«Այսօր հայկական որևէ այլ բուհում նման Մշակույթի կենտրոն գոյություն չունի». ԵՊՀ Մշակույթի...

«Այսօր հայկական որևէ այլ բուհում նման Մշակույթի կենտրոն գոյություն չունի». ԵՊՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կ. Դավթյան

840
Լուսանկարը՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի

Երևանի պետական համալսարանում  2006 թվականին ստեղծվել է Մշակույթի կենտրոն, որի առաջնահերթ խնդիրներն էին բուհի մշակութային կյանքի, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումների համակարգումը։  Կենտրոնի ստեղծման, զարգացման, հաջողությունների և ձեռքբերումների մասին զրուցել ենք Մշակույթի կենտրոնի հիմնադիր տնօրեն Կարինե Դավթյանի հետ։

-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել Մշակույթի կենտրոնը, և ինչպե՞ս սկսվեց գործընթացը։ 

-Մինչև Մշակույթի կենտրոն ստեղծելը ԵՊՀ Շրջանավարտների կենտրոնը ինձ հրավիրել էր ստեղծելու ուսանողական թատրոն։ Ես ստեղծեցի թատրոնը` «Համալսարանական»  անունով։

Առաջին ներկայացումը եղավ Վ. Սարոյանի  «Հե՜յ ով կա… պատասխանում է Ջիմ Դենդին» և միանգամից շատ սիրվեց։ Հաջորդը եղավ Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» երաժշտական ներկայացումը։ Այս երկուսը միանգամից ընդգրկվեցին «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի ցանկում և երկու բեմադրություններն էլ խաղացինք Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դահլիճում։ 

Այնուհետև իմ կողմից առաջարկ եղավ համալսարանում ստեղծելու Մշակույթի կենտրոն։  Որովհետև մինչ այդ, երբ ստեղծվեց «Համալսարանական»  թատրոնը, ուսանողների կողմից մեծ արձագանք այն ստացավ։  Դա արտահայտվում էր նրանով, որ անընդհատ տարբեր միջոցառումներ կազմակերպելու ժամանակ անպայման ինձ կանչում էին` տեսնելու իրենց աշխատանքը։ Դա շատ ցածր մակարդակ էր։ Ես մտածեցի, որ համալսարանին հարիր չէ, որ իր ուսանողները լինեն նման վիճակում և նրանց անպայման պետք է օգնել։  Այստեղից մտահղացավ գաղափարը, որ պետք է լինի Մշակույթի կենտրոնը։

Մեր ներկայացումների մեջ անմասն չեն մնում պարը, երգը, երաժշտությունը, նկարչությունը։ Այդ նպատակով ես տարբեր խմբակների եմ դիմել պարային ու երաժշտական բեմադրությունները կազմակերպելու համար։  Եվ այլևս որևէ մեկին չխնդրելու համար, ես ցանկացա ստեղծել հենց մերը։ Եվ ինչու՞։ Մանավանդ, որ համալսարանն ունի մեծ հնարավորություններ, ուսանողական ռեսուրսներ։ Առաջարկով դիմեցի ռեկտորատ։  Շուտով ծրագիրը ներկայացրի և 2006 թվականի հունիսի 16-ի համալսարանում Մշակույթի կենտրոն ստեղծելու մասին որոշում ընդունվեց։ Մենք հենց այդ օրն էլ համարում ենք մեր ծննդյան տարեթիվը։

-Ի՞նչ խմբակներ են սկզբնապես եղել, և որո՞նք են առաջացել ժամանակի ընթացքում։

-Կենտրոնի ստեղծումից անմիջապես հետո ստեղծվեց երգչախումբը, որի ղեկավարը եղավ Խորեն Պալյանը։ Նա մեծ սիրով ընդունեց առաջարկը` դառնալու երգչախմբի ղեկավար։ Ասում էր, որ  իր երազանք եմ իրականացնում։  

Ստեղծվեց պարային խումբ, որն այժմ ղեկավարում է Անի Հարոյանը  ։ Ապա ստեղծվեց Գրական ակումբը։ Ստուդիան ղեկավարում էր Սարգիս Մխիթարյանը, և ամեն տարի մենք գրական մրցույթներ ենք անցկացնում։  Շուտով ստեղծվեց Հանդիպումների ակումբը, որի շրջանակներում հրավիրում էինք անվանի մարդկանց, գիտնականների, արվեստի գործիչների, սպորտի աշխարհի և առհասարակ հայտնի և հետաքրքիր մարդկանց։ Այժմ այդ հանդիպումները անցկացնում ենք «Մեր մեծերը» շարքի շրջանակներում։   Ունեցանք նաև «Նիկե» կամավորական ջոկատը, «Կինոակումբը» և դեռևս  անցած տարի ստեղծված «YSU BAND»-ը։

-Ո՞ր ֆակուլտետներից են ուսանողները առավելապես հետաքրքրված Մշակույթի կենտրոնով։ 

-Ժուռնալիստիկայի ֆակուլտետը շատ ակտիվ է։ Ի սկզբանե եղել է և միշտ էլ կլինի` իմ կարծիքով։   Եվ զարմանալիորեն բավականին մեծ հոսք կա ոչ թե բանասիրության կամ պատմության ֆակուլտետներից, որոնք, թվում է, թե հումանիտար հոսքի ֆակուլտետներ են և ավելի շատ հետաքրքրասիրություն պետք է դրսևորեն, այլ հակառակը` մեծ հոսք կա բնական գիտությունների ֆակուլտետներից, օրինակ` մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի։  Նաև շատ ակտիվ է եվրոպական լեզուների ֆակուլտետը։

Ամենաքիչ ակտիվություն դրսևորում են իրավաբանները։ Չնայած այս տարի մի փոքր աճ եմ նկատում։ 

-Ինչպե՞ս եք գրավում ուսանողների ուշադրությունը և հետաքրքրասիրությունը` Կենտրոնը նորեկներով համալրելու համար։

-Մեզ համար շատ կարևոր են առերես հանդիպումները։ Մենք պետք է պատմենք, ասենք, թե ինչ է իրենից ներկայացնում Մշակույթի կենտրոնը։    Այդ նպատակով ամեն ուստարվա սկզբին բոլոր ֆակուլտետներում հանդիպումներ ենք կազմակերպում։    Իսկ ամենամյա իրականացվող «ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարաողությունը» կուլմինացիան է։

-Ի՞նչ մեծ հաջողություններ եք գրանցել Կենտրոնի գոյության 15 տարիների ընթացքում։

-Եթե այս հարցին գլոբալ նայենք, ապա մեծ հաջողությունը Մշակույթի կենտրոնի գոյությունն է։ Այսօր հայկական որևէ այլ բուհում նման Մշակույթի կենտրոն գոյություն չունի։  Սա ես համարում եմ ամենամեծ ձեռքբերումը։

Եվ առհասարակ մենք շատ հաջողություններ ենք ունեցել։ Օրինակ` վերջերս կայացած «Baltic voice»-ում մեր հաղթանակը։ Երբ արտասահմանում բացարձակ տարբեր ազգերից ու մշակույթներից տարբեր մարդիկ հավաքված միասին ընտրում են մեր մասնակցին` որպես լավագույնից լավագույնը։ Դա իսկապես մեծ հաջողություն էր ոչ միայն մեզ համար, այլև մեր երկրի։ Ես շատ ոգևորված եմ մեր մասնակցությունից, որովհետև  բացարձակ ցուցադրվեց, երևաց այս տարիների աշխատանքը։

-Համագրոծակցո՞ւմ եք արդյոք  ինչ-որ հարթակների, կազմակերպությունների հետ։ Ինչիպիսի՞ այլ հարթակների հետ կցանկանաք համագործակցել։

-Համագործակցություն կա Օպերայի, Դրամատիկական, Համազգային, Սունդուկյանի անվան թատրոնների,  թանգարանների, կոմպոզիտորների միության հետ, նաև անհատ գործիչների հետ, օրինակ` կոմպոզիտորներ Արամ Սաթյանի, Երվանդ Երզնկյանի, Մարտին Վարդազարյանի, Էդգար Գյանջումյանի,  նկարչուհի Աննա Հարությունյանի հետ։

Այսօր մենք համագործակցում ենք նաև Կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի հետ։

Բավականին լուրջ ծրագրեր արել ենք Պաշտպանության նախարարության հետ։  Տարիների ընթացքում մենք լուրջ մշակութային քարոզարշավ ենք իրականացրել  մեր սահմանային գոտում և Արցախում։ Այնտեղ գրեթե բոլոր զորամասերում համերգային ծրագրեր ենք ունեցել։  Արցախի համալսարանի հետ համատեղ արել ենք գրական մրցույթ։

Այսօր ես շատ կարևորում եմ մեր ստեղծած ռեսուրսների դուրս հանումը։  Եվ ես շատ կուզենայի, որ շատերը տեսնեին մեր աշխատանքները։ Եվ կարծում եմ` մենք արդեն հասել ենք այն որակի, որ մեր ստեղծածը դուրս հանենք, հայ մշակույթը դրսում պրոպագանդենք։  

Կարևոր է նաև  արտերկրում ընկալելի լինելու հարցը։ Շատ հաճախ արտասահմանում, երբ ասում ես, որ հայ ես, ասում են` ի՞նչ։  Ես չէի ուզենա, որ մենք միայն Ցեղասպանությունով աշխարհին հայտնի դառնանք, որովհետև մենք տաղանդավոր ազգ ենք, բարձր մշակույթ ունեցող ազգ ենք, մեզ պետք է այդպես ճանաչեն և մեզ հետ այդպես հաշվի նստեն։  Եվ դրա համար պետք է դրսում ցույց տանք մեր ունեցածը։

Լուսինե Արտակի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել