Նորաստեղծ «Զարկի» առցանց համերգը

Նորաստեղծ «Զարկի» առցանց համերգը

754

Ամերիկայի հայկական թանգարանը (Armenian museum of America) պարբերաբար ծրագրեր է իրականացնում տաղանդավոր երիտասարդների բացահայտելու նպատակով: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ծնված «Զարկ» երաժշտական խումբը հոկտեմբերի 24-ին ելույթ է ունեցել հենց այդ ծրագրերից մեկի շրջանակում:

«Թումո»-ում մոտ երկու տարի տևած դասընթացից հետո երաժշտասեր երիտասարդները ստեղծել են «Զարկ»-ը՝ հայտնի «Բամբիռ» խմբի անդամ Արիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Վոկալիստներից մեկի խոսքով՝ դասընթացից հետո երաժիշտները հանգեցին երաժշտական խումբ ստեղծելուն:

Չնայած խումբը նոր է ստեղծվել, բայց հասցրել է մի քանի ելույթ ունենալ: Ամիսներ առաջ Գյումրիի «Թումո»-ում կազմակերպված փոքր համերգը «Զարկ» երաժշտական խմբի առաջին բեմելն է եղել:

Ամերիկայի հայկական թանգարանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված համերգն առցանց է եղել: Նույնիսկ համաճարակով պայմանավորված իրավիճակը չի խանգարել, որ համերգը տեղի ունենա: Journalist.am-ի հետ զրույցում երաժիշտները պատմեցին իրենց տպավորությունների մասին, ինչպես նաև խոսեցին այն դժվարությունների մասին, որոնք առաջացել են համերգը կազմակերպելիս:

Վոկալիստ Թամարա Մխիթարյանի խոսքով՝ եղանակային անբարենպաստ պայմաններում ստիպված են եղել համերգը նկարել իրենց փորձասենյակում։ Դրանից բացի տեխնիկայի տեղափոխման հետ կապված խնդիրներ են եղել. «Չնայած առաջացած խնդիրներին՝ արդյունքները բավականին գոհացնող էին, անգամ ավելին էին, քան մեր սպասելիքները: Կարծում եմ՝ հանդիսատեսը դժգոհ չի մնացել»։

Համերգի երգացանկը խմբի անդամները կազմել են իրենց մաեստրոյի օգնությամբ: Հիմնականում եղել են այն երգերը, որոնք երաժիշտները մշակել ու սովորել են իրենց դասընթացի շրջանակում. հայ ժողովրդականից ու շարականներից մինչև հեղինակային երգեր:

«Զարկ» երաժշտական խմբի դաշնակահարուհի և վոկալիստ Կարինե Ավետիսյանը  մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորություների մասին: Նրա խոսքով՝ այդ համերգն առաջին լուրջ քայլն էր ու փորձը: «Քանի որ արտաթումոյական նախագիծ էր, մեր աչքերը բացվեցին ինչ-որ չափով: Հիմա դեպի ավելի հեռուն ենք նայում ու ըստ դրա էլ ավելի ջանք գործադրում ավելի արդյունավետ ու հետաքրքիր աշխատանք ստանալու համար: Շատ ուրախ ենք, որ նման հնարավորություն ընձեռվեց և՛  Թումոյին, և՛ մեզ՝ որպես այսօրվա հայաստանյան երիտասարդության ներկայացուցիչներ՝ օգտագործել մեր ձայնը մեր սերնդի տաղանդն ու աշխատասիրությունը ցույց տալու համար»։

Կարինե Ավետիսյանին լրացնելով՝  վոկալիստ Սառա Մնացականյանն ասաց, որ ավելի շատ ջանք են գործադրելու ու չեն սահմանափակվելու այսքանով:

Երաժիշտները նաև պատմեցին առցանց տարբերակով լսարան հավաքելու մասին: Մյուս վոկալիստի` Թամարայի խոսքով` «Զարկի»-ի համերգին հետևել են իրենց ընտանիքները, հարազատներն ու ընկերները, ինչպես նաև ամբողջ «Թումո»-ն։ Նա նաև հավելեց, որ բացի թվարկված մարդկանցից՝ առցանց համերգին, ըստ երևույթին, հետևել են մի շարք երաժշտասերներ։

Համերգը հովանավորվել է «Դադուրյան» հիմնադրամի կողմից:

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել