«Ժպիտով հիշեք այն մարդկանց, ում կողքին ձեզ աշխարհում ամենաերջանիկն եք զգացել»․ ...

«Ժպիտով հիշեք այն մարդկանց, ում կողքին ձեզ աշխարհում ամենաերջանիկն եք զգացել»․ «Ինձ պիոններ չնվիրես», «Հուշացած ակնթարթներ» գրքերի հեղինակ Գոհար Նավասարդյան

1870

Հրատարակումից հետո գրեթե միշտ բեսթսելլերների շարքում հայտնված «Ինձ պիոններ չնվիրես» և «Հուշացած ակնթարթներ» գրքերը սիրվել են շատերի կողմից. «Journalist.am»-ը զրուցել է հազարավոր մարդկանց սրտեր գերած գրքերի հեղինակ Գոհար Նավասարդյանի հետ։

-Ինչպե՞ս ծնվեց գիրք գրելու գաղափարը։

-Իմ գրելու փորձերը սկսել են այլ ստեղծագործական աշխատանքներից․ հիմնական մասնագիտությամբ արվեստաբան եմ, հոդվածներ, ցուցահանդեսային անդրադարձներ շատ եմ գրել, հետո ինձ փորձեցի նաև լրագրողական դաշտում ու երկար դադարից հետո արդեն անցել եմ ստեղծագործելուն։

Իսկ գիրք գրելու միտքը ծնվել է ընթերցողներիս կարծիքների շնորհիվ․ սոցկայքերում տեսնելով՝ անընդհատ հարցնում էին, թե, որ ստեղծագործություններից են իմ արած մեջբերումները, ես էլ մի օր մտածեցի, որ կարելի է հեղինակային մտքերս հավաքել մի տեղ և այդպես ծնվեց իմ առաջին վիպակը՝ «Ինձ պիոններ չնվիրես» վերնագրով։

-Ո՞րն է այն կարեւոր ասելիքը, որ գրքերի միջոցով եք ցանկացել փոխանցել մարդկանց։

-Իմ  կարծիքով՝ անիմաստ է գրել գիրք, որը ասելիք չունի՝ ուղղված ընթերցողին․ օրինակ «Ինձ պիոններ չնվիրես»-ի պարագայում դա այն է, որ պետք չէ սիրել իշխելով, ազատությունից զրկելով․ եթե սերը չպիտի շնչի, պիտի զրկեն իրեն ազատությունից, սահմանափակեն, իշխեն, ուրեմն, օրերից մի օր սերը կխեղդվի, ինչպես պիոնները, կամ ցանկացած ծաղիկ, երբ հողից պոկում են, չնայած ջրի մեջ որոշ ժամանակ գոյատևելուն, այն միևնույնն է՝ օրերից մի օր թառամում ու մեռնում է։

Իսկ «Հուշացած ակնթարթներ» գրքում ընթերցողին ուղղված խորհուրդս հետևյալն է․ ժպիտով հիշեք այն մարդկանց, ում կողքին ձեզ աշխարհում ամենաերջանիկն եք զգացել։

-Կա՞ն այնպիսի թեմաներ, որ երբեք չեն արծարծվի Ձեր ստեղծագործություններում։

– Ճիշտն ասած, ես մտածում եմ, որ ինչ էլ գրեմ, սիրո մասին եմ գրելու, ինձ համար էլ  է տարօրինակ, բայց այդպես եմ զգում։

-Որո՞նք են գրքերի՝ Ձեզ համար ամենասիրելի տողերը, եւ ինչո՞ւ հենց դրանք

-Երկու գրքերից էլ սիրելի տողեր ունեմ․ դրանք երևի սիրելի են դարձել, որովհետև ինձ համար կարևոր ժամանակահատվածում են ծնվել․ օրինակ՝ «ՈՒ մի՞թե կարոտը նույն կարիքը չէ, ես կարոտում եմ քեզ, ես ունեմ քո կարիքը», «Ես էլի քեզ կընտրեի, եթե ժամանակը հետ գնար»․ սովորաբար ինձ համար սիրելի տողերը առավել մեծ տարածում են ունենում։

-Ձեր ստեղծագործությունների առանցքում սերն է․․․

– Այո, սերն իր բոլոր դրսևորումներով, «Ինձ պիոններ չնվիրես»-ում սիրո նախնական, վարդագույն շրջանն է, որի միջով անցնում են գրեթե բոլոր զույգերը։

«Հուշացած ակնթարթներ»-ում ամեն ինչ այլ է․ գիրքը ավելի խորը սիրո ու հասունության մասին է, իսկ երրորդ գիրքը, որը արդեն պատրաստ է, այդտեղ սիրո միանգամայն այլ փուլի մասին է, վերնագիրը՝ «Սիրելուց հետո», որն արդեն փոքր-ինչ հուշում է՝ ինչի մասին է լինելու։

-Ըստ Ձեզ, ի՞նչ են ակնկալում Ձեզանից Ձեր ընթերցողները։

-Երևի թե ակնկալում են կարդալ հենց իրենց զգացմունքների, ապրումների մասին, որոնք հաճախ դժվարանում են արտահայտել։

Ծովինար Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել