ԴԻԵՏԱ ԿԱՄ ԱՌՈՂՋ ՍՆՆԴԱԿԱՐԳ

ԴԻԵՏԱ ԿԱՄ ԱՌՈՂՋ ՍՆՆԴԱԿԱՐԳ

3749

Մարմնի նորմալ քաշի պահպանումը այսօր առաջնային խնդիր է դարձել շատ մարդկանց համար: Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են տարբեր հիվանդություններին, իսկ ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ դիմում են տարբեր դիետաների:

Դիետա հասկացությունը տարիների ընթացքում փոխվել է: Որոշ մասնագետների կարծիքով դիետան նյութափոխանակության խանգարման ամենակարճ ճանապարհն է և սթրեսի առաջնային աղբյուր, իսկ որոշ մասնագետների կարծիքով դիետան առողջ ապրելակերպն է:

Դիետոլոգ-սննդաբան Լիլիթ Բաբասյանը նշեց.‹‹Ամենակարևորը, որ սա դիետա չէ, սա առողջ սնունդ է, ոչ թե անունն է ուղղակի սնունդ։ Ճիշտ չէ մեկ ամիս դիետա պահել, հետո գնալ մեկ ուրիշ դիետոլոգի մոտ։ Վերջինս էլ մեկ ուրիշ դիետա կնշանակի: Մարդուն պետք է սովորեցնել ճիշտ սնվել եւ եթե տվյալ անձը սնվելու կոնկրետ ժամերը պահեց, ապա ինքը երբեք չի գիրանա››: Սննդաբանը նշեց նաև, որ նորմայից ցածր քաշը նույնպես ցանկալի չէ: Դա կարող է որևէ հիվանդության նշան լինել, այսինքն մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութեր:

Սակայն մեզ հետ զրույցում հոգեբան, հոգեթերապևտ Սաթեն Գրիգորյանը նշեց, որ դիետաներին հետևելու համար պարտադիր չէ, որ մարդիկ դիմեն դիետոլոգների, քանի որ օրգանիզմներն ու անհատական չափանիշները կարող են տարբեր լինել:

Հոգեբանական տեսանկյունից մարդիկ դիմում են դիետաների, քանի որ ունեն ինքնագնահատականի հետ կապված որոշակի խնդիրներ: Ըստ հոգեբանի.‹‹Սովորաբար նման դեպքերում մարդիկ վերցնում են իրենց համար որևէ մեկին, որևէ չափանիշ և որևէ մեկի կերպարը և փորձում են նրան նմանվել և նմանօրինակել: Դրանք կարող են լինել աստղերը կամ կարող է լինել որոշակի իդեալ, որին մոտ են իր սկզբունքները››:

Սննդից հրաժարումը, ախորժակի հիվանդագին բացակայությունը ի վերջո հանգեցնում է նյարդային անորեքսիայի: Ամեն տարի նիհար լինելու ձգտումից մահանում է մոտ 150.000 մարդ: Հայաստանում ճշգրիտ տվյալներ չկան, բայց այլ երկրների հետ համեմատած այն այդքան էլ տարածված չէ:

Հայտնի է, որ շատերն ուտելու միջոցով հաղթահարում են իրենց ապրումները: Ըստ գիտնականների` երեկոյան 7-8 ընկած ժամանակահատվածում մարդկանց 48% հրաժարվում է օգտակար սննդից, իսկ ամենավտանգավոր ժամանակը կիրակի երեկոն է: Այս մասին է վկայում 750 մարդու շրջանում անցկացված հետազոտությունները: Մեծ մասամբ շատ ուտելը կախված է աշխատանքից: ‹‹Եթե գործերը վատ են ընթանում, ապա մարդիկ շատ են ուտում››,- նշել է հետազոտությունների հեղինակը:

 

Նարե Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել