ՈւՀԱ-ն թարմ ուժերով վերդառնում է

ՈւՀԱ-ն թարմ ուժերով վերդառնում է

669

ԵՊՀ ՈւԽ Մշակույթի հանձնաժողովի ջանքերով ուսանողների այդքան սիրելի «Ուրախների ու հնարամիտների ակումբը» կամ, որ նույնն է, КВН-ը վերադառնում է նոր ասելիքով, շուրջ երկու տարվա լռությունը կոտրելու մտադրությամբ։

«Ունենալու ենք հաղթող ու մեծ շուքով նշելու ենք»,- ասում է Մշակույթի հանձնախողովի քարտուղար Մարի Զոհրաբյանն ու մանրամասնում, որ միջոցառումը կիրականացվի երկու փուլով՝ ավանդույթի համաձայն։ Առաջին փուլն անցկացվելու է նոյմբերի 22-27-ը, երկրորդ՝ եզրափակիչ փուլը՝ դեկտեմբերի կեսերին։

Ուսանողներին ավելի շահագրգռելու նպատակով  Մշակույթի հանձնաժողովը հնարավորություն է տվել ցանկացողներին հանդես գալ ինչպես թիմի կազմում, այնպես էլ որպես անհատ՝ հետագայում հավանության ստանալու դեպքում որևէ թիմի կազմում ընդգրկվելու նախապայմանով։

Հարցին, թե ովքեր են լինելու ժյուրիի անդամները, Մարին ժպտում է․ «Իրականում սա գաղտնիք է, որի մասին գիտեն ընդամենը երեք հոգի՝ Մշակույթի հանձնաժողովի նախագահը, փոխնախագահն ու քարտուղարը»։ Չակերտները մինչև վերջ չբացելով՝ վստահեցնում  է՝ լինելու են հայտնի դեմքեր։ Բացի դրանից, կլինեն նաև մենթորներ, որոնք լսումների փուլից հետո կաշխատեն մասնակիցերի հետ։ «Մենթորներն ու ժյուրիի անդամները տարբեր մարդիկ են լինելու»,- ասում է Մարին։

Խոսելով համավարակով պայմանավորված հավանական ձախողումների մասին՝ քարտուղարը հույս է հայտնում, որ ամեն բան հարթ կընթանա, քանի որ իրենք որոշել են նոր կենդանություն տալ շուրջ երկու տարի քնած ՈւՀԱ-ին։

«Յուրաքանչյուր նախագիծ սկսելիս էլ վախեր ու ռիսկեր լինում են, սակայն, ինչպես ասում են, ռիսկը գործի կեսն է»,- եզրափակում է Մարին ու մասնակիցներին հորդորում, որ աշխատեն ամբողջ ուժով, քանի որ իրենց սպասվում են մեգահետաքրքիր օրեր։ 

Մարիամ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել