասնագիտական խորհուրդ ստանալու։
-Քանի որ ես դեռևս չունեմ մասնագետի որակավորում և, ըստ իս, դեռ բավականաչափ հմտացած չեմ այս գործում, փորձում եմ խուսափել մասնագիտական խորհուրդներ տալուց:
-Իսկ ընկերները, բարեկամները փորձու՞մ են Ձեր օգնությամբ հասկանալ իրենց։
-Այո,հիմնականում ընկերներիս եմ խորհուրդներ տալիս: Նաև բարեկամներիցս շատերն անընդհատ խնդրում են, որ հոգեբանական թեստեր անենք միասին։
–Այո, Վերջինյա, շատերն են հետաքրքրվում թեստերով։ Շատերին ծանոթ հոգեբանական թեստերը, որոնք հաճախ տեսնում ենք սոցցանցերում, որքանո՞վ են համապատասխանում իրականությանը։
– Եթե նկատի ունենանք այն թեստերը, որոնք չունեն կոնկրետ հեղինակ և պտտվում են ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում, դրանք, մեղմ ասած, անհեթեթություններ են: Կան թեստեր, որոնք, օրինակ, բնութագրում են մարդու խառնվածքը, բնավորության շեշտվածության առկայությունը։ Կան նաև հիշողության, ուշադրության վերաբերյալ թեստեր:
-Կարո՞ղ ենք մեր ընթերցողներին ներկայացնել որևէ տարբերակ։
-Միանշանակ կարող ենք։ Ես ձեզ կտրամադրեմ թեստ, որի նպատակը հետազոտվողի գերակշռող մտածողական տիպի պարզումն է։
Դուք պետք է պատասխանեք հարցերի՝ օգտվելով տասը բալանոց սանդղակից։ Բացարձակ հերքմանը համապատասխանում է 0 միավոր, ամբողջական համաձայնությանը` 10 միավոր։ Սակայն եթե առաջին իսկ հարցը ձեզ փակուղու առջև կանգնեցնի, օգտագործեք 1-9 միավորները՝ արդարացիորեն գնահատելու համար ձեր հատկանիշները։
Ահա հարցերը.
1. Ինձ մոտ գերակշռում է լավ տրամադրությունը։
2. Ես հիշում եմ այն, ինչ սովորել եմ մի քանի տարի առաջ։
3. Մեկ-երկու անգամ լսելով մեղեդին՝ կարող եմ այն ճշգրիտ վերարտադրել։
4. Երբ լսում եմ պատմվածքը, այն պատկերացնում եմ պատկերներով։
5. Ես կարծում եմ, որ հույզերը խոսակցության ժամանակ միայն խանգարում են։
6. Ինձ մոտ հանրահաշիվը դժվար է ստացվում։
7. Ես հեշտ եմ հիշում անծանոթ դեմքերը։
8. Ընկերների խմբում ես առաջինն եմ սկսում խոսակցությունը։
9. Եթե քննարկվում են ինչ-որ մեկի գաղափարները, ես փաստարկներ եմ պահանջում։
10. Ինձ մոտ գերակշռում է վատ տրամադրությունը։
Վերջում հաշվեք տվյալների գումարը բանալու համաձայն.
Ձ=1, 2, 5, 8, 9 (ձախակիսագնդային)
Ա=3, 4, 6, 7, 10 (աջկիսագնդային)
Եթե ձեր «ձախակիսագնդային» արդյուքը 5 միավորով ավել է «աջկիսագնդային» արդյունքից, ապա Ձեր մոտ գերակշռում է մտածողության տրամաբանական տեսակը, իսկ հակառակ դեպքում Դուք գեղարվեստական տիպի անձնավորություն եք։
Օֆելյա Հարությունյան
2-րդ կուրս