40 հոգևոր կոթողներ են մաքրվել. Գավառում և հարակից համայնքներում ավարտին է մոտենում...

40 հոգևոր կոթողներ են մաքրվել. Գավառում և հարակից համայնքներում ավարտին է մոտենում «Հանուն ինքնության պահպանման» ծրագիրը

556

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակի ֆինանսավորմամբ քաղաքում և հարակից համայնքներում ամռանը մեկնարկված «ՀԱՆՈՒՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ» ծրագիրը ավարտին է մոտենում: Ծրագրի նպատակների և կատարված աշխատանքների մասին զրուցեցինք նախաձեռնության անդամ Մերի Հարությունյանի հետ:

-Ի՞նչ է իրենից ներկայցնում ծրագիրը և ինչպե՞ս է առաջացել գաղափարը:

-Այն բնապահպանական ծրագիր է, որը իրենից ներկայացնում է հոգևոր կոթողների արտաքին տեսքի մաքրում և հետագա պահպանություն։ Գեղարքունիքի մարզում կան մի շարք հոգևոր կոթողներ, որոնք, լինելով տեղաբնակների կողմից անտեսված, չեն ծառայում իրենց նպատակին։ Թիմի անդամները, լինելով Գավառի տարածաշրջանի տարբեր համայնքներից, բազմիցս նկատել էին, որ համայնքների հոգևոր կոթողների վրա կան անպատեհ գրվածքներ, որոնց առկայությունը չափազանց տհաճ է, և կարող է պատճառ դառնալ հոգևոր կոթողի հետագա տեսքի աղավաղման ու պատմամշակութային արժեքի անկման համար։ Այստեղից էլ առաջացել է ծրագրի գաղափարը։

-Ո՞րն է նպատակը:

-Ծրագրի  նպատակն է նպաստել Գավառի տարածաշրջանի առնվազն թվով 40 հոգևոր կոթողների արտաքին տեսքի մաքրությանը և հետագա պահպանմանը՝ մաքրման աշխատանքների, համայնքներում վերահսկողություն սահմանելու և տեղաբնակների գիտակցվածության մակարդակի վրա ազդեցություն գործելու միջոցով։

-Քանի՞ անդամ ունի նախաձեռնությունը և ովքե՞ր են նրանք:

-Ծրագրի անդամները Գավառի տարածաշրջանի տարբեր համայնքներից են, թվով 16 հոգի, գումարած ծրագրի ղեկավարը և համակարգողը:Անդամները սովորում են Գավառի և Երևանի համալսարաններում։ Թիմում կան նաև դպրոցական անդամներ։

Սակայն ծրագրի իրականացման ընթացքում մեզ էին միանում նաև մի քանի դպիրներ։

-Մինչև սկսելը ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացրել նախապատրաստական փուլում:

-Նախ և առաջ կատարվեց նախնական հետազոտություն, այնուհետև թիմն իրականացրեց Գավառի տարածաշրջանի եկեղեցիների, վանքերի և մատուռների քարտեզագրում, որի արդյունքում բացահայտվեցին ընդհանուր թվով 40 հոգևոր կառույցներ։ Հաջորդիվ թիմի ղեկավարի անունից հարցում ուղարկվեց ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և Մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն՝ ստանալու համար Գավառի տարածաշրջանի հոգևոր կոթողների ամբողջական ցանկը:

Ծրագրային նախնական հետազոտությունն արդյունավետ իրականացնելու համար թիմը ձեռնամուխ եղավ անցկացնելու տեսաձայնային հարցումներ Գավառի տարածաշրջանի թվով 25 բնակիչներից` հասկանալու համար համայնքի բնակչության տեղեկացվածության մակարդակն իրենց իսկ համայնքում առկա հոգևոր կոթողների, դրանց ընդհանուր վիճակի և հարակից տարածքների մաքրության վերաբերյալ։ Հոգևոր կոթողների հարակից տարածքների մաքրության վերաբերյալ վերահսկողություն սահմանելու համար թիմի անդամները նաև ուսումնասիրեցին օրենսդրական դաշտը։ Այնուհետև ձեռք բերվեց նյութատեխնիկական բազա։

-Քա՞նի հոգևոր կոթողներում են իրականացվել մաքրման աշխատանքներ:

-Մաքրման աշխատանքներ իրականացվել են թվով 40 հոգևոր կոթողներում։

-Ծրագրի իրականցման շրջանում, որևէ խնդրի բախվե՞լ եք:

-Ի ուրախություն ինձ և թիմիս անդամների, իրականացման շրջանում խնդիրների չենք բախվել, խանգարող հանգամանք կարող էին լինել եղանակային վատ պայմանները։

-Ծրագիրն ինչպիսի՞ արձագանքներ էր ստանում տեղաբնակների կողմից:

-Հպարտությամբ կարող եմ նշել, որ տեղաբնակներից շատերը միանում էին մաքրման աշխատանքներին, տատիկ-պապիկները օրհնում էին մեզ, գովեստի խոսքեր էին ասում, որը ոգևորում էր թիմի անդամներին։

-Ի՞նչ է նախատեսված ծրագրի ավարտին:

-Ծրագրի ավարտից հետո թիմի անդամներով հանդես եկանք ամփոփիչ բեմադրությամբ։ Բեմադրության սցենարի հեղինակն էր թիմի անդամ Լյուդմիլա Աբրահամյանը։ Ամփոփիչ բեմադրությունը կայացավ Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում, որին ներկա էին տարածաշրջանի դպրոցների աշակերտները, համայնքապետերը և այլք։ Իսկ վերջում,  նախատեսցած է գագաթնաժողով ,որի ժամանակ, տեղի է ունենալու ամփոփիչ միջոցառում, ներկայացնելու ենք հաշվետվություն։

-Արդյո՞ք ծարագիրն ունենալու է շարունակական բնույթ:

-Իհարկե, ծրագրի շարունակականությունը կապահովեն համայնքի բնակիչները, որոնք կմասնակցեն աշխատանքներին ու համայնքում որոշումներ կայացնելու իրավունք ունեցող անձինք, ովքեր կապահովեն հոգևոր կոթողների հետագա տեսքի պահպանման և բարելավուման հսկողությունը։ Տարբեր տեղեկատվական միջոցներով տարածված ինֆորմացիան ու հանրայնացումը արդեն մոռացված և ոչ հայտնի կոթողներին կտան նոր շունչ։ Վարչական տույժի գործարկումը կնպաստի հոգևոր կոթողների արժեքայնության հետագա պահպանմանը։

Անժելա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել