Մրգաշատի դպրոցի «պատերը»

Մրգաշատի դպրոցի «պատերը»

515

Առաջին հայացքից սրանք ինչ-որ սարսափ ֆիլմ կամ անտերության մատնված շենք հիշեցնող պատկերներ են, բայց ոչ, այստեղ են սովորում Մրգաշատցի 400-ից ավել մանուկներ և պատանիներ:

Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի 2-րդ միջնակարգ դպրոցը կառուցվել է 1982 թվականին։ Տարիներ առաջ փոխվել է տանիքը,  և մինչ օրս  դպրոցն իր ուժերով կարողացել է վերանորոգել միայն մուտքի դռները և մարզադահլիճի պատուհանները: Ուսուցիչների մեծ մասը մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք արդեն սովոր են այս պայմաններին, կարևորը երեխաները որակյալ կրթություն ստանան: 

«Հիմնովին վերանորոգման կարիք ունի։ Գոնե սանհանգույցը  ներսում լինի․ ամոթահար ստիպված գնում ենք դրսում կանգնում և սպասում, թե երբ է դասի զանգը հնչելու՝ երեխաները գնան ներս, որ օգտվենք սանհանգույցից»,- պատմեց ուսուցիչներից մեկը։

«Կառավարությունը մի քանի տարի առաջ որոշեց վերանորոգել դպրոցը, բայց քանի որ  գյուղն ունի երկու դպրոց, և, կարելի է ասել, երկուսն էլ նույն վիճակում են, որոշեցին մեկ դպրոց կառուցել»,- ասաց հաջորդ զրուցակիցս, իսկ մեկ այլ ուսուցիչ հակադարձեց. «Ոնց կարող ենք մեկ դպրոց ունենալ, եթե գյուղի բնակչությունը 5000-ից անցնում է, տարածքն էլ բավականին մեծ է: Ես այլևս առաջվանը չեմ, նույն ավյունը չունեմ, ուր մնաց կարողանամ 20-30 րոպե ոտքով ճանապարհ անցնել»։

Զրուցեցինք նաև դպրոցի տնօրեն Էլմիրա Գևորգյանի հետ, որը 2020 թ․-ից է ստանձնել պաշտոնը: «Մենք ունենք ջեռուցում, բայց պատուհանների անմխիթար վիճակը թույլ չի տալիս, որ ջեռուցումը կանոնավոր լինի»,- ասաց տիկին Գևորգյանը, իսկ այն հարցին, թե արդյոք դպրոցը մինչ օրս հովանավոր չի ունեցել, պատասխանեց. «Մենք հենց հիմա որոնում ենք հովանավոր, բայց դեռ փնտրում ենք։ Իհարկե, կառավարությունն օգնեց տանիքի հարցում»։

Քրիստինե Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել