Երաժշտական գործիք, որ առաջին իսկ հնչյուններից գերեց Լուսինե Մանգասարյանին

Երաժշտական գործիք, որ առաջին իսկ հնչյուններից գերեց Լուսինե Մանգասարյանին

724

Ուսուցչի տանն առաջին անգամ տեսնելով սանթուրն ու լսելով նրա  ձայնը՝ Լուսինե Մանգասարյանը միանգամից տարվում է այս գործիքով: Երաժշտական դպրոցում դաշնամորի բաժնում սովորելուն զուգահեռ սկսում է սանթուր նվագել: Սկզբում Լուսինեի տան անդամներն ու հարևանները լսելով գործիքի անունն ու տեմբրը՝ զարմանում էին. «Նրանք ծանոթ չէին գործիքին, և երբ ես նվագում էի, գալիս և ասում էին` այս ինչ գործիք է, ու խնդրում էին` նորից նվագեի, որ կրկին լսեին»:

Սանթուրը լարային հին նվագարան է, ունի սեղանաձև իրան, մետաղյա լարեր: Սկզբում կոչել են «սանդիղ» և հիմնականում նվագել արքունիքում, այնուհետև վերանվանել են սանթուր: «Պարսկերենից թարգմամաբար սանթուր բառը նշանակում է 100 լար, բայց 100 լարանի սանթուր դեռ չի եղել, իմ սանթուրն ունի 63 լար»:

Լուսինեն իր առաջին քայլերը կատարեց «Սայաթ-Նովա նվագարանների անսամբլում»: Ըստ նրա` նվագախմբում դժվարություններ քիչ են հանդիպում, երաժիշտներով միմյանց օգնում ու աջակցում են: Բայց Լուսինեի դժվարություններից է ծանր գործիքը տեղափոխելը. «Այս ժամանակահատվածում գործիքս այնքան եմ տեղաշարժել, որ ձեռքերս մկանոտել են»:

Գործիքին լավ տիրապետելու համար, հակավոր է ժամանակ հատկացնել և պարապել: Կա կարծիք, որ երաժիշտները բարձր արդյունքներ գրանցելու համար օրվա մեջ 10 ժամ պարապում են,  սակայն Լուսինեն կարծում է, որ աշխատելուն և սովորելուն զուգահեռ դա հնարավոր չէ. «Ժամանակն այդքան կարևոր չէ, կարևորը ճիշտ և մտածելով պարապելն է։ Որպես օրվա պարտականություն կարող ես պարապել 2 ժամ, բայց այն քեզ համար արդյունավետ չլինի, բայց կարող ես պարապել ընդհամենը  10 րոպե և ստանալ այն արդյունքըորն ուզում ես։ Կարևորը ցանկությունն է և մեծ սերը գործիքիդ նկատմամբ»:

Սանթուրի հանդեպ գիտելիքներն ու սերն էլ  երաժիշտին տարան դասավանդման ճանապարհով: Տասնվեց տարեկանից Լուսինեն սովորեցնում է երեխաներին գործիքի բազում գաղտնիքներն ու հմտությունները. «Ուսուցչից շատ բան է կախված, իսկ գործիքը չսիրելն ուղղակի անհնար է: Այն թե՛ ձայնով, թե՛ տեսքով գրավում է բոլորին»: Ըստ սանթուրահարի` երաժշտական դպրոցում սանթուր նվագել սովորող երեխաները շատ աշխատելու, անընդհատ պրպտելու դեպքում հանրությանը նորովի հանդես կգան և մեծ հեռանկարներ կունենան:

Երաժշտական դպրոցներում դասավանդելը և երեխաների լեզուն ավելի լավ հասկանալը Լուսինեին օգնեց նաև մանկապարտեզներում աշխատել փոքրիկների հետ: Երեք տարեկանից սկսած երեխաններին երաժշտությանը մոտեցնելը դժվարին աշխատանք է, բայց Լուսինեն համբերությամբ զինված այն  անում է. «Երեք տարեկան երեխան չի կարող միանգամից հասկանալ այն, ինչ դու ուզում ես։ Շեշտը դրվում է երեխաների ցանկությունների և կարողությունների վրա։ Ոչինչ մեզ հեշտ չի տրվում, ուղղակի պետք է զինվենք համբերությամբ»:

2019թ Լուսինեն մեկնեց Չինաստան, որտեղ ունեցավ իր առաջին պատասխանատու բեմելը. «Հանդիսատեսի արձագանքը շատ հաճելի էր, բոլորին տպավորեց, և գործիքն էլ մեծ հետաքրքրություն առաջացրեց»: Լուսինեն մեծ երազանք և ցանկություն ունի, որ սանթուրը լայն տարածում և ճանաչում ձեռք բերի։

Հենց այդ նպատակով էլ նա այս տարի ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողգործիքների բաժինը. «Առօրյաս հագեցած է, հինգ տարբեր տեղ եմ աշխատում և դասավանդում եմ իմ մասնագիտությամբ: Ճիշտ է`տան անդամներս միշտ ինձ աջակցում և օգնում են, բայց ցանկանում եմ իմ ուժերով վարձը վճարել։ Մշակույթն ու այն ներկայացնողներն ահռելի մեծ աշխատանք են կատարում երկիրն ու նրա արժեքները ներկայացնելու գործում, պետք է մարդիկ գնահատեն և մեզ օգնեն ազգայինը պահպանելու հարցում»:

Արևիկ Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել