Հանրային ռադիոյում ահա այս խոսքերով գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն ազդարարեց ռադիովարպետության աշնանային դպրոցի ավարտը, որին մասնակցում էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները`թվով 26 հոգի:
Դեռևս հոկտեմբեր ամսին էր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության միջև կնքվել համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ ուսանողների համար կկազմակերպվեն արդյունավետ գործնական աշխատանքներ:
Այն, ինչ թղթին հանձնվեց, նաև արագ իրագործվեց: Ուսանողներն այս անգամ հնգօրյա դասեր ստացան Հանրային ռադիոյում հենց ռադիոաշխատողների կողմից: Սարգիս Նաջարյանը բեմական արվեստից, Արմինե Գևորգյանը պատերազմի դաշտում իրադարձությունների լուսաբանումից, իսկ Կարինե Գևորգյանը մանկական լրագրությունից խոսեցին:
Հայտնի նաջարյանական ձայնը հանդիպման երրորդ օրը հանդես եկավ նաև դեմքով ու տեսքով: Ուսանողները պատմեցին, որ լսել է յուրաքանչյուրի ձայնն ու խոսքի առոգանությունը, մասնագիտորեն ներկայացրել` ինչպես կարելի է ձայնի միջոցով գրավել և ազդել հանդիսատեսի վրա, ինչպես իր «Խոսում է Երևանը»:
Ուսանողները մեզ հետ զրույցում նշեցին, որ ամեն դասից հետո իրենք բանախոսներին առաջարկում էին դասավանդել նաև ֆակուլտետում: Մասնակիցներից Մարիամ Անտոնյանը հավելեց, որ բանախոսներն ասում էին չլսված բաներ, որոնք ամենաանհրաժեշտն ու կարևորն են իրենց համար:
Ըստ բանախոսների՝ ռադիոն միայն աշխատանքի վայր չէ, այլ նաև հարազատ միջավայր ու ընտանիք: Ջերմ էր մթնոլորտը նաև ուսանողների համար: Մասնակիցներից Օֆելյան ասաց, որ իրենց այստեղ բոլորը գործընկերներ էին անվանում: «Շատ հաճելի էր նրանցից լսել «հարգելի գործընկերներ» արտահայտությունը. կարծես խմբագրության աշխատողներ լինեինք, որ օրվա վերջում երկժամյա ամփոփում էր իրականացնում կլոր սեղանի շուրջ»:
Հնգօրյա դասերի ավարտից հետո մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ: Գործադիր տնօրենը հենց այդ ժամանակ էլ ուսանողներին մաղթեց, որ այս վկայագրերը, անցաթղթերը և անգամ անձնագիրը պետք չգան, որ նրանց հիշեն դեմքով ու անունով:
Իսկ վերջում ուսանող-գործընկերները ստեղծեցին ռադիոյին համահունչ լրագրողական միջավայր: Մեկը Գարեգին Խումարյանից հարցազրոյց էր վերցնում ռեպորտաժի համար, մեկը Լիլիթ Աղբալյանից էր կարծիք հարցնում, մյուսն էլ փորձում էր թաքնված կադրեր որսալ տպագիր մամուլի համար:
Նկարը՝ Երևանի պետական համալսարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից
Անահիտ Ղազարյան
2-րդ կուրս