«Լրագրողի դերը միշտ էլ բարձր ու կարևոր է եղել, քանի որ վերջիններս...

«Լրագրողի դերը միշտ էլ բարձր ու կարևոր է եղել, քանի որ վերջիններս բացահայտում են ճշմարտությունները և հասցնում հանրությանը»․Շոմբի Շարփ

531

Հոկտեմբերի 26-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ ուսանողները  հանդիպեցին ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և Զարգացման համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի Յոփ-Սոյին։ Ուսուցողական հանդիպումը տեղի ունեցավ ITSC-ում։

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Մի քանի րոպե ուշացումով սկսելը չխանգարեց դասընթացի աննկատ և  արագ անցնելուն։  

 Լուսանկարը՝ ԵՊՀ պաշտոնական էջից

Հովհաննես Հովհաննիսյանը ողջույնի խոսք հղեց ներկաներին․ «Ուրախ ենք հյուրընկալելու ՄԱԿ-ի ներկայացուցիչներին Մայր բուհում: Ողջունելի է, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարությունը դասընթացի շրջանակում նմանօրինակ հանդիպումներ է նախաձեռնում ուսանողների համար: ԵՊՀ-ն համագործակցության երկար պատմություն ունի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ, որի շրջանակում մի շարք ծրագրեր են իրականացվել: Ընդհանրապես շատ ենք կարևորում ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը»։ Իսկ դասընթացը վարող Գայանե Աբրահամանը հավելեց, որ  աշխատանքի բերումով նկատել է, որ շատ լրագրողներ հաճախ չեն կարողանում տարբերակել տարբեր միջազգային կառույցները։ Նա ուսանողներին խորհուրդ տվեց ուշադիր լսել, առիթը բաց չթողնել և հյուրերին ուղղել իրենց հուզող հարցերը։

 Լուսանկարը՝ ԵՊՀ պաշտոնական էջից

Նաղաշ Մարտիրոսյանը նույնպես ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին հրավերը ընդունելու համար։ Ապագա լրագրողները հանդիպմանը ներկայացել էին  իրենց նոր ստացած, մասնագիտությունը հավաստող բեյջերով, որոնք իրենց դարձրել էին ավելի պատասխանատու և ինքնավստահ։ «Հանդիպումների ժամանակ ընդհանրապես յուրաքանչյուր լրատվամիջոցից ներկա է լինում 1 լրագրող։ Այսօր բացառիկ մի դեպք ունենք, երբ մեկ լրատվամիջոցից, ԵՊՀ ուսումնական journalist.am պարբերականի թղթակիցների մեծ մասն է ներկա իրենց բեյջերով։ Ստացվել է, որ նույն լրատվամիջոցի բազմաթիվ լրագրողներ են ներկա այս հանդիպմանը»,-իր խոսքում նշեց դեկանը։

 Լուսանկարը՝ ԵՊՀ պաշտոնական էջից

Այն հարցին, թե ինչ տպավորություններ ուներ ապագա լրագրողը, և ինչ տվեց այս հանդիպումը իրեն, ուսանողուհիներից մեկը պատասխանեց․ «Լրագրողական բեյջով լինելը ինձ ավելի ինքնավստահ էր դարձնում, որովհետև ես թե՛ հանդիպմանը, թե՛ այդ պահից սկսած իմ մասնագիտությանը ավելի լուրջ եմ վերաբերվում։ Արդեն ինձ զգում եմ իրական լրագրող։ Հանդիպումը բավականին պարտավորեցնող էր, քանի որ լուրջ մարդիկ էին հյուրերը, պատասխանեցին մեր հարցերին և մեզ փոխանցեցին նոր գիտելիքներ»։ Շոմբի Շարփը նվերներ էր պատրաստել այն ուսանողների համար, ովքեր իր հարցերին ճիշտ պատասխանեցին։ Իսկ ամփոփումը  տեղի ունեցավ հետաքրիր և բովանդակալից հարցուպատասխաններով, պահն էլ հավերժացավ սելֆիով։

Սյուզաննա Դեմիրճյան

2-րդ կուրս

Կիսվել