Ինչպես սկսել սեփական բիզնեսը երիտասարդ տարիքում, առաջին քայլերը․ հարցազրույց բիզնեսփորձագետի հետ

Ինչպես սկսել սեփական բիզնեսը երիտասարդ տարիքում, առաջին քայլերը․ հարցազրույց բիզնեսփորձագետի հետ

1302

Վերջին շրջանում երիտասարդներին ամենահետաքրքրող թեմաներից մեկը նոր բիզնես սկսելն է։ Ինչից սկսել, ինչպես չսխալվել, ինչ դժվարությունների և առավելությունների կարող են հանդիպել երիտասարդները նոր բիզնես սկսելիս։ Այս և այլ հարցերի մասին մեզ պատմում է Երևանի մարքեթինգի և վաճառքի ակադեմիայի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ավագ դասախոս, բիզնեսփորձագետ Վահե Այվազյանը։

-Ինչպե՞ս սկսել բիզնես, երբ ունենք միայն գաղափար, ինչպե՞ս հասկանալ՝ մեր գաղափարը գումար կբերի, թե՝ ոչ։

-Եթե ունենք որևէ գաղափար, որը կարծում ենք կարող է աշխատող լինել և մեզ շահույթ բերել, պետք է սկսենք մանրամասն ուսումնասիրել այդ ոլորտը, տվյալ ոլորտի պատմությունը։ Եթե ապրանք է՝ ոնց է արտադրվում, ինչ պրոցեսներ է անցնում։ Այսինքն առաջին քայլը ոլորտի մանրամասն ուսումնասիրությունն է:

-Եթե, օրինակ, վերցնենք հագուստ, ինչի բիզնեսով շատերը Հայաստանում արդեն զբաղվում են, կունենա՞ այդ ապրանքի բիզնեսը աճ, թե պետք է վերցնել հասարակության համար նոր մի բան, որը չկա։

-Հակառակը, ես հակված եմ, որ նոր բան ստեղծելը էքսպերիմենտալ բնույթ ունի։ Դժվար է մարդկանց 0-ից ծանոթացնել որևէ ապրանքի հետ։ Երբ վերցնենք լրիվ անծանոթ ապրանք, բավականին մեծ ռեսուրս պետք է ներդնենք, որ մարդկանց մոտ դրա օգտագործման մշակույթը ձևավորվի։ Իսկ եթե վերցնենք մարդկանց շատ ծանոթ մի բան՝ օրինակ պաղպաղակ, հավելյալ միջոցներ օգտագործելու կարիք չի լինի։ Այսինքն, գումար աշխատելու համար ավելի հեշտ է սկսել արդեն ծանոթ ապրանքից կամ ծառայությունից։ Նոր մշակույթ ստեղծելը ֆինանսների հետ կապ ունի, իսկ երիտասարդները սկսում են բիզնեսը հիմնականում փոքր գումարից։

-Ինչպե՞ս հասկանանք, որ «ճիշտ› ապրանք կամ ծառայություն ենք ընտրել և մեր նոր բիզնեսը շահույթ կբերի։

-Կարող ենք դիմել հատուկ ընկերության, որը կզբաղվի այդ շուկայի ուսումնասիրությամբ, պրոդուկտի հիման վրա հարցումներ կիրականացնի։ Կարող են երիտասարդները իրենք փորձել՝ սեփական սոցիալական ցանցերում ընկերական հարցումներ իրականցնելով։ Սակայն, եթե ավելի մեծ ծավալի հարցման կարիք կա, պետք է աշխատեն մասնագետները։ Քանի որ, եթե մասնագետ չեն՝ սոցիոլոգ, մարկետոլոգ, հավանականությունը մեծ է, որ կսխալվեն։ Լինում են նաև դեպքեր, երբ ապրանքը լրիվ նորություն է լինում մարդկանց համար։ Օրինակ, Sony ընկերությունը տարիներ առաջ ցանկացել էր Sony player-ներ արտադրել։ Դա փոքրիկ սարք էր, որը միանում էր ականջակալներին և ամրացվում գոտուն։ Նման բան առաջին անգամ արտադրել է Sony ընկերությունը, որպեսզի մարդիկ կարողանային երաժշտությունը իրենց հետ տեղափոխել։ Նախքան արտադրությունը, իրականացրին հարցումներ, բայց մարդկանց մեծ մասի կարծիքը բացասական էր նոր սարքի վերաբերյալ։ Ընկերությունը որոշում է ամեն դեպքում արտադրել player-ները և շատ մեծ վաճառքներ է ունենում։ Այդ դեպքում հնարավոր է, որ հարցումները սխալ աշխատեն, ինչպես որոշ ընկերությունների հետ է պատահում։ Երբ լրիվ նոր ապրանքի են փորձում վաճառել, ես խորհուրդ կտամ մի քանիսը պատրաստել, նվիրել և արդյունքը տեսնել։

-Սոցիալական ո՞ր հարթակն է ավելի հարմար և շահավետ օնլայն բիզնես սկսելու համար։

-Կախված է մեր վերցրած ապրանքից կամ ծառայությունից։ Եթե երիտասարդական բիզնես վերցնենք ՝ փոքրիկ տորթեր, թխվածքներ, հագուստ, միջոցառումների կազմակերպում և այլն, ավելի հարմար հարթակ է Ինստագրամը։

-Այդ պարագայում կարևորու՞մ ենք, որ ՍՄՄ մասնագետը վարի բիզնես էջը։

-Եթե փոքր բիզնես է, սկզբնական շրջանում երիտասարդներն իրենք էլ կարող են։ Ավելի ծանրակշիռ բիզնեսի պարագայում բրենդինգի անհրաժեշտություն է առաջ գալիս։ Դրանով պետք է զբաղվի մասնագետը` աճ և հայտնիություն ունենալու համար։ Օրինակ, մի նորաբաց խանութի պարագայում, որտեղ ներկայացվում էր ռազմական ոճի հագուստ, սկզբնական շրջանի սխալի պատճառով սպառողների մոտ բացասական կարծիք էր ձևավորվել։ Շապիկների վրա պատկերել էին Հայաստանի քարտեզը՝ որոշ վերապահումներով, ինչն անմիջապես բացասական ազդեցություն էր ունեցել։ Նման դեպքերում պետք է մասնագետները աշխատեն։ Որովհետև, եթե սկզբնական շրջանում սխալվում են, ուղղվելը դժվար և երկարաժամկետ կարող է լինել։

-Երբ արդեն ունենք մեր օնլայն բիզնեսը, ո՞ր ամսից սկսենք վաճառքը, որպեսզի աճ ունենանք։

-Դա ևս կախված է տվյալ ապրանքից։ Օրինակ, մթերային խանութի համար կարևոր շարժառիթ կլինի Նոր տարին։ Պաղպաղակի բիզնեսի դեպքում կարող ենք սկսել գարնանը, նույնիսկ, ձմռան վերջից կարող ենք սկսել գովազդներով տեղեկացնել մարդկանց։ Եթե ծառայություն է, օրինակ կրթական ոլորտի հետ կապված, պետք է սկսենք սեպտեմբերին կամ մարտին։ Կախված է մեր բիզնեսից, կարող ենք վերլուծել և հասկանալ` տվյալ բիզնեսի համար որը կլինի լավագույն ժամանակը։ Սրճարանի դեպքում կբացենք փետրվարին և ավելի ուշ, քանի որ տարվա այդ շրջանում՝ Նոր տարվանից հետո, բիզնեսի տեսանկյունից ավելի շահավետ կլինի։

Իսկ առհասարակ ե՞րբ սկսենք բիզնես։

-Երբ հոգեպես, էմոցիոնալ առումներով պատրաստ ենք դժվարությունների, կորստի, շատ դեպքերում չստացվելուն։ Ե՛վ ֆինանսական, և՛ երազանքների, նպատակների կորուստ կարող ենք ունենալ։ Պետք է պատրաստ լինել ցանկացած դժվարության և համբերությամբ հաղթահարել դրանք։

Ամենաքիչը որքա՞ն գումար է անհրաժեշտ փոքր օնլայն բիզնես սկսելու համար։

-Եթե միայն օնլայն տարբերակով քննարկենք, կարող ենք անգամ առանց գումարի սկսել։ Կարող ենք խոսել մի ընկերության հետ, որոշ քանակի հագուստ պատվիրել, ապա ամենամսյա շահույթից վճարել նաև տվյալ ընկերությանը։ Մեկ այլ տարբերակով, կարող ենք ներդնող գտնել, ով կօգնի նոր սկսվող բիզնեսի աճին։ Բիզնեսի ընտրության հարցում խորհուրդ կտամ ընտրել արդեն շատ ծանոթ և հոգեհարազատ մի բան։ Պետք է հաշվի առնել, որ, օրինակ, գեղեցկության սրահ բացում է բազմամյա փորձ ունեցող վարսահարդարը, հրուշակեղենի խանութ – սրճարան բացում է հրուշակագործը ։ Պետք չէ մտնել անծանոթ ոլորտ՝ բիզնես սկսելու համար։ Հակառակ դեպքում հավանականությունը շատ քիչ կլինի, որ բիզնեսը հաջողություն կունենա։

Արաքս Հագեյան

3-րդ կուրս

Կիսվել