Պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը Հայաստանում

Պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը Հայաստանում

567

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի կինոգործիչների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը։ 30 տարի անց Կինոյի տունը նորից մարդաշատ էր։ Վերանորոգված շենք, կարմիր գորգ, հայկական ֆիլմերի նկարներ։ Միջավայրը միանգամայն արվեստային էր։

Գիլդիաները պատմությունից հայտնի են որպես արհեստավորների և վաճառականների միություններ՝ համքարություններ, որոնք որոշակի տարածքում վերահսկում էին իրենց ոլորտի գործունեությունը։ Ամերիկայում ստեղծվել են առաջին կինոխմբավորումները` կինոգիլդիաները։ Այժմ Հայաստանում այս անունով մրցանակաբաշխություն ունենք։

Հյուրասիրությունից հետո մրցանակներով դահլիճը սպասում էր հայաստանյան կինոաշխարհին` հագուստների մոդելավորողներից մինչև պրոդյուսերներ։ Նոմինացված էին 2018, 2019, 2020 թվականներին էկրանավորված ֆիլմերը։ «Սկզբում ամեն ինչ հարթ չընթացավ։ Կինոգործիչներն իրար միս էին ուտում՝ ռեժիսորները դերասանների, սցենարիստները՝ ռեժիսորների, պրոդյուսերները՝ այս երեքի, հովանավորները՝ իրար։ Վեճերը թեժանում էին, որովհետև մեջը փող կար»,- բացման խոսքում ասաց հաղորդավար Արմեն Մարգարյանը, որից հետո իր ելույթում կինոռեժիսոր, Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ մրցանակաբաշխության ստեղծման հետ կապված կասկածներ է ունեցել, քանի որ շատ բարդ ժամանակներ են։ «Հայկական կինոյում ոչ մեկը ոչ մեկին չի սիրում։ Բոլորն իրար համարում են անտաղանդ, բոլորն իրենց համարում են հանճարեղ, և չկա մեկը, որ մյուսի հետևից ասում է, որ նա անտաղանդ է»,- կատակեց կինոռեժիսորը։

Մեկ րոպե լռությամբ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելուց հետո սկսվեց մրցանակաբաշխության գլխավոր մասը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա տարին երկու անգամ։ Նպատակը ոչ միայն լավագույն աշխատանքի համար կինոգործիչներին մրցանակ շնորհելն է, այլ նաև երաժիշտներին, սցենարիստներին, հագուստի մոդելավորողներին, օպերատորներին, որոնց համար սա առաջին մրցանակաբաշխությունն է։

Մրցույթին մասնակցել են բացառապես գիլդիաների անդամները։ Ամեն գիլդիա ինքն է սահմանել քվեարկության ձևը և որոշել լավագույններին, իսկ լավագույններն աշխատել են 2018, 2019, 2020 թվականների արտադրության ֆիլմերում։ Գիլդիաները հինգն են` կինոպրոդյուսերների, կինոսցենարիստների, կինոռեժիսորների, կինոօպերատորների, կինոնկարիչների։

Արման Միտոյանը՝ «Անհայտ բաժանորդ» և «Անատոլիական պատմություն», Կարինե Սիմոնյանը` «Նոր տարվա գոճի», Արթուր Ուստյանը`  «Որբություն», Միհրան Ստեփանյանը` «Թողություն» և շատ ուրիշներ ուրիշ  ֆիլմերի համար պարգևատրվեցին մրցանակներով։

Մրցանակները շնորհված էին, կազմակերպիչները հրաժեշտ տվեցին հայաստանյան կինոաշխարհի ներկայացուցիչներին՝ նոր ֆիլմերի ակնկալիքով։

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել