«Երեխային եթե ուզում ես պահել դասապրոցեսի մեջ ու հետաքրքիր դարձնել դասդ, պիտի...

«Երեխային եթե ուզում ես պահել դասապրոցեսի մեջ ու հետաքրքիր դարձնել դասդ, պիտի ունենաս հստակ ռազմավարություն». Գայանե Վարդանյան

671

Կոռոնավիրուսի թվերի կտրուկ աճի պատճառով ՀՀ-ում, ըստ ՀՀ ԿԳՍՄ նախարարության որոշման, դպրոցներում արձակուրդները կերկարաձգվեն ևս մեկ շաբաթով, իսկ բուհերը կանցնեն հեռավար ուսուման դեռևս մինչև նոյեմբերի 15-ը: Օնլայն դասերի, դրանց առավելությունների ու թերությունների մասին խոսել ենք Երևանի Լեոյի անվան №65 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի և դպրոցի հոգեբան Գայանե Վարդանյանի հետ:

-Հարգելի Գայանե, օնլայն դասերի մասին աշակերտների կարծիքը բազմիցս հասցրել ենք լսել և կարդալ, բայց մեդիայում առավել քիչ են մասնագիտական կարծիքները: Ինչքանո՞վ է օնլայն ուսուցումը արդյունավետ ուսուցիչների և մասնագետների համար: Խնդրում եմ` թվեք լավ և վատ կողմեր:

-Բնականաբար գիտենք`  հիմա ինչ վիճակ է համավարակի արդյունում ստեղծվել երկրում, ու այս տեսանկյունից եթե նայենք, լավ կողմ է, որ շփումն ենք քչացնում, որովհետև հիմա այս նոր Քովիդով աշակերտները ավելի շուտ ու շատ են հիվանդանում, ու աշակերտների կողմից մեզ մոտ ավելի շատ է տարածվում վարակը: Ու այս օնլայն դասընթացների ու արձակուրդների  շնորհիվ գոնե կկարողանանք ինչ-որ բանով դիմակայել: Իսկ մինուսներից կարող եմ ասել, որ այն ջերմությունը, որ կա երեխաների հետ դասարաններում, շատ է պակասում օնլայն դասերի ընթացքում: Բացի դրանից իմ փորձից կարող եմ ասել, որ Հայաստանում օնլայն դասապրոցեսների այսպես կոչված մշակույթը դեռևս չկա, դրա համար երեխաները երբեմն  այդքան էլ լուրջ չեն վերաբերվում օնլայն դասերին:

-Ասում եք, որ երեխաները երբեմն լուրջ չեն վերաբերվում կամ սկսում են բացակայել դասերից: Ի՞նչ պիտի անի ուսուցիչը իր դասը առավել հետաքրքիր դարձնելու համար, որ կարողանա երեխաներին պահել օնլայն դասի մեջ:

-Առաջին հերթին երեխային եթե ուզում ես պահել դասապրոցեսի մեջ ու հետաքրքիր դարձնել այն, պիտի ունենաս հստակ ռազմավարություն, մշակես քո օնլայն դասերի կանոնները: Միշտ սկզբից անում ենք ներկա-բացակա, բայց դա հերիք չէ: Պարտադիր երեխաների տեսախցիկները պիտի բաց լինեն դասերի ընթացքում, հետո եթե նայում ենք ուսուցչի տեսանկյունից, ապա նա պիտի կարողանա հետաքրքիր հարթակներ ու գործիքներ օգտագործել դասերի համար: Երեխաները այդպես գրավվում դասապրոցեսի մեջ, նրանց համար այն դառնում է հետաքրքիր: Օրինակ ես դասերի վերջում միշտ կազմում եմ «քուիզներ», ինչի արդյունքում հասկանում եմ` ով է դասը լսել ու հասկացել:

-Դուք դասավանդում եք անգլերեն, բայց դպրոցներում կան առարկաներ, որոնք պահանջում են պրակտիկ գիտելիքներ, օրինակ` քիմիա, ֆիզիկա, դիզայնի դասեր և այլն: Ինչպե՞ս են օնլայն դասերի ժամանակ երեխաները իրենց պրակտիկ գիտելիքները ստանում այդ առարկաներից, և արդյո՞ք հեռավար ուսուցումը չի վնասում աշակերտների դրանց ոչ լիարժեք տիրապետմանը:

-Այլընտրանքային ճանապարհներ միշտ էլ կան, բայց չեմ կարծում, որ օրինակ քիմիայի կամ ֆիզիկայի լաբորատոր փորձերը ուսուցիչները կարողանան այնպես մատուցել ու տալ երեխային, ինչպես կլինի դա դպրոցում: Բայց ոչ բոլոր պրակտիկ դասերն են տուժում հեռավարի արդյունքում. շատերն անգամ շահում են, որովհետև դասերի ընթացքում ունեն շատ տեխնիկական հնարավորություններ, որոնք դպրոցում չեն կարող լինեն այդքան արագ ու արդյունավետ:

-Աշխատում եք ավագ դպրոցում ավարտական դասարանների երեխաների հետ: Հեռավար ուսուցումը կարող է ունենալ վատ արդյունքներ այն երեխաների համար, ովքեր ուզում են բարձր բալերով ընդունվել բուհ, թե կողմ եք` «սովորողը օնլայն էլ կսովորի»:

-Բնականաբար ազդում է: Դա գալիս է շատ ժամանակ երեխայից ու իր սովորելու բնույթից: Աշակերտներ կան, որ օնլայն չեն ընկալում մատուցվող դասը, պիտի առկա ձևով նստես իր կողքին բացատրես, որ հասկանա: Ուզած-չուզած եթե լինում են նման պահեր, պիտի համաճարակային կանոններին հետևելով պարապենք երեխայի հետ, մանավանդ եթե որոշ դեպքերում հանդես ենք գալի իբրև կրկնուսույց:

-Օնլայն ուսուցումը կտա՞ կամ տալի՞ս է հնարավորություն բացահայտել բացառիկ ունակություններ ունեցող երեխաներին:

-Տալիս է, բայց ավելի դժվար է, քան դպրոցում էր առկա ուսուցման ժամանակ: Էլի գալիս ենք ուսուցչի մասնագիտացված լինելու խնդրին: Եթե դու կարողանում ես քո առարկան դարձնել այնպիսին, որ այն հետաքրքրի աշակերտին, խաղեր ես կազմակերպում, հարցումներ, ապա սովորող, ունակություններ ուենցող աշակերտները միանգամից երևում են:

-Ինձ հետաքրքրում է Ձեր մասնագիտական կարծիքը` արդյո՞ք կանցնենք լոքդաունի և կկրկնվի անցյալ տարվա իրավիճակը:

-Ես կցանկանայի, որ չանցնենք, բայց եթե անցնենք էլ, ապա ավելի վատ է լինելու քան անցյալ տարի: Անցյալ տարի օնլայն ուսուցումը նորություն էր բոլորիս` և´ ուսուցիչներիս, և´ աշակերտների  համար: Եթե ոչ բոլորս, ապա շատերը հետաքրքրված էին դրանով, իսկ այս տարի եթե այն լինի, պարզապես վիճակը կվատանա: Անգամ ուսուցիչների դեպքում կվատանա, քանի որ կան ուսուցիչներ, որ շատ գործիքների, ծրագրերի ու հարթակների չեն տիրապետում, իսկ աշակերտների համար էլ դա դառնում է առիթից օգտվելու նման մի բան: Բայց սրանից առաջ եղած լոքդաունից հետո իրենց վրա աշխատած ուսուցիչները, այժմ հեռավար ուսուցման ժամանակ կարող են շատ լավ աշխատել:

Անի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել