Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի կոնֆերենս դահլիճում, ՈՒԽ Սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ հյուրընկալվեց ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Նա պատմեց սպորտում իր անցած ճանապարհի մասին.
«Սկզբում մայրս դեմ էր, երբ առաջին անգամ ուզում էի գնալ դասընթացների, նա զանգեց հորս ու ասաց.
-Աղջիկդ ուզում է էրթա շտանգի։
-Ուզում է՝ թող էրթա, եթե չսիրի կթողնի։
Այդպես ծանրամարտով սկսել եմ զբաղվել 19 տարեկանից ու 23-ում դարձել եմ աշխարհի չեմպիոն։ 2010 թվականին ողնաշարի կոտրվածքի պատճառով թողեցի սպորտը, բայց չէի համակերպվում»։
Հայ ծանրորդուհին ավտովթարից ու հետվիրահատական երկար շրջանից հետո վերադարձավ մեծ սպորտ.
«30 տարեկանում վերադարձա սպորտ ու աշխատանքի բերումով հաճախ էի երկրից դուրս գնում, բայց տղաս ինձ անդադար ասում էր՝ ինձ մեդալներ պետք չեն,ուզում եմ իմ մաման իմ կողքին լինի»։
Դահլիճում էր նաեւ Նազիկ Ավդալյանի որդին՝ Վաչեն, ով մեծ ուշադրությամբ լսում էր մայրիկին։
Խոսելով մայրիկի ընտրած ուղին շարունակելու մասին՝ նա նշեց.
«Որ իմ մաման ծանրամարտիկ է ու աղջիկ, ինձ միշտ թվում էր, որ ծանրաձող բարձրացնելը աղջկա մասնագիտություն է»։
Նազիկ Ավդալյանն էլ հավելեց, որ կարեւոր է ինքնուրույն ընտրել ցանկալի մասնագիտությունն ու չլինել միջակություն։ Այժմ Վաչեն հաճախում է գիմնաստիկայի դասընթացների։
Խոսելովդեպի Եվրոպայի չեմպիոն ճանապարհի մասին՝ Ավդալյանը հիշեց հանդիպած դժվարությունները.
«2016 թվականին, երբ պետք է պայքարեի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, Արցախում պատերազմ էր սկսվել։ Ո՞վ էր մտածում մրցման մասին, ուզում էի ամեն ինչ թողնել ու վերադառնալ իմ երկիր։ Բայց հասկանում էի, որ իմ առջեւ դրված է պարտականություն, ու ես պետք է հաղթահարեմ դա։ Նաեւ ամուսինս էր առաջնագծում, ու ինքս ինձ խոստացա ամեն ինչ անել հաղթանակի համար»։
Նա խոսեց նաեւ մարզիչի դերի մասին ու նշեց, որ եթե մարզիչն ու մարզիկը հասկանում են իրար, ապա ամեն ինչ կստացվի.
«Մարզիչիս հետ կիսվել եմ այնպիսի բաներով, որոնք ինքս ինձ վախենում էի խոստովանել։ Ես շատ-շատ եմ սիրում նրան ու նրա մեջ միշտ տեսել եմ մի մարդու, ով կարող էր ուղղորդել ինձ։ Պահեր են եղել, երբ հիասթափվել եմ, բայց նրա օգնությամբ հաղթահարել եմ ամեն ինչ»։
Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո Ավդալյանը թողեց սպորտը։ Նա այժմ դասավանդում է Երեւանի պետական բժշկական համալսարանում ու ունի շատ անելիքներ.
«Այժմ անգլերենս եմ բարելավում, մի քանի նպատակ ունեմ, տեսնեմ՝ որը կստացվի առաջինը։ Արցախի հետ կապված պլաններ ունեմ. մինչ պատերազմը հստակ էին պլաններս։ Խոսել էի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ու որոշել էի՝ Արցախ տեղափոխվել՝ մշտական բնակության նպատակով, հիմնել մարզադպրոց։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պետք է գնայի Արցախ՝ նրա հետ հանդիպելու ու մի քանի հարց քննարկելու համար։ Բայց չարաբաստիկ պատերազմը փոխեց ամեն ինչ։ Նույնիսկ ճամպրուկս 1 ամիս այդպես հագուստովս լցված պահում էի։ Հիմա, քանի որ Արցախի կարգավիճակը պարզ չէ, պլաններս մի փոքր խառն են, հուսանք՝ ամեն բան կկարգավորվի»։
Հանդիպման ավարտին նա բոլորին խորհուրդ տվեց զբաղվել սիրելի մասնագիտությամբ եւ ժամանակը մշտապես օգտագործել արդյունավետ։
Մարիամ Անտոնյան
2-րդ կուրս