Էջմիածնի սոցիալական խնդիրները. բնակիչներից քաղաքապետարանին

Էջմիածնի սոցիալական խնդիրները. բնակիչներից քաղաքապետարանին

1860

Ի՞նչ սոցիալական խնդիրներ ունի հոգևոր մայրաքաղաքը։ Քաղաքացիների շրջանում հարցում արեցինք, ապա պատասխաններից ցանկ կազմեցինք: Հետո կապ հաստատեցինք Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Պողոսյանի հետ՝ լսելու պաշտոնական պարզաբանումներ հարցերի վերաբերյալ։ Տիկին Պողոսյանին իբրև հարց ուղղեցինք հարցման ընթացքում ամենաշատ տրված պատասխանը, այն է՝ մի շարք շենքերի տանիքներ գտնվում են ոչ բարվոք վիճակում և ենթակա են վերանորոգման։ Խնդրեցինք պատասխանել, թե ինչ լուծումներ է տեսնում քաղաքապետարանը։

«Քաղաքապետարանում ընթացակարգն այսպիսին է․ բնակիչն իր խնդիրը, բողոքը և առաջարկը դիմումի միջոցով ներկայացնում է սպասարկման բաժին։ Դիմումը հաշվառվում է, և ըստ դիմումի ժամկետի՝ այդ խնդրին լուծում է տրվում քաղաքացու և քաղաքապետարանի միջոցով։ Այսինքն՝ տվյալ դեպքում քաղաքապետարանը տրամադրում է անհրաժեշտ գույքը, իսկ քաղաքացին իր միջոցներով վերանորոգում է այն։ Այս պահի դրությամբ քաղաքապետարանում տանիքաշինության հարցով բազմաթիվ դիմումներ կան, որոնք ըստ հերթականության գտնում են իրենց լուծումը»,- ասաց Մ․ Պողոսյանը։

Անդրադարձանք նաև այն թեմային, որ Եղիշե Չարենց թաղամասի բնակարաններում էլեկտրաէներգիայի վթարի հետ կապված պարբերաբար անջատումներ են լինում, որը կապված է Արտիմետ և Խորոնք գյուղերի ենթակայանին միացնելու հետ։ Մինչև ե՞րբ են բնակիչները առնչվելու այս խնդրին, ե՞րբ վերջնականապես լուծում կտրվի այս հարցին։ Տիկին Մարիամից ստացանք հետևյալ պատասխանը. «Նման հարցերով զբաղվում է ՀԷՑ-ը: Քաղաքապետարանի իրավասության  և ենթակայության տակ չեն գտնվում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները, սակայն քաղաքացիները բազմիցս դիմել են մեզ, իսկ մենք մեր հերթին քաղաքապետարանի մակարդակով քաղաքացիների ձայնը բարձրացրել ենք՝ դիմելով ՀԷՑ-ին»։

Թափառող շների գոյությունը և ակտիվությունը՝ հատկապես գիշերը, անհանգստություն է պատճառում քաղաքացիներին: Քաղաքապետարանն էլ է բազմիցս փաստել, որ սա ամենաշատ քննարկվող թեման է դարձել կարծես, բայց ժամանակ է հարկավոր լուծման համար: Ցանկացանք պարզել՝ ո՞րն է սահմանված ժամանակը։ «Էջմիածինը քաղաքային բյուջեյով  շների ստերջացում իրականացնող թվով երկրորդ համայնքն է եղել Երևանից հետո։ Ցավում եմ, որ քաղաքապետարանը չունի հնարավորություն՝  կացարաններ ստեղծելու թափառող շների համար, բայց մենք ընտրել ենք ստերջացման ճանապարհը, որն իր արդյունքը կտա, բայց որոշ ժամանակ հետո, քանի որ ստերջացված շները չեն կարող ունենալ սերունդ: Նշեմ նաև, որ նրանք անվտանգ են, և վախենալ պետք չէ ստերջացված շներից: Սակայն դեռ չենք կարող համարել, որ խնդիրն ամբողջությամբ լուծվել է, քանի որ ծրագիրը դեռ շարունակվում է»,- պատասխանեց մամուլի քարտուղարը։

Ինչևէ, կենդանիները սովոր են բնությանը և կարող են նաև դրսում բնակվել, սակայն անօթևան մարդիկ, որոնց հանդիպում ենք հենց քաղաքի կենտրոնում, դժվարությամբ են գոյատևում, իսկ առջևում ձմեռ է: Տիկին Մարիամն այս խնդրին անդրադարձավ մեծ ցավով և ասաց. «Քաղաքապետարանն իր բալանսին բնակարաններ չունի, և նմանատիպ հարցերով արդեն սոց-նախարարությունն է զբաղվում։ Մենք դիմումների հիման վրա աջակցում ենք բավականին շատ ընտանիքների, որոնք սոցիալապես անապահով են: Օգնությունը երբեմն սնունդ է, երբեմն գումար: Դա արդեն կախված է ավագանու որոշումից»:

Անուշ Բաբայան

2-րդ կուրս

Կիսվել