ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

1989

Սննդամթերքի անվտանգությունը մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովումն է: Հայաստանի Հանրապետությունում  կա սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Սննդամթերքի անվտանգության պահպանման գործում կան խախտումներ, որոնց հետ անմիջականորեն առնչվում են սպառողները: Խախտումներից խուսափելու համար պետք է ուշադրություն դարձնել ապրանքի մակնշմանը, պիտանելության ժամկետին, սննդամթերքի կեղծմանը, սանիտարահիգենիկ պայմաններին: Սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի և սննդային հավելումների փաթեթավորումը և մակնշումը չպետք է վնասված լինեն: Հում մսեղիքի վաճառք կարող է իրականացվել միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնի առկայության դեպքում: Այս բոլոր կանոնները իմանալով` սպառողը կխուսափի վտանգավոր սննդից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը զրույցում նշեց հաճախ հանդիպող խախտումները, որոնք վնասակար ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա և կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդություններ.

-Մարդկանցից քչերն են լվանում ձուն գնելուց հետո: Սա հիգենայի կանոնների խախտում է, ձուն պետք է լվանալ օճառով, այնուհետև պահել սառնարանում: Հաջորդ խախտումը, որը շատ է հանդիպում առօրյայում, նույն տախտակի վրա տարբեր սննդամթերք կտրատելն է. առաջանում են մանրէներ, որոնք սննդի միջոցով անցնում են մարդու օրգանիզմ: Յուրաքանչյուր մթերք կտրատելուց հետո անհրաժեշտ է լվանալ տախտակը, այնուհետև կտրատել հաջորդ սնունդը: Կանոնները պետք է պահպանել հատկապես հում միս կտրատելուց հետո,- մեզ հետ զրույցում նշեց Լուսինե Դավթյանը:

Այս խորհուրդներին գումարվեց նաև հաց ուտելուց առաջ ձեռքերը պարտադիր օճառով լվանալը, քանի որ մանրէները տարածվում են ամենաշատը կեղտոտ ձեռքերի միջոցով:

Այժմ հանրապետության տարբեր տարածքներում կարելի է հանդիպել փողոցում առևտուր անողների: Սպառողները պետք է իմանան, որ փողոցային առևտուրը արգելված է: Այդ շղթայում շրջանառվող և իրացվող սննդամթերքի ծագման աղբյուրը հասկանալը կամ բացահայտելը գրեթե անհնար է:

Սոցիալական հարցումների արդյունքում պարզվել է, որ գնորդների 54%-ը մթերք է գնում փողոցային առևտրի պայմաններում: Փողոցային առևտրի վայրերից գնումներ կատարելուն ավելի քիչ են հակված Երևանում (33%), իսկ ավելի շատ` մարզերի քաղաքներում (61%) ու գյուղերում (72%):

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ կարևորում են երեք գործոններ`պիտանելիության ժամկետ (մարդկանց  68%-ը), մթերքի թարմություն (39%), որակ (36%):

Պետք է լինել ավելի հետևողական, պահպանել հիգենայի կանոնները խուսափելու համար սննդի միջոցով առաջացող վտանգներից:

 

 

Շահանե Բաղդասարյան

4-րդ կուրս

Կիսվել