Թուղթ, գրիչ, սուրճ ու մի քանի ծխախոտ՝ ակնթարթներ ռեժիսոր Նարեկ Հակոբյանի...

Թուղթ, գրիչ, սուրճ ու մի քանի ծխախոտ՝ ակնթարթներ ռեժիսոր Նարեկ Հակոբյանի առօրյայից

630

Աշխատանքային առավոտներին մարզից Երևան հասնելը հեշտ գործ չէ, հատկապես որ չես հասցրել լավ քնել կամ սերտել բոլոր դասերը: Արմավիր քաղաքի ամենաերիտասարդ ռեժիսորը՝ 21-ամյա Նարեկ Հակոբյանը ամեն առավոտ անցնում է 46 կմ ճանապարհ, որպեսզի հասնի մայրաքաղաք և սովորի, իր բնորոշմամբ, ամենաֆանտաստիկ մասնագիտության մեծ ու փոքր գաղտնիքները: Ռեժիսուրայի մասին խոսելիս՝ ժպիտը միշտ դեմքին է. «Արթնանալուց անմիջապես հետո նայում եմ հայելուն ու մտածում, որ երջանիկ մարդ եմ»:

Ճանապարհ ընկնելուց առաջ մեկ գավաթ սուրճը պարտադիր է: Լավատես Նարեկ Հակոբյանի ամեն օրը սկսվում է նոր լիցքերով, գույներով, տրամադրոըթյամբ: Նրան հաճախ են հարցնում, թե որտեղից է այդքան էներգի և լավատեսություն. «Պատասխանը մեկն է՝ միգուցե այսօրն իմ վերջին օրն է»: Արմավիրի կանգառ հասնելիս նա անցնում եկեղեցու կողքով, որտեղ ամեն օր մեծ էներգիայով ու երջանիկ իր գործն է անում  մաքրուհին՝ քթի տակ «Dօnt Worry» երգելով:

Նրա մանկության ամենալավ ընկերը երևակայությունն է, ինչն էլ նրան միայնակ չի թողնում  Արմավիր-Երևան ճանապարհին. տեսահոլովակների, ֆիլմերի գաղափարներ, հետաքրքիր մտքեր՝ միշտ թևածում են նրա աչքի առաջ.«Այդ ընթացքում երբեք չեմ բացի տետրը կամ գիրքը, որ դասը կրկնեմ: Առավոտները կյանքի տված կարճ ու հաճելի ակնթարթներն են, որոնք պետք է վայելես ինքդ քեզ հետ՝ երաժշտության ներքո»:

Նարեկի ազգականները համարվում են Արմավիրում լուսանկարչության հիմնադիրները, իսկ հայրը տարիների փորձ ունեցող օպերատոր է: Չնայած այս ամենին՝ նրա ծնողները դեմ էին մասնագիտության ընտրությանը. «Ուզում էին, որ իրենց տղան ավելի «լուրջ» գործով զբաղվի»: Նարեկը անկեղծորեն խոստովանում է, որ ամբողջությամբ սիրահարվել է իր գործին. «Սա ֆանտաստիկ ոլորտ է, որտեղ դու ամենուր ես: Կարող ես կենդանացնել, խոսել անշունչ առարկաների հետ, տեսնել այն, ինչ քչերն են տեսնում»:

Յուրահատուկ մասնագիտություն ընտրած տղան տարբերվում է նաև իր արտաքինով և ոճով. շարֆեր, մուգ գույնի հագուստ, տարբերվող լուսանկարներ: Նարեկի համոզմամբ՝ կյանքն էլ կենդանի կինո է, իսկ յուրաքանչյուր մարդ՝ ի ծնե ռեժիսոր, ամեն օրը փոքրիկ ֆիլմ է, և մենք էլ ֆիլմի սցենարիստն ենք:

Ցերեկվա ստացած ամբողջ էմոցիաները, մտքերն ու գաղափարները երեկոյան հայտնվում են թղթի վրա, հղկվում, դառնում սցենար. «Թուղթ, գրիչ, սուրճ ու մի քանի սիգարետ, և հայտնվում եմ իմ ֆանտաստիկ աշխարհում»: Արդեն հասցրել է մի քանի հոլովակ նկարել, սակայն գլխավոր նպատակին դեռ չի հասել՝ նկատում է Նարեկը. «Սկզբում մտածում էի «Սամվել» վեպը էկրանավորել, բայց դա դեռահաս տղայի երազանք էր: Աշխարհը հիմա ամենաշատը խաղաղության կարիք ունի, գուցե հենց խաղաղության մասին լինի ֆիլմս»:

Անահիտ Սվարյան

3-րդ կուրս

Կիսվել