«Երևանը արցունքներին հավատում էր». իրադարձությունների էպիկենտրոնը՝ հոկտեմբերի 27

«Երևանը արցունքներին հավատում էր». իրադարձությունների էպիկենտրոնը՝ հոկտեմբերի 27

1062

«Երևանը արցունքներին հավատում էր»․ այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր գեղարվեստավավերագրական ֆիլմը: Սցենարի հեղինակը նույնպես Հայկն է:

Ֆիլմի էպիկենտրոնը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունն է, որի շուրջ կատարվում են իրադարձություններ Հայաստանում և  Հայաստանից դուրս։ Առաջին ֆիլմն է,  որ անդրադարձել  է այս թեմային: Ըստ Հայկի՝ սա այն ֆիլմն է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն, քանի որ ֆիլմում կան մարդկային ճակատագրեր, կենցաղ, քաղաքային պատմություններ և այլն։ Ֆիլմը մեր ողջ իրականության մասին է, նրա, թե ինչպիսին են անցյալը, ներկան և հնարավոր ապագան։

Jurnalist.am-ի հետ զրույցում այն հարցին, թե երբ և ինչպես է առաջացել այս թեմայով ֆիլմի գաղափարը, Հայկը պատասխանեց. «Ֆիլմի մտահղացումը վերջնականապես ձևավորվել է այն ժամանակ, երբ մանկությունից եկած տպավորություններս, ազդեցությունները կուտակվեցին և հասան մի կետի, որտեղ ես ցանկացա իմ հիշողությունները ռեժիսուրայի մակարդակով ցուցադրել հանդիսատեսին: Ես 6 տարեկան էի։ Տան հատակին նստած մեքենա էի քշում, երբ «Հայլուրը» հայտարարեց արտակարգ թողարկում: Ճիշտ է, փոքր էի, սակայն հասկանում էի, որ երկրում ինչ-որ վատ բան է տեղի ունենում: Ամեն օր տեսնելով Ազգային ժողովի այս սարսափազդու կադրերը՝ առաջին դասարանում անընդհատ նայում էի դռան կողմը և մտածում, որ մոտակա րոպեների ընթացքում մարդիկ կմտնեն ավտոմատներով ու կսպանեն ինձ և դասընկերներիս: Այս պատմությունը սերնդի հոգեբանության վրա թողնված հետքն է, իսկ ես բնույթով տպավորվող մարդ եմ»:

«Բացասական արձագանքները և քննադատությունները անհանգստություն չեն առաջացնում,- ասաց իր խոսքում Հայկը  և հավելեց.- ես բառի ոչ բուն իմաստով պաշտում եմ քննադատվելը, ես շատ եմ սիրում, երբ ինձ և իմ ֆիլմերը քննադատում են: Սա արդարանալու կամ պաշտպանվելու ձև չէ, ուղղակի մեր երկրում մեկը նկարում է, տասը՝ քննադատում: Բոլորը քննադատողներ են. նկարողներն ու աշխատողներն են քիչ: Բայց առհասարակ բացասական արձագանքներն ինձ կոփում են։ Ես կարծում եմ, որ ռեժիսորները ոչ վախկոտ մարդիկ պետք է լինեն»:

Իսկ թե ֆիլմը երբ կհանձնվի հանդիսատեսի դատին, Հայկը պատասխանեց. «Ցանկանում էինք, որ լիներ հենց հոկտեմբերի 27-ին, սակայն ֆիլմի պրեմիերայի հետ դեռ անորոշություն կա՝ պայմանավորված տեխնիկական մի քանի պատճառներով և համավարակով, և դեռևս փնտրում ենք ֆիլմը մատուցելու ճիշտ ձևը, քանի որ չեմ կարծում, որ սա այն ֆիլմն է, որի պրեմիերան կարելի է շոուի մակարդակով անել»: Վերջում Հայկը նշեց, որ ֆիլմը որևէ կապ չունի «Մոսկվան արցունքներին չէր հավատում» ֆիլմի հետ:

Անուշ Բաբայան           

2-րդ կուրս                  

Կիսվել