Նկարչությունից բժշկություն, կամ հակառակը

Նկարչությունից բժշկություն, կամ հակառակը

712

Հոկտեմբերի 8-10-ը Մոսկվայի տանը տեղի ունեցավ նկարիչ Շանթ Կարապետյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Պատերազմը և համավարակը իրենց կանոններով մի քանի անգամ հետաձգել են ցուցահանդես-վաճառքը: Հեղինակը նշում է, որ այսօր արդեն լիովին պատրաստ է անհատական ցուցահանդեսի, որտեղ ներկայացված աշխատանքները բազմաժանր են:

«Ես արվեստի մեջ եմ. դեռ ոճ չունեմ: 2019 թվականից սկսել եմ նաև street art (փողոցային նկարչություն) նկարել: Տարբեր իզմեր-ով են նկարներս: Իմ տարբեր ժամանակահատվածում արված գործերն են: Քանի որ պատվերով չեմ նկարում, այստեղ առկա բոլոր գործերը իմ ցանկությամբ են նկարված»,-պատմում է Շանթ Կարեպետյանը կամ ինչպես ինքն է ներկայանում `ShakArt-ը:

Կտավներ բրինձի հատիկից՝ մինչև լուցկու հատիկ. նկարում է որտեղ և երբ ցանկանա: Ասում է՝ ուր գնում է, ուզում է իր հետքը թողնել: Դե իսկ անվան ընտրությունը շատ պարզ է ստացվել:

«Ինչ վերաբերում է անունս ընտրելուն. իմ իրական անվան, ազգանվան ու հայրանվան համադրությունն է՝ ShakArt: Սիրուն և հեշտ հնչեցվող անուն է:»

Պլաստիկ վիրաբուժությունից՝ մինչև նկարչություն. սա նկարիչ Շանթ Կարապետյանի ուղին է: Շանթը նկարել սկսել է դպրոցական տարիքից, հետո ստիպված է եղել ընտրել կա՛մ բժշկությունը, կա՛մ նկարելը:

«Նախկինում վստահ էի, որ աշխատելու եմ որպես բժիշկ, իսկ արվեստը հոբբի է, բայց հիմա մտածում եմ իհարկե չթողնել բժշկությունը, բայց արվեստը լինի մասնագիտություն, իսկ բժշկությունը՝ հոբբի»:

Առաջին հայացքից միմյանցից այդքան տարբեր մասնագիտությունները որևէ ընդհանուր առանցք կարծես թե չունեն, սակայն մեր հերոսին բժշկությունը շատ դեպքերում օգնում է արվեստ ստեղծել:

«Մի փոքր հակասական ճյուղեր են իհարկե, բայց համատեղելի: Իրենք շատ ժամանակ իրար խանգարել են, բայց նաև շատ օգնում են, որովհետև նկարելու մեջ շատ կարևոր է իմանալ անատոմիան»,-մեկնաբանում է Շանթը:

Շանթն այս գործում ինքնուս է. չի հաճախել որևէ նկարչական խմբակ, ոգեշնչվել է հայտնի նկարիչների գործերից և ստեղծել իր անձնական ոճը:

«Նկարչությամբ դպրոցից եմ սկսել զբաղվել. 4-րդ դասարանում ցուցահանդես եղավ, ես նույնպես մասնակցեցի ու այդպես սկսեցի ինձ համար նկարել: 2017 թվականից ավելի լուրջ սկսեցի զբաղվել: Օրերս լցնում էի նկարչությամբ, բայց ընդունվեցի Բժշկական համալսարան, և իրար սկսեցին խանգարել»:

Կտավներին էլ շատ հաճախ մանր կենցաղային իրերն են փոխարինում՝ բրնձի հատիկից մինչև բաճկոնի կոճակ:

«2018-ից սկսեցի մանր իրերի վրա նկարել. կոճակը առաջինն էր, հետո՝ արևածաղկի սերմը, բրնձի հատիկի վրա Բժշկական համալսարանի շենքը նկարեցի: Քայլում էի, կենցաղային փոքր բան էի տեսնում ու սկսում նկարել: Բրնձի հատիկի վրա «Լեոն» ֆիլմի հերոսներին եմ նկարել. 58-րդ բրինձի հատիկն էր, որ հաջողեցի»,- պատմում է Շանթը:

Իսկ այսօր արդեն իր ահատական ցուցահանդեսն է կազմակերպում՝ հետագայում միջազգային հարթակներում իր աշխատանքները ցուցադրելու միտումով:

«Առաջին անհատական ցուցահանդես-վաճառքն է: Ես գումարով չեմ նկարել ու չեմ էլ վաճառել: Ես պետք է նկարեմ այն, ինչ ուզում եմ: Մոտակա ժամանակներում պատիվ կունենամ նաև երկիրս ներկայցնել միջազգային հարթակում, բայց այդ մասին դեռ շատ բան չեմ ասի»,- ամփոփելով նշեց նկարիչ/պլաստիկ վիրաբույժ Շանթ Կարապետյանը:

Դանիելա Զանազանյան

3-րդ կուրս

Կիսվել