Մրգաշատի ավտոբուսը՝ համայնքների խոշորացման որոշումից հետո

Մրգաշատի ավտոբուսը՝ համայնքների խոշորացման որոշումից հետո

575

Կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել վարչատարածքային բարեփոխումներին. համայնքները կխոշորանան, և կձևավորվեն միջհամայնքային միավորներ:

Մինչև 2021թ․-ի  դեկտեմբեր ամիսն այս  օրենքը  պետք է տարածվի նաև Արմավիրի մարզում: Արմավիրը կբաժանվի մի քանի խոշոր վարչական  միավորների, որտեղ էլ կկենտրոնանա ենթակա համայնքների բյուջեն: Օրինակ՝ Արմավիրի Մեծամոր քաղաքին կմիանա 32 գյուղ, և կստեղծվի 35 հոգանոց  ավագանի: Ըստ գործադիր մարմնի որոշման՝ այդ համայնքներից մեկը Մրգաշատն է։

Գյուղում լուրեր էին պտտվում, որ համայնքների խոշորացումից հետո ուսանողական ավտոբուսն այլևս չի գործի։ Զրուցեցինք  Մրգաշատ գյուղի կապի և տրանսպորտի պատասխանատու  Վանուշ Խաչատրյանի հետ՝ ստուգելու լուրերի հավաստիությունը։ «Դե՜, աղջիկ ջան, այլևս առաջվանը չի լինի հաստատ: Կարանտինից հետո արդեն  իսկ խախտվել է գյուղի տրանսպորտը, ուր մնաց հիմա չխախտվի: Հնարավոր է՝ ուսանողներին փոխադրող ավտոբուսը հանվի, որովհետև գյուղի առանձին բյուջեի հաշվին էր գնում Երևան, հետ գալիս», – ասաց Վ․ Խաչատրյանը: «Իսկ համայնքապետը կարո՞ղ է միջամտել այս հարցին, որպեսզի կարգավորի» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց․ «Եթե համայնքապետը մնա, ֆիկտիվ է լինելու, նրա ձեռքում ոչ մի հնարավորություն չի լինի: Ամեն բան որոշում է ավագանին: Շատ լավ գիտեմ, որ այսօր գյուղի երիտասարդների խոսելու թեման է դարձել,  բայց մենք ինչ կարողացանք, արեցինք մեր երեխաների համար, մեր ձեռքում էլ ոչինչ չկա»:

Խոսեցինք նաև ուսանողների հետ, որոնք ընդամենը մեկ  շաբաթ ստիպված  էին  իրենց ուժերով հասնել Երևան, քանի որ համայնքի ուսանողականը վթարվել էր։ Մեծ մասը չգիտեր՝ ինչ պետք է անեն, ոնց պետք է ձմռանը հասնեն Երևան, եթե հիմա չեն կարողանում այս եղանակին հասնել նույնիսկ մարզկենտրոն: Ուսանողներից մեկը կատակելով պատասխանեց. «Հլը, թող գա դեկտեմբերը, տեսնենք ՝ ինչ կգա գլխներիս, աչքիս բոլորով առկայից փոխենք հեռակա, որ գյուղի տները հերթով չհայտնվեն գրավատներում»:

Հ․ Գ․ Նյութն արդեն պատրաստել էինք հրապարակման, երբ ավտոբուսը դադարեց գործել դեռ համայնքապետարանի լուծարումից առաջ։

Քրիստինե Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել